« ՊԱՐԳԵՎԻՐ ԻՆՁ ՇՆՈՐՀԸ՝ ՍԻՐԵԼՈՒ ՔԵԶ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԵՂՔԸ »

 

 

 

 

 

 

 

Տեր իմ Աստված,
պարգևիր ինձ շնորհը՝ սիրելու Քեզ այնպես,
ինչպես սիրում եմ իմ մեղքը։

Ինչպես որ տկար եմ զգում ինձ իմ մեղքի դիմաց,
նույնպես ես տկար լինեմ Քո սիրո դիմաց։

Ինչպես որ անզեն եմ զգում ինձ իմ մեղքի դիմաց,
նույնպես ես անզեն լինեմ Քո շնորհի դիմաց։

Ինչպես որ հաճախ, շա՜տ հաճախ զգում եմ իմ մեղքի կանչը,
նույնպես ես ամեն պահ թող որ զգամ կանչը
Քո քաղցրագույն սիրո։

Ինչպես որ բնականորեն ձգտում եմ բնական կյանքին,
նույն կերպ թող որ գերբնականորեն ձգտեմ գերբնական կյանքին։

Տեր իմ Աստված,
աղաչում եմ Քեզ,
պարգևիր ինձ շնորհը՝ սիրելու Քեզ այնպես,
ինչպես սիրում եմ իմ մեղքը։

Ամեն։