ԱԶԱՏ ՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐԴՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԸ

 

 

 

 

 

 

 

Կարող էիր, ո՜վ Տեր,
անտառում մեզ ծառ ստեղծել, կամ գառնուկ՝ դաշտում.
Կարող էիր մեզ Պատմության թատերաբեմում ցատկռտող խամաճիկներ ստեղծել,
և Դու Ինքդ քաշելով թելերը մեր հլու անդամների,
անսխալ կներկայացնեինք մարդկային կատակերգությունը:
Բայց մենք Մարդ ենք, ինքնիշխան և ազատ,

Շնորհակալություն, ո՜վ Տեր,

Որ չուզեցիր մեզ որպես շքեղ խաղալիքներ ստեղծել
երկնաբնակներին զվարճացնելու համար,
Այլ որպես որդիներ՝ Քեզ սիրելու,
և որպես եղբայրներ՝ միմյանց սիրելու համար:


Կարող էիր, ո՜վ Տեր, մեզ գեղեցիկ ու պատրաստ աշխարհ նվիրել,
ուր փնտրելու ոչինչ չէր լինի և ոչինչ չէր լինի գտնելու,
կատարյալ քաղաքներ և սանձված գետերի վրա գցված կամուրջներ,
կառուցված բնակարաններ և հարթված լեռների վրայով անցնող ճանապարհներ,
դրախտային գործարաններ հլու աշխատավորների համար,
կիրարկելիք ծրագրեր, որոնցում բացառվում է սխալի հնարավորությունը:
Բայց մենք Մարդ ենք, ինքնիշխան, ազատ
և Աշխարհը կերտող,

Շնորհակալություն, ո՜վ Տեր,

Որ չուզեցիր մեզ որպես երկնքից հասնող հրահանգների անհոգի գործադրողներ ստեղծել,
այլ՝ տիեզերքի նկատմամբ պատասխանատուներ,
ազատ ստեղծագործողներ՝ Քո հայրական հայացքի ներքո:


Կարող էիր, ո՜վ Տեր, ծրագրել մեր ամուսնությունները
և կառուցել մեր օջախները,
մեզ արդեն մեծացած զավակներ պարգևել
և թոռնիկներ, սահմանված թվով:
Կարող էիր հաշվով սահմանել մեր համբյուրների քանակը
և կարգավորել մեր գրկախառնումները,
առաջնորդել մեր ձեռքերը դեպի ձեռքերը մեր եղբայրների
և այդպիսով ծաղկեցնել, ինչպես մի երազային երկրի վրա,
հավերժ անբաժան զույգեր, հարկադրված ընկերություններ,
պարտադրված խաղաղություն:
Բայց մենք Մարդ ենք, ինքնիշխան, ազատ
և Մարդկության նկատմամբ պատասխանատու,

Շնորհակալություն, ո՜վ Տեր,

Որ չուզեցիր մեզ որպես մարմնեղեն տիկնիկներ ստեղծել,
որոնք կենթարկվեին Քո հմուտ մատներին,
այլ՝ սիրված զավակներ, հարուստ՝ որպես պարգև ստացած կյանքով,
որոնք ընտրում են սիրել
և կամ ... հրաժարվում են սիրուց:


Իսկ երբ մենք՝ մեր Հորը մոռացած սոսկալի զավակներս
ամեն բան ավերեցինք այս դյուրաբեկ աշխարհում,
մեր օգտին բռնագրավելով այն, ինչը եղբայրների համար էր,
վիճելով իշխանության համար,
փոխադարձաբար շահագործելով միմյանց, կռվելով ու սպանելով,
Դու կարող էիր, ո՜վ Տեր, մեզնից հուսահատվելով
հեռացնել մեզնից Քո վստահությունն ու Քո խելակորույս սերը,
և ետ վերցնելով մեզնից իշխանությունը, որ տվել էիր մեզ,
վերստեղծել, Դու՝ մեր փոխարեն, մի դրախտ այս երկրի վրա,
բայց մենք՝ Մարդիկս այլևս չէինք լինի ազատ ու ինքնիշխան:

Հայնժամ, ո՜վ Տեր,
որպեսզի փրկեիր մեզ առանց ոտնակոխ անելու մեր ազատությունը,
Դու առաքեցիր Քո Որդուն,
որպես մեր նման մարդ, ինքնիշխան և ազատ.
և Դու, Հիսուս,
կարող էիր քարերը հացի վերածել
և Քո ձեռքերով կերակրել քաղցած մարդկանց,
Դու կարող էիր մարդկությանը հրապուրել Քո ամենակարողությամբ,
որն ի վերջո բացահայտած կլինեիր մեր աչքերի առաջ,
և մենք Քեզ «այո» կասեինք, առանց կարողանալու ասել «ոչ»,
բայց մենք այլևս Մարդ չէինք լինի, ինքնիշխան և ազատ:

Դու կարող էիր լինել, մե՛ր համար, հաղթական Աստվածը,
որ փախուստի կմատներ մեր թշնամիներին,
և մենք կստանայինք խաղաղությունն առանց այն վաստակած լինելու.
Դու կարող էիր, ապա, առանց խոչընդոտների հասնել երկինք,
Քո Հոր մոտ,
Խաչի Ճանապարհից տարբեր մի ճանապարհով,
Իսկ մենք կմնայինք,
մարդիկ ինքնիշխան, բայց միայնակ,
և մեր ձեռքերում կունենայինք մեր մեղքերը, մեր տառապանքները,
սիրո այդ թափոնները,
որոնք առաջանում են, երբ սերը ձախողվում է:

Բայց Դու գամվեցիր մեռած ծառին,
միանալով մեր մեղքերին ու մեր տառապանքներին,
միանալով այդ ծառին,
Եվ ծառը վերստին ծաղկեց նոր ԿՅԱՆՔՈՎ,
և իր պտուղը ՍԵՐՆ է,
որ փրկում է ու ազատ դարձնում:

Տեր իմ, սիրում եմ Քեզ,
որովհետև Դու ինձ այնքա՜ն ես սիրում,
որ կամենում ես, որ ես ազատ լինեմ,
և այս ազատության համար, վտանգելով Քո փառքը,
մեր մոտ եկար որպես մարդ անզոր,
բայց ամենակարող՝ Սիրով:
Ո՜վ Տեր, սիրում եմ Քեզ,
որովհետև այս սարսափելի ազատությունը,
որ մեզ բազում տառապանքներ է պատճառում,
միևնույն սքանչելի ազատությունն է,
որ մեզ հնարավորություն է ընձեռում սիրելու:

Ուրեմն, երբ մեր օրերի խաչի ներքո կքված,
իսկ երբեմն էլ ընկնելով,
երբ լալով, աղաղակելով աշխարհի խաչի դիմաց,
իսկ երբեմն էլ ճչալով,
փորձությունը կունենանք Աստվածությանդ դեմ ըմբոստանալու,
փախչելու, կամ պարզապես նստելու,
մեզ ուժ տուր՝ դարձյալ ոտքի կանգնելու
և շարունակելու մեր քայլքը,
առանց նզովելու Քո Աջը, որ դեպի մեզ ես պարզում,
բայց չես կրում մեր խաչերը,
եթե մենք ինքներս չենք կրում դրանք,
ինչպես Դու կրեցիր Քոնը։

Ամեն։

 

Միշել Քուասթ, «Խոսիր ինձ սիրո մասին» գրքից