ՍԲ. ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, ԱՂՈԹՔ (Մենախոսություններ, Ա 2-6)

 

 

 

 

 

 

 

 

 

Աստված, Արարիչ աշխարհի, որպես առաջին բան պարգևիր ինձ, որ Քեզ լավ աղոթեմ. ապա, որ ինձ արժանի դարձնեմ, որ Դու ազատես ինձ. և ի վերջո, որ Դու ազատես ինձ:
Աստված, որի միջոցով բոլոր բաները, որոնք ինքնըստինքյան գոյություն չէին ունենա, շարժվում են դեպի գոյությունը:
Աստված, որ չես թույլատրում, որ կորսվեն և ո՛չ իսկ այն բաները, որոնք միմյանց համար փոխադարձաբար կորսվում են:
Աստված, որ ոչնչից ստեղծեցիր այս աշխարհը. այս աշխարհը, որը բոլորի աչքերն ընկալում են որպես մեծապես գեղեցիկ:
Աստված, որ չես գործում չարը և նրա գոյությունը թույլատրում ես միմիայն որպեսզի մի առավել մեծ չարիք տեղի չունենա:
Աստված, որ սակավաթիվ հոգիների, – նրանց, ովքեր իրենց հայացքներն ուղղում են այն բանին, որն իրոք գոյություն ունի, – հայտնում ես, որ չարը գոյություն չէ:
Աստված, որի զորությամբ աշխարհն ամբողջ, նաև իր նվազ հարմար մասով, հասնում է կատարելության:
Աստված, որի հետ աններդաշնակ լինելը չի առաջացնում ծայրագույն բաժանում և քայքայում, քանի որ վատթար իրականությունները ներդաշնակվում են լավագույնների հետ:
Աստված, որ սիրված ես սիրելու կարողությունն ունեցող յուրաքանչյուր էակի կողմից, ինքը գիտակից լինի դրան, թե՝ ոչ:
Աստված, որի մեջ են բոլոր էակները, բայց որին աշխարհում գոյություն ունեցող տգեղությունը տգեղ չի դարձնում, ո՛չ էլ չարը՝ նվազ կատարյալ, ո՛չ էլ սխալը՝ նվազ ճշմարիտ:
Աստված, որ կամեցար, որ միմիայն մաքուր հոգիները ճանաչեն ճշմարտությունը:
Աստված, հայր ճշմարտության, հայր իմաստության, հայր ճշմարիտ և գերագույն կյանքի, հայր երանության, հայր բարու և գեղեցիկի, հայր իմացական լույսի, հայր մեր զարթոնքի և մեր լուսավորության, հայր գրավականի, որի միջոցով հորդորվում ու խրատվում ենք վերադառնալու Քո մոտ:

Աղերսում եմ Քեզ, ո՜վ Աստված-Ճշմարտություն, որի մեջ, որից և որի շնորհիվ են ճշմարիտ այն բոլոր իրականությունները, որ ճշմարիտ են:
Աստված-Իմաստություն, որի մեջ, որից և որի շնորհիվ են իմաստուն այն բոլոր էակները, որոնք օժտված են իմաստությամբ:
Աստված-Ճշմարիտ և Գերագույն Կյանք, որի մեջ, որից և որի շնորհիվ են ապրում այն բոլոր էակները, որոնք ճշմարիտ և գերագույն կյանքն ունեն:
Աստված-Երանություն, որի մեջ, որից և որի շնորհիվ են երանելի այն բոլոր էակները, որ երանելի են:
Աստված-Բարիք և Գեղեցկություն, որի մեջ, որից և որի շնորհիվ են բարի և գեղեցիկ այն բոլոր իրականությունները, որոնք օժտված են բարությամբ ու գեղեցկությամբ:
Աստված-Լույս Իմացական, որի մեջ, որից և որի շնորհիվ են իմացական լույսով փայլում այն բոլոր էակները, որոնք փայլում են իմացական լույսով:
Աստված, որի թագավորությունն է այն ամբողջ աշխարհը, որ ծածկված է զգայարաններից:
Աստված, որի թագավորությունից է սկիզբ առնում օրենքը մեր բնական թագավորությունների համար:
Աստված, որից հեռանալ՝ նշանակում է ընկնել, դեպի որը դառնալ՝ նշանակում է հարություն առնել, որի մեջ մնալ՝ նշանակում է հիմք և հաստատություն ունենալ:
Աստված, որից դուրս ելնել՝ նշանակում է մահանալ, դեպի որն ընթանալ՝ նշանակում է վերադառնալ ապրելու, որի մեջ բնակվել՝ նշանակում է ապրել:
Աստված, որին ոչ ոք չի թողնում, եթե խաբված չէ, որին ոչ ոք չի փնտրում, եթե կանչված չէ, որին ոչ ոք չի գտնում, եթե մաքրված չէ:
Աստված, որին լքել՝ նշանակում է կորստյան մատնվել, որին ձգտել՝ նշանակում է սիրել, որին տեսնել՝ նշանակում է ունենալ:
Աստված, դեպի որն է մեզ մղում հավատքը, վերամբարձում՝ հույսը, միավորում՝ սերը:
Աստված, որի զորությամբ հաղթում ենք հակառակորդին:

Աղերսում եմ Քեզ:

Աստված, որի շնորհն ընդունել ենք՝ չենթարկվելու համար ամբողջական մահվանը:
Աստված, որի կողմից զգուշացվում ենք, որպեսզի արթնությամբ հսկենք:
Աստված, որի ուժով առանձնացնում ենք բարի իրողությունները չարերից:
Աստված, որի շնորհիվ խուսափում ենք չարից և գործում ենք բարին:
Աստված, որի շնորհիվ ետ չենք ընկրկում հակառակությունների դիմաց:
Աստված, որի օգնությամբ ուղղամտությամբ ենթարկվում ենք իշխանություններին և ուղղամտությամբ կիրարկում ենք իշխանությունը:
Աստված, որի զորությամբ սովորում ենք, որ նաև ուրիշներինն են բաները, որոնք մի ժամանակ համարում էինք մերը, և նաև մերն են բաները, որոնք մի ժամանակ համարում էինք ուրիշներինը:
Աստված, որի օգնությամբ չենք կապվում կրքերի հրապույրներին ու խաբկանքներին:
Աստված, որի զորակցությունը մենք ունենալով՝ չնչին ոչնչությունները մեզ չեն նվազեցնում:
Աստված, որի միջոցով մեր էության լավագույն մասը ենթակա չէ վատթար մասին:
Աստված, որի օգնությամբ մահը ջնջված է հաղթանակով:
Աստված, որ մեզ ուղղում ես դեպի Քեզ:
Աստված, որ մեզ մերկացնում ես այն բաներից, որոնք անգո են, և զգեստավորում ես այն բաներով, որոնք գոյություն ունեն:
Աստված, որ մեզ դարձնում ես ընդունելի:
Աստված, որ մեզ միացնում ես Քեզ:
Աստված, որ մեզ մտցնում ես ամբողջական ճշմարտության մեջ:
Աստված, որ մեզ պատմում ես բոլոր բարիքների մասին, և մեզ անընդունակ չես դարձնում հասնելու դրանց, և չես թույլատրում, որ դա կատարվի ինչ որ մեկի կողմից:
Աստված, որ մեզ ետ ես դարձնում ճանապարհի վրա:
Աստված, որ առաջնորդում ես մեզ մինչև նավահանգիստ:
Աստված, որ գործում ես, որպեսզի ով բախում է, նրա առջև բացվի:
Աստված, որ մեզ տալիս ես կյանքի հացը:
Աստված, որ մեր մեջ փափաք ես արթնացնում այն ընպելիքի նկատմամբ, որից խմելով՝ այլևս երբեք չենք ծարավելու:
Աստված, որ հանցանք ես վերագրում աշխարհին՝ մեղքի, արդարության, դատաստանի վերաբերյալ:
Աստված, որի զորությամբ մեզ չեն սասանում նրանք, ովքեր չեն հավատում:
Աստված, որի շնորհիվ մերժում ենք սխալը նրանց, ովքեր հաստատում են, թե հոգիները Քո առաջ չեն կարող արժանիքներ շահել:
Աստված, որի օգնությամբ չենք ստրկանում այն տարրերին, որոնք տկարություն ու կարիք են առաջացնում:
Աստված, որ մաքրում ես մեզ և նախապես պատրաստում ու տրամադրում ես աստվածային պարգևներին:

Ընդառաջ ելիր ինձ, ո՜վ Բարեխնամ:

Այն ամենն, ինչ ասացի, Դու ես, ո՜վ միակդ Աստված:
Դու օգնության ես հասնում ինձ, ո՜վ միակ հավիտենական ճշմարիտ Էություն, որի մեջ գոյություն չունի ոչ մի աններդաշնակություն, ոչ մի խառնում ու շփոթություն, ոչ մի փոփոխություն, ոչ մի պակաս ու անբավարարություն, ոչ մի մահ. որի մեջ է գերագույն ներդաշնակությունը, գերագույն ակնհայտությունը, գերագույն հարատև անփոփոխությունը, գերագույն լիությունը, գերագույն կյանքը. որի մեջ ոչինչ չի պակասում, ոչինչ ավելորդ չէ. որի մեջ ծնողն ու ծնվածը միևնույն բանն են:
Աստված, որին ենթակա է ամեն բան, որ ենթակա է. որին հնազանդվում է յուրաքանչյուր բարի հոգի:
Աստված, որի օրենքների շնորհիվ պտտվում են երկինքները, իրենց ընթացքն են կատարում աստղերը, արևը նորոգում է ցերեկը, լուսինն իշխում է գիշերվան և ամբողջ աշխարհին, լույսի ու խավարի հերթափոխմամբ սահմանելով օրերը, լուսնի աճմամբ ու նվազմամբ՝ ամիսները, գարնան, ամռան, աշնան ու ձմեռվա հերթափոխմամբ՝ տարիները, արևային պտույտի կատարմամբ՝ հնգամյակները, աստղերի պարբերական վերադարձով՝ մեծ ժամանակաշրջանները, ապահովում է մեծ կանոնավորություն, որքանով որ հարմար ու հնարավոր է մարմնեղեն նյութին, ժամանակի կարգի ու պարբերաշրջանների միջոցով:
Աստված, որի հավիտենապես հաստատուն օրենքները թույլ չեն տալիս, որ խանգարվի փոփոխական արարածների անհաստատուն ընթացքը, կարծես մի արգելակի միջոցով, շնորհիվ դարերի թավալուն ընթացքի, նրանց մշտապես վերադարձնելով Քո հաստատության նմանությանը:
Աստված, որի օրենքների որոշմամբ՝ հոգու կամքն ազատ է, բարիներին ու չարերին բաժանված վարձատրություններով ու պատիժներով, համընդհանուր կերպով սահմանված հարկավորության համաձայն:
Աստված, որից ծագում և մինչև մեզ են հասնում բոլոր բարիքները. Աստված, որ հեռացնում ես մեզնից բոլոր չարիքները:
Աստված, որից վեր ոչինչ չկա, որից դուրս ոչինչ չկա, առանց որի ոչինչ չկա:
Աստված, որին ամեն բան ենթակա է. որի մեջ ամեն բան բովանդակված է. որի մեջ ամեն բան գոյություն ունի:
Աստված, որ մարդուն ստեղծեցիր Քո պատկերով ու նմանությամբ, ինչպես դա ճանաչում է յուրաքանչյուր ոք, ով ճանաչում է ինքն իրեն:

Ունկն դիր, ունկն դիր, ունկն դիր ինձ, իմ Աստված, իմ Տեր, իմ թագավոր, հայր իմ, պատճառ իմ, իմ հույս, իմ ինչք, պատիվ իմ, օթևան իմ, հայրենիք իմ, փրկություն իմ, իմ լույս, կյանք իմ:
Ունկն դիր, ունկն դիր, ունկն դիր ինձ, ամբողջովին Քո ձևով, որը միայն քչերին է քաջ հայտնի:

Ես այլևս միայն Քեզ եմ սիրում, միայն Քեզ եմ հետևում, միայն Քեզ եմ փնտրում և պատրաստված եմ ծառայելու միայն Քեզ, քանի որ միայն Դու ես հրամայում արդարությամբ և ես եռանդագին կամենում եմ Քո իշխանության ներքո լինել:
Հրամայիր, խնդրում եմ Քեզ, և պատվիրիր ի՛նչ կամենում ես, բայց բժշկիր և բացիր իմ ականջները, որպեսզի կարողանամ լսել Քո ձայնը: Բժշկիր և բացիր իմ աչքերը, որոնցով կարողանամ տեսնել Քո նշանները: Ինձնից հեռու վանիր անբանական շարժումները, որպեսզի կարողանամ ճանաչել Քեզ:
Ասա՛ ինձ, թե ո՛ր կողմ պետք է նայեմ, որպեսզի կարողանամ տեսնել Քեզ, և հուսով եմ, որ կկատարեմ այն ամենը, որ Դու ինձ կպատվիրես:
Ընդունիր, խնդրում եմ Քեզ, Քո փախստական ստրուկին, ո՜վ ամենաբարեգութ Տեր: Կարծում եմ, թե արդեն բավականին վճարել եմ պատիժս. կարծում եմ, թե արդեն բավական շատ ժամանակ ստրուկ եմ եղել Քո թշնամիներին, որոնց Դու տրորում ես Քո ոտքերի ներքո. կարծում եմ, թե արդեն բավական շատ անգամներ ենթարկվեցի խաբեական իրողությունների անգութ ծաղրանքին:
Ընդունիր ինձ, Քո ծառային, որ փախչում եմ այդ իրողություններից, որոնք, մինչ փախչում էի Քեզնից, ընդունեցին ինձ որպես ո՛չ իրենցը:
Զգում եմ, որ պետք է վերադառնամ Քո մոտ: Իմ առաջ, որ բախում եմ, թող բացվի Քո դուռը. սովորեցրու ինձ, թե ինչպես կարող եմ հասնել Քեզ:
Ուրիշ բան չունեմ, քան միայն՝ կամքը: Ուրիշ բան չգիտեմ, քան միայն այն, որ մահկանացու ու վաղանցուկ իրողություններն հարկավոր է արհամարհել, անփոփոխ ու հավիտենական իրողություններին հետամուտ լինել:
Սա եմ անում, ո՜վ Հայր, որովհետև միայն սա գիտեմ: Անգիտանում եմ, սակայն, թե որտեղից է հարկավոր մեկնել՝ Քեզ հասնելու համար: Դու Ինքդ հուշիր ինձ դա. Դու Ինքդ ցույց տուր ինձ ճանապարհը. ապահովիր ինձ այն ամենով, որ հարկավոր է ուղևորության ընթացքում:
Եթե հավատքի միջոցով են վերագտնում Քեզ նրանք, ովքեր վերադառնում են Քո մոտ, տո՛ւր ինձ հավատքը. եթե առաքինության միջոցով, տո՛ւր ինձ առաքինությունը. եթե գիտելիքի միջոցով, տո՛ւր ինձ գիտելիքը:
Ավելացրո՛ւ ինձնում հավատքը, ավելացրո՛ւ ինձնում հույսը, ավելացրո՛ւ ինձնում սերը: Ո՜վ Բարությունդ Քո, եզակի ու զմայլելի:

Դեպի Քեզ եմ ես կամենում ընթանալ և ի՛նչ միջոցներով որ մղվում ենք դեպի Քեզ, դրանք Քեզնից կրկին անգամ խնդրում եմ:
Հիրավի, եթե Դու լքում ես մեզ, մահանում ենք: Դու, սակայն, երբեք չես լքում, քանի որ գերագույն Բարիքն ես, որին ոչ ոք երբեք չի փնտրել առանց գտնելու, եթե ուղղամտությամբ է փնտրել: Իսկ ուղղամտությամբ են փնտրել բոլոր նրանք, որոնց Դու ընդունակ ես դարձրել ուղղամտությամբ փնտրելու:
Այնպես արա, ո՜վ Հայր, որ ես էլ Քեզ փնտրեմ, պոկի՛ր ինձ սխալից: Մինչ ես փնտրում եմ Քեզ, այնպես չպատահի, որ հանդիպեմ ուրիշ մեկի, Քո փոխարեն: Եթե ուրիշ բան չեմ փափաքում, քան միայն՝ Քեզ, թող որ ես կարողանամ այլևս գտնել Քեզ, ո՜վ Հայր, աղերսում եմ Քեզ:
Իսկ եթե տակավին գոյատևում է ինձնում ավելորդ ինչ որ մի բանի փափաք, Դու Ինքդ սրբիր ինձ և ընդունակ դարձրու ինձ Քեզ տեսնելու:
Իսկ մնացածը, ինչ վերաբերվում է իմ այս մահկանացու մարմնի առողջությանը, քանի որ չգիտեմ, թե դրանից ինչ օգտակարություն կարող է ծագել իմ կամ իմ սիրելիների համար, այն ամբողջովին Քեզ եմ հանձնում ու վստահում, ո՜վ իմաստնագույն և լավագույն Հայր, և նրա համար Քեզնից կխնդրեմ այն, ինչ կհուշես ինձ պատշաճ ժամանակին:
Այժմ Քո գերագույն գթությունն եմ միայն աղերսում, որպեսզի ամբողջովին դառնամ դեպի Քեզ և որպեսզի դեպի Քեզ ձգտելուս ընթացքում խոչընդոտների չհանդիպեմ. որպեսզի թույլ տաս ինձ, նաև քանի դեռ իշխանության գլուխ եմ և կրում եմ այս մարմինը, լինելու մաքուր, ուժեղ, արդար, խոհեմ, կատարյալ սիրող և մասնակից Քո իմաստությանը, արժանի քաղաքացիության և քաղաքացի բոլոր երանությունների Քո Արքայության:

Ամեն, ամեն: