ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ԺԱՄԱՆԱԿ (ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ) ԿԱՄ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

 

 

 

 

 

 

 

Տեր իմ Հիսուս Քրիստոս,
Դու, որ մարդկանց հանդեպ տածածդ սիրո մղմամբ
օր ու գիշեր ներկա ես մնում գթությամբ և սիրով լի այս Խորհրդի մեջ,
սպասելով, կանչելով և ընդունելով բոլոր նրանց, ովքեր գալիս են այցելելու Քեզ.
ես հավատում եմ, որ Դու իսկապես ներկա ես Ամենասուրբ Հաղորդության մեջ։

Երկրպագում եմ Քեզ իմ ոչնչության անդնդի խորքից
և Քեզ երախտագիտություն եմ հայտնում այն բոլոր շնորհների ու պարգևների համար,
որ տվել ես ինձ, և հատկապես այն բանի համար,
որ պարգևել ես ինձ այս Խորհուրդը՝
Քո Մարմինը, Քո Արյունը, Քո Հոգին և Քո Աստվածությունը,
ինչպես նաև այն բանի համար, որ ինձ որպես պաշտպան տվել ես
Քո Ամենասրբուհի Մորը՝ Սուրբ Կույս Մարիամին,
և որ ինձ հնարավորությունն ես տվել այցելելու Քեզ այս պահին։

Պաշտում եմ Քո ամենասիրելի Սիրտը,
և ուզում եմ պաշտել այն երեք պատճառով.
նախևառաջ որպես երախտագիտության նշան՝ այս մեծապես թանկարժեք պարգևի համար.
երկրորդ, հատուցելու համար այն բոլոր վիրավորանքների փոխարեն,
որ թշնամիներիդ կողմից ստանում ես այս Խորհրդի մեջ.
երրորդ, որովհետև այս այցելությամբ կամենում եմ պաշտել և երկրպագել Քեզ աշխարհի բոլոր վայրերում,
նաև համացանցում, ուր այժմ Դու իմ առջև ես՝ ծածուկ և լքված։

Հիսուս իմ, սիրում եմ Քեզ իմ ողջ սրտով։
Ներիր ինձ այն բոլոր դեպքերի համար, երբ անցյալում
վիշտ եմ պատճառել Քո անսահման բարությանը։
Առաջադրում եմ, Քո շնորհի օգնությամբ, ուղղվել ու սրբագրել վարքս ապագայում,
իսկ այժմ, խեղճ ու թշվառ՝ ինչպես որ եմ ներկայում,
ինձ անմնացորդ կերպով ընծայում եմ Քեզ,
Քեզ եմ նվիրաբերում իմ ողջ կամքը,
իմ գորովները, իմ փափաքները, և այն ամենն, ինչ իմն է։
Այսուհետև, Տեր իմ, արա՛ ինձ այն, ինչ կամենում ես,
ինչը որ ավելի ճիշտ ու բարի ես համարում իմ համար։

Իմ փափաքը և Քեզնից խնդրածս միայն Քո Սերն է,
կատարյալ համակամությունը Քո սրբազնասուրբ Կամքին,
և հարատևությունը մինչև վերջ։

Աղոթում եմ Քեզ հանգուցյալ հոգիների համար,
մանավանդ նրանց համար, ովքեր ամենքից ավելի բարեպաշտ են եղել
Ամենասուրբ Հաղորդության խորհրդի և Ամենասրբուհի Մորդ հանդեպ։

Եվ վերջում, ո՜վ Սիրելիդ իմ,
իմ ողջ գորովը և իմ բոլոր փափաքները միացնում եմ Քո Ամենասիրելի Սրտի գորովին ու փափաքներին,
և այսպես միմյանց միացած՝ ընծայում եմ Քո Հավիտենական Հորը,
և Նրանից աղերսում եմ Քո Անվամբ, հանուն Քո Սիրո, ընդունել դրանք
և Իր շնորհալի, բարյացակամ հայացքն ուղղել իմ վրա։

Ամեն։