ԱՂՈԹՔ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր Պահապան Հրեշտակների տոնը կատարվում է Հոկտեմբերի 2ին: Աստված Իր իմաստուն տնօրենության համաձայն կամեցավ, որ Հրեշտակները գործուն մասնակցություն ունենան մեր մարդկային պատմությանը: Մարդկության պատմության ընթացքում կարևորագույն իրադարձությունների ժամանակ հրեշտակային հատուկ միջամտություններից բացի, Նա մեզնից յուրաքանչյուրին հատկացրել է նաև մի Հրեշտակ, որպեսզի պահպանի մեզ և առաջնորդի ճշմարիտ ու բարի խորհուրդներով: Բավական է, որ մարդիկ ունկնդրեն նրանց մեղմ ձայնը, որ շարունակ լսվում է մարդու ներաշխարհում, առանց սակայն բռնանալու մարդու ազատության վրա:

Տերն Աստված ասում է. «Քո մոտ եմ ուղարկելու իմ Հրեշտակին, որպեսզի ընկերակից լինի քեզ, առաջնորդի քեզ քո կյանքի ընթացքում և հասցնի քեզ այն երկիրը, որ պատրաստել եմ քո համար», այսինքն՝ Երկնքի Արքայությունը (հմմտ. Ել 23, 20-23): Իսկ Հիսուսն ասում է. «Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք: Ասում եմ ձեզ, որ Երկնքում նրանց Հրեշտակները մշտապես տեսնում են Երեսն իմ Հոր, որ Երկնքում է» (Մտթ 18, 10):

Սնուցենք մեր հոգևոր կապը մեր Պահապան Հրեշտակների հետ, որոնց մեր Երկնավոր Հայրը կարգել է ի պաշտպանություն մեր տկար բնության, որպեսզի մեր թշնամիների զոհը չդառնանք անվերադարձ կերպով:


Ամենօրյա աղոթք

Աստծո Հրեշտակ, որ իմ Պահապանն ես, լուսավորիր, պահպանիր, առաջնորդիր և ղեկավարիր ինձ, որ քեզ եմ վստահվել Աստվածային Բարության կողմից: Ամեն:


Աղոթք Պահապան Հրեշտակին

Պահապան Հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում: Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ քեզ տհաճություն եմ պատճառել՝ չհետևելով քո սիրալիր խորհուրդներին, ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար հորդորներին ու զգուշացումներին, և այսքա՜ն սակավ օգուտ քաղած լինելով քո սուրբ ներշնչումներից: Խնդրում եմ քեզ, ամբողջ կյանքիս ընթացքում շարունակիր բարեգթորեն պահպանել ինձ, որպեսզի ես կարողանամ, քո հետ միասին, գոհաբանել, փառավորել և օրհնել մեր ընդհանուր Տիրոջը՝ Ամենասուրբ Երրորդությանը. Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս: Ամեն:


Ծիսական աղոթք

Ո՜վ Աստված, որ անճառելի նախախնամությամբ՝ Քո Սուրբ Հրեշտակներին առաքում ես պահպանելու մարդկանց, պարգևիր մեզ շնորհը՝ երկրի վրա այժմ զգալու նրանց հզոր պաշտպանության արդյունքները և մի օր Երկնքում մասնակցելու նրանց երանությանը: Սա Քեզնից հայցում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի արժանիքներով: Ամեն: