ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՍԿԶԲԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ - 01

 

 

 

 

 

 

 

 

 

Սուրբ Պատարագի սկզբի խորհրդածություն - 01
(«Խորհուրդ խորին»ից առաջ կամ ընթացքում)

 

 
1) Ո՞վ է պատարագվում:

Քրիստոսը, մեր հավատարիմ Ընկերը, որի հետ ոչ մի երկրային ընկեր չի կարող համեմատվել: Մենք հաճախ լքում ենք Իրեն կամ մեր մեղքերով զայրացնում, բայց Նա Ինքը երբեք չի լքում մեզ, այլ՝ Իր Արյան հեղմամբ մեզ, որ դարձել էինք Իր թշնամիները, դարձնում է Իր ամենամտերիմ ընկերները:

 


2) Ո՞ւմ համար է պատարագվում:

Իմ՝ փոքրոգի դավաճանիս համար, որ բազմաթիվ անգամներ արհամարհեցի Իր ընկերությունը, Իր շնորհից ու սրբությունից ավելի նախընտրեցի մեղքի պղծությունը, Իր հետ մտերմությունը փոխանակեցի առօրյա ամենադատարկ շատախոսություններով:

 


3) Ինչո՞ւ է պատարագվում:

Լինելու համար իմ հավատարիմ Ընկերը, իմ հզոր Պաշտպանը. որպեսզի ո՛վ գտնում է Իրեն, գտնի հավիտենական անսպառ Գանձը. և որպեսզի ես է՛լ ավելի սերտորեն միանամ Իրեն աստվածային Սիրո մեջ:

 


4) Ի՞նչ կարող եմ անել:

Խնդրի՛ր Իրենից գիտության հոգին, որպեսզի կարող լինես զանազանելու կեղծիքը ճշմարիտից, և հաստատուն կերպով հարես Հավատքի ուսուցումներին:

Իմ Սիրելին իմն է, իսկ ես՝ Իրենը: Ես պատկանում եմ իմ Սիրելիին, և Իր սերն ուղղված է ինձ: Ցո՛ւյց տուր ինձ Քո Դեմքը, Ընկեր իմ սիրելի, լսել տուր ինձ Քո ձայնը, որովհետև Քո ձայնը քաղցր է, իսկ Քո Դեմքն ամենագեղեցիկն է մարդկանց որդիների մեջ: