ՍԲ. ՍԻՄԵՈՆ ՆՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ (949-1022թթ.), ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ. « ԴՈՒ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԱՐԻՔ ԵՍ »

 

 

 

 

 

 

 

 

 

Ե՛կ, ճշմարիտ լույս:
Ե՛կ, հավիտենական կյանք:
Ե՛կ, ծածուկ խորհուրդ:
Ե՛կ, անճառելի գանձ:
Ե՛կ, աննկարագրելի իրականություն:
Ե՛կ, Անձ, ում ոչ մի միտք չի կարող ըմբռնել:
Ե՛կ, անվերջ երջանկություն:
Ե՛կ, անմայրամուտ լույս:
Ե՛կ, փրկվածների ճշմարիտ հույս:
Ե՛կ, ննջեցյալների վերազարթոնք:
Ե՛կ, մեռյալների հարություն:
Ե՛կ, Ամենակարո՜ղ: Դու, որ միայն կամքիդ գործադրմամբ ամեն բան ստեղծում, վերստեղծում և փոխակերպում ես:
Ե՛կ, անտեսանելի, ամբողջովին անշոշափելի:
Ե՛կ, հավիտենական ուրախություն:
Ե՛կ, իմ շունչ և իմ կյանք:
Ե՛կ, իմ թշվառ հոգու կատարյալ մխիթարիչ:
Ե՛կ, քաղցրություն իմ, իմ փառք, իմ անվերջ բերկրանք:
Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, որ եղար իմ համար անմարելի լույս, անմայրամուտ արեգակ, որովհետև չկա մի վայր, որ կարող է թաքցնել Քեզ. Քեզ, որ ամբողջ տիեզերքը լցնում ես Քո փառքով: [...]
Ե՛կ, Տեր, այսօր ինձնում հաստատիր Քո վրանը, իմ մեջ հաստատիր Քո բնակությունը, մնա՛ ընդմիշտ, իմ՝ Քո ծառայի մեջ մնա՛ մինչև վերջ. Դու, որ բարի ես: Որպեսզի այս աշխարհից դուրս գալուս ժամանակ և դուրս գալուցս հետո՝ ես վերագտնեմ ինձ Քո մեջ և թագավորեմ Քո հետ, Աստվա՜ծ, որ ամենքից ու ամեն ինչից գերիվեր ես: [...]
Եվ այնպես արա՛, որ անդադար Քեզ նայելով, ես՝ որ մեռած եմ, ապրեմ. Քեզ ունենալով, ես՝ որ աղքատ եմ, դառնամ հարուստ. և ավելի հարուստ կլինեմ, քան բոլոր թագավորները:
Քեզ ուտելով և ըմպելով, և պատշաճ ժամանակին Քեզնով զգեստավորվելով, վերագտնեմ ինձ աննկարագրելի բարիքների մեջ և դրանք վայելեմ լիովին:
Որովհետև Դու ամբողջովին բարիք ես, ամբողջովին փառք, ամբողջովին բերկրանք:
Քեզ վայել է փառք, համագոյակից և կենարար Երրորդությանդ, որ երկրպագություն, դավանություն, պաշտամունք ու ծառայություն ես ստանում բոլոր հավատացյալներից, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

 

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (949-1022թթ.)