ԿՅԱՆՔՆ ԻՄ ԱՌՋԵՎՈՒՄ Է, ՏԵՐ, ... ԲԱՅՑ ԴՈՒ ԻՄ ՀԵՏ ՔԱՅԼԻՐ

 

 

 

 

 

 

 

 

ԿՅԱՆՔՆ ԻՄ ԱՌՋԵՎՈՒՄ Է, ՏԵՐ ...
ԲԱՅՑ ԴՈՒ ԻՄ ՀԵՏ ՔԱՅԼԻՐ
 
ՄՈՒՏՔԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
  Բազմաթիվ երիտասարդներ զգում են ապագայի վախը, հատկապես երբ հարցը վերաբերվում է իրենց մասնագիտական-աշխատանքային և ընտանեկան ապագային: Չգիտեն, թե ինչպիսի ճանապարհներով են ընթանալու և թե այդ ճանապարհներն ո՛ւր են իրենց տանելու: Ոմանք այնպիսի մտատանջությունների են ենթարկվում, որ մերժում են աճել ու հասունանալ, որպեսզի խուսափեն ընտրություններ կատարելու անհրաժեշտությունից: Վախը հիվանդագին վիճակ է: Դարձնում է մի տեսակ անդամալույծ: Մարդու մեծությունը կայանում է «կյանքը ռիսկի ենթարկելու» ունակության մեջ, անշուշտ՝ լավագույն և լուրջ կերպով խորհրդածելուց հետո, բայց առանց սպասելու ու պահանջելու «ապահովություններ ընդդեմ ամեն վտանգի», ինչը որ անհնարին է ստանալ:
  Մինչ «ռիսկ»ը վտանգավոր է, գիտակցությամբ, անկեղծությամբ և ուղղամտությամբ, նաև խոստմնապահությամբ Հիսուս Քրիստոսի կողքին ընթանալը չի ջնջում ջանքերն ու հոգնությունները, բայց ապահովում է սրտի խաղաղությունը:
  Նա կամենում է մեր իրական երջանկությունը և կամենում է նաև օգնել մեզ՝ ձեռքբերելու այդ երջանկությունը, ինչպիսիք էլ որ լինեն դժվարությունները, որոնց կարող ենք հանդիպել մեր ճանապարհին:
 
 
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Մատթեոս 6, 30-34
 
  Արդ, եթե Աստված այսպես զգեստավորում է դաշտերի խոտը, որն այսօր կա, իսկ վաղը հնոց է նետվելու, ավելին չի՞ պարգևի ձեզ, թերահավատներ: Մի՛ մտահոգվեցեք, ուրեմն, ասելով. «Ի՞նչ ենք ուտելու: Ի՞նչ ենք խմելու: Ի՞նչ ենք հագնելու»: Այս բաների համար հեթանոսներն են մտահոգվում: Ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դրանց կարիքը ունեք:
  Նախևառաջ Աստծո արքայությունը փնտրեցեք և Նրա արդարությունը, և այդ բոլորը կտրվի ձեզ ավելիով: Մի՛ մտահոգվեցեք, ուրեմն, վաղվա օրվա համար, քանի որ վաղը արդեն կունենա իր մտահոգությունները: Յուրաքանչյուր օրվան բավական են իր մտահոգությունները:
 
Մատթեոս 8, 23-26
 
  Քանի որ Հիսուսը նավակ էր նստել, աշակերտները հետևեցին իրեն: Եվ ծովի վրա մի այնպիսի ուժգին փոթորիկ բարձրացավ, որ ալիքները ծածկում էին նավակը: Հիսուսը քնած էր: Հայնժամ մոտեցան Նրան, արթնացրեցին, ասելով. «Փրկի՛ր մեզ, Տե՜ր, կորած ենք»: Իսկ Նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատներ»: Ապա ոտքի ելավ, սաստեց քամիներին ու ծովին և նրանք հանդարտվեցին:
 
 
ԱՂՈԹՔ
 
Կյանքն իմ առջևում է, Տեր,
հրապուրիչ պտուղի նման,
բայց հաճախ կյանքն ինձ վախեցնում է,
որովհետև նրա պտուղները քաղելու համար
հարկավոր է դուրս գալ տնից,
քայլել Ճանապարհի երկայնքին,
քայլել,
քայլել տակավին,
բայց ճանապարհների երկայնքին, որոնք լի են դարձվածքներով,
և հնարավորություն չեն տալիս մեր առջևում նկատելու
ո՛չ տեսարանը, որ սպասում է մեզ,
ո՛չ ծածուկ խոչընդոտը,
ո՛չ դեպի մեզ երկարող ձեռքերը,
կամ դեմքերը, որ ուրիշ կողմ են դառնում։
 
Ճանապարհ ընկնել, մեկնել, ո՜վ Տեր,
խանդավառող արկածախնդրություն է:
Կյանքի կամքն ու փափաքն ունեմ ...
բայց, հաճախ, վախն ունեմ:
 
Վախն ունեմ մտնելու, վաղը, այն հսկայական շինհրապարակից ներս,
ուր քրտինք է թափում աշխարհը կառուցողների բազմությունը:
Մի տեղ կգտնե՞մ այնտեղ:
Բազմաթի՜վ նոր ձեռքեր մնում են անգործ
ու բազմաթի՜վ ընդունակ ուղեղներ
սպասում են աշխատելու:
 
Վախն ունեմ այս խորհրդավոր աշխարհի,
որ հմայում է ինձ և սարսափեցնում է ինձ,
որովհետև լսում եմ ծիծաղի պոռթկումները
և տեսնում եմ հաճույքները,
որ հեռվից աչքով են անում,
բայց լսում եմ նաև
մարդկային տառապանքների անծայրածիր գոչյունը
և այդ աղաղակները տհաճ են ինձ,
որովհետև դրանք լռեցնել ես չեմ կարող:
 
Վախենում եմ այս սիրուց,
որ արշալույսի կենսուրախության մեջ
նույնքան, որքան գիշերվա դատարկության մեջ
իմ ամբողջ էությամբ փափաքում եմ:
Խորհրդավոր ուժ, որ տարածվում է ամբողջ սրտովս մեկ
և այնտեղից առատորեն հեղվում է մարմնիցս դուրս:
Մտահալած փափաք, երբ երկարում են օրերը,
վերջապես հանդիպելու մի դեմքի,
մի դեմք, որ ճանաչեմ և որ ճանաչի ինձ
որպես միակ փնտրվածը:
Ծարավ՝ շոյելու այդ դեմքն իմ հայացքով,
քնքշությամբ ձեռքերիս ափերի մեջ ամփոփելու,
մի պահ հետո իր շուրթերը համտեսելու
և իմ շուրթերը համտեսել տալու համար:
Արդեն իսկ ծարավ, որ մեր այս սերը
մի օր դառնա մարմին,
ու արձակի մի ճիչ,
ճիչը նորածին կյանքի,
երբ սերը տալիս է իր պտուղը:
 
Ես փափաքում եմ, բայց վախենում եմ, Տեր:
Բազմաթի՜վ սերեր ձախողվեցին աչքիս առաջ,
երջանկության խաբկանքներ,
օճառի պղպջակներ, որ պայթում են:
Դժվարությամբ հառաջ քայլող բազմաթի՜վ սերեր,
շարունակ վտանգի մատնված:
Ընկերներիս բազմաթի՜վ զույգեր,
որ կարծում էին իրենց ընդմիշտ միացած,
բայց այսքա՜ն շուտով միմյանցից հեռացան:
 
Այո՛, վախն ունեմ, Տեր,
և քաջությունն ունեմ ընդունելու սա,
և քաջությունն ունեմ Քեզ պատմելու:
Եվ եթե այսօր փակում եմ աչքերս,
առջևս ընկած ճանապարհին Դիտել մերժելու համար չէ,
այլ՝ հանդիպելու համար Քեզ, աղոթելու համար Քեզ,
որովհետև կյանքի փափաքն ունեմ, Տեր,
փափաքն ունեմ,
և վստահում եմ Քեզ:
 
Ա՜հ, Աստված իմ,
այնպես արա, որ ես երբեք չմոռանամ 
երախտագիտությունս հայտնել Քեզ կյանքիս համար
Որովհետև կյանքը Քոնն է, 
Դու Հայրն ես 
և Հայրն ես ամբողջ կյանքի, 
Դու կամեցար ինձ իբրև որդի, 
որդի, որ ծնվել է Բերկրանքի համար: 
 
Տուր ինձ մարդ լինելու պարծանքը,
ոտքի կանգնած մարդ, ինչպես որ Դու կամենում ես,
որ Քեզնից ընդունում է հրաշալի առաքելությունը՝
ինքնուրույն կազմավորվելու,
վեր խոյանալու, աճելու,
արժեքներով հարուստ և ազատ քայլելու համար
այս ճանապարհով, որ իմ առջևում է:
 
Պարգևիր ինձ շնորհն՝ ընդունելու կյանքը
ամբողջ սրտով,
բազուկներիս ամբողջ կարողությամբ,
որովհետև ծնողներս կյանքն ավանդեցին ինձ սիրով,
նույնիսկ եթե դա սեր էր
թերևս
տկար ու դյուրաբեկ,
և ես պատասխանատու եմ այս կյանքի համար,
որովհետև այն ինձ պարգևել են:
 
Օգնիր ինձ երբեք չմսխել կյանքս,
կյանքը մարմնի, որ աճում է,
և հոգու, որ ցրվում է:
Եվ որպեսզի չհափշտակեմ կյանքն ուրիշների,
այլ միմիայն ընդունեմ, փարվեմ,
երբ ուրիշներն այն նվիրում են ինձ:
Եվ որպեսզի այն փակ չպահեմ սրտիցս ներս,
փոխանակ նվիրելու
մերձավորներիս, որոնք զուրկ են նրանից,
քանի դեռ այն չեմ կիսում նրանց հետ:
Հեղիր իմ մեջ Քեզ մշտապես փնտրելու փափաքը,
Քեզ հանդիպելու, Քեզ ճանաչելու և Քեզ սիրելու համար,
և Քո հետ դառնալու համար այն մտերիմ ընկերը, որ Դու փափաքում ես,
ընդունելով Քո Կյանքը իմ կյանքի մեջ,
որպեսզի իմ ծաղիկներն ու իմ պտուղները
լինեն նաև Քոնը,
իմը լինելուց բացի:
 
Օգնիր ինձ քայլել
առանց ցանկանալու իմանալ,
թե յուրաքանչյուր դարձվածքի ետևում
ի՛նչ է ինձ վերապահում Ճանապարհը.
ո՛չ թե միտքս ամպերի մեջ,
այլ՝ ոտքերս գետնին ամուր դրած,
իսկ ձեռքս՝ Քո ձեռքին տված:
 
Այսպես, Տեր, տնից դուրս կգամ
վստահ ու զուարթ
և անվախ կընթանամ անհայտ Ճանապարհով,
որովհետև կյանքն իմ առջևում է,
բայց Դու իմ հետ ես քայլում:
 
 
Հայր Միշել Քուասթ (1921-1997)