ՄԻԱԹԵՎ ՀՐԵՇՏԱԿԻ ԱՂՈԹՔԸ

 

 

 

 

 

 

 

 

 

Տեր Հիսուս,
ինչ որ մի տեղ կարդացի,
որ մարդիկ էլ հրեշտակների նման են, միայն թե՝ միայն մեկ թև ունեն.
կարող են ճախրել՝ միայն եթե ուս ուսի գրկախառնված մնան:
 
Երբեմն, հոգևոր սաստիկ մտերմության պահերին,
համարձակվում եմ մտածել, Տեր, որ Դու էլ միայն մեկ թև ունես.
երկրորդ թևդ դիտավորյալ թաքցնում ես, թերևս որպեսզի հասկացնես ինձ,
որ Դու էլ չես կամենում առանց ինձ սավառնել:
 
Սրա համար է, որ ինձ պարգևել ես կյանքը,
որպեսզի թռիչքիդ ու սլացքիդ մասնակցեմ:
 
Սովորեցրու ինձ, ուրեմն, ճախրել Քո հետ։
Որովհետև ապրել՝ չի նշանակում սողալ կամ կրծել կյանքը։
Ապրել՝ նշանակում է ճայի նման հանձնվել քամու շնչին։
Ապրել՝ նշանակում է տարածել թևը, միակ թևը,
վստահությամբ նրա, ով գիտի, 
որ թռիչքի մի այնպիսի մեծ ընկեր ունի, ինչպիսին Դու ես։
 
Բայց Քո հետ ճախրելը բավական չէ, Տեր,
Դու ինձ հանձնարարություն ես տվել
գրկելու նաև իմ մերձավորին և օգնելու նրան ճախրել։
 
Ներում եմ հայցում Քեզնից
կյանքի դեմ գործածս յուրաքանչյուր մեղքի համար
և այն բոլոր թևերի համար, որոնց չեմ օգնել բացվել։
Թույլ մի՛ տուր, որ անտարբեր անցնեմ մերձավորիս մոտով,
որի թևը խճճվել ու բռնվել է
չքավորության, թշվառության ու միայնության ցանցերի մեջ,
և որն արդեն համոզվել է, թե
այլևս արժանի չէ ճախրելու Քո հետ։
 
Այդ մերձավորիս համար, ո՜վ Տեր, 
տուր ինձ միշտ պահեստային մի թև։ 
 
  
Տեր Թոնինո Բելլո , Եպիսկոպոս (1935-1993)