ՍԲ. ԻՍԱՀԱԿ ՆԻՆՈՒԷԱՑԻ, ԱՂՕԹՔ

 

 

 

 

 

 

Տէ՜ր Յիսուս, Աստուած մեր,
որ արտասուեցիր Ղազարոսի վրայ եւ նրա վրայ հեղեցիր
անձկութեան ու կարեկցանքի արցունքները,
ընդունի՛ր արցունքներն իմ դառնութեան:
Քո ցաւերով մեղմիր իմ ցաւերը:
Քո վէրքերով բժշկիր իմ վէրքերը:
Քո արեամբ մաքրիր իմ արիւնը:
Իմ մարմնում տարածիր կենարար Մարմնիդ բուրմունքը:
Որպէսզի լեղին, որ տուեցին Քեզ խմելու [...]
քաղցրութեան փոխի հոգուս դառնութիւնը: [...]
Խաչափայտին տարածուած Մարմինդ
թող դէպի Քեզ ձգի դեւերի կողմից չարչրկուած հոգիս: [...]
Գամերով ծակուած սուրբ ձեռքերդ
թող դուրս քաշեն ինձ կորստեան անդնդից,
եւ, խոստմանդ համաձայն, ինձ կրկին դէպի Քեզ առաջնորդեն:
Ապտակներ ստացած ու թքով ծածկուած դէմքդ
թող փայլեցնի ի՛մ իսկ անարդարութիւններով կեղտոտուած երեսս:
Խաչի վրայ Հօրդ աւանդած հոգիդ
թող ինձ դէպի Քեզ առաջնորդի շնորհիդ մէջ:
Ո՛չ զղջացած սիրտ ունեմ, որ ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու,
ո՛չ ապաշաւ, ո՛չ գորով: [...]
Արցունքներ չունեմ Քեզ աղօթելու համար:
Հոգիս մառախլապատ է, [...] սիրտս՝ ցրտաշունչ, [...]
ես ընդունակ չեմ Քո հանդէպ սիրոյ արցունքներով այն ջերմացնելու:
Բայց Դու, Տէր Յիսուս Քրիստոս, Աստուած իմ,
տո՛ւր ինձ անմնացորդ զղջումը,
ապաշաւը սրտի,
որպէսզի ամբողջ հոգովս ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու:
Առանց Քեզ, ես զուրկ կը լինէի իրականութեան որեւէ հիմքից:
[...]
Հայրը, որ յաւիտենութեան մէջ ծնեց Քեզ Իր ծոցում,
թող նորոգի ինձնում Քո պատկերը:
Լքեցի Քեզ: Դու մի՛ լքիր ինձ:
Հեռացայ Քեզնից: Դու փնտրիր ինձ:
Առաջնորդիր ինձ դէպի Քո արօտը, Քո հօտի ոչխարների մէջ:
Նրանց հետ միասին, կերակրիր ինձ խորհուրդներիդ թարմ խոտով,
խորհուրդներիդ, որոնց օթեւանն է մաքուր սիրտը,
սիրտը, որն իր մէջ կրում է յայտնութիւններիդ պայծառ փայլը:
[...]
Թող որ մենք արժանի լինենք այդ պայծառութեանը,
մարդասիրութեանդ շնորհիւ եւ շնորհիդ օգնութեամբ,
ո՜վ Յիսուս Քրիստոս, Փրկիչ մեր,
յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

 

Սբ. Իսահակ Նինուէացի (Է. դար)