ԷՐՄԵՍ Մ. ՌՈՆՔԻ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

 

Եսայի 52, 7-10

Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում, ասելով Սիոնին, թե՝ «Քո վրա թագավորելու է Աստված»։ Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետև իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տերը ողորմելու է Սիոնին։ Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։

Եբրայեցիս 1, 1-9

Աստված բազում ձևերով և բազմապիսի օրինակներով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեր հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ Նա, որ լույսն է նրա փառքի և բուն պատկերը նրա էության, որ իր խոսքի զորությամբ հաստատ է պահում տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո, նստեց Աստծո մեծության աջ կողմում՝ բարձունքներում։ Նա այնչափ գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի անուն ժառանգեց։ Արդարև, հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Իմ Որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ»։ Եվ դարձյալ, թե՝ «Ես նրան Հայր կլինեմ, իսկ նա ինձ Որդի կլինի»։ Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծո բոլոր հրեշտակները»։ Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին քամիների նման դարձրեց, և իր ծառաներին՝ իբրև կրակի բոց»։ Իսկ Որդու մասին ասում է. «Աստված, քո աթոռը հավիտյանս հավիտենից է, քո արքայության գավազանը՝ ուղղության գավազան։ Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրինությունը»։

Հովհաննես 1, 1-5.9-14.18

Սկզբում էր Բանը(*), և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ. և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է։ Նրանում էր կյանք և կյանքը լույս էր մարդկանց համար։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, բայց խավարը նրան չընդունեց։ [...] Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց դառնալու Աստծո որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան։ Նրանք ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից և ո՛չ էլ այր մարդու կամքից, այլ՝ Աստծուց ծնվեցին։ Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը, որպես փառքը Հոր Միածնի, լի շնորհով ու ճշմարտությամբ։ [...] Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա՛ հայտնեց Նրան։

 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ


Մի վիթխարի ավետարան, այսինքն՝ բարի լուր է այն, ինչ ասում է Հովհաննեսը, և որ կարծես մի անցք, մի անցում, մի խորտակում է ստեղծում մեր օրերի ցանկապատի մեջ։
Սկզբից Բանն էր և Բանը Աստված էր։ Եվ Բանը մարմին եղավ, և մեզնից յուրաքանչյուրին իշխանություն տվեց դառնալու Աստծո որդիներ։
Աստված այլևս չի կաղապարում մարդուն հողի փոշուց, ինչպես սկզբում, այլ՝ Ինքն իսկ դառնում է հողի փոշի։ Կավագործը, որ կաղապարել էր Ադամին այնպես, ինչպես կաղապարում են կավե մի անոթ, Ինքն իսկ դառնում է կավ՝ մի փոքրիկ անոթի համար, կավե կեղևի ներսում պահվող Լույս։
Եվ եթե ես պետք է արտասվեմ, Ինքն էլ կսովորի արտասվել, և եթե ես պետք է մեռնեմ, Ինքն էլ ճաշակել է մահվան դառնությունը։ Միմիայն սիրահարված Աստվածը կարող էր որոշել քայլել այս ճանապարհով։
Եվ խոնարհներն հավատում են Նրան, ուրախ, որ Աստված այնքա՜ն ազատ է և այնքա՜ն զարմանահրաշ, որ նախընտրում է այն, ինչը որ մարդիկ արհամարհում են։ Ամենամեծ հրաշքն այն է, որ Աստված սիրում է այն, ինչը որ խոնարհ է. Աստված խոնարհության մեջ։ Ահա՛ հեղափոխական խոսքը, կրքոտ խոսքը Սուրբ Ծնունդի։
Պատմության մեծ անիվը միշտ պտտվել էր միևնույն ուղղությամբ. փոքրից դեպի մեծը, քիչ ունեցողը շատ ունեցողից կախումնավոր, առավել ուժեղի օրենքը։
Երբ Հիսուսը ծնվեց, պատմության մեծ անիվը մի պահ կանգ առավ։ Ապա ինչ որ մի բան սկսեց պտտվել հակառակ ուղղությամբ և պատմության ուղղությունը մի շրջադարձ կատարեց. Աստծուց դեպի մարդը, մեծից դեպի փոքրը, երկնքից դեպի ցածրը, քաղաքից դեպի մսուրը, Մոգերը, որ քայլում են մի մանկան ուղղությամբ, ուժեղն ի ծառայություն տկարի։
Եվ քանի որ կամեցավ ծնվել մի ախոռում, չի զզվի ինձնից, կեղտից, որ իմ ներսում է։ Կբնակվի իմ խեղճությունների մեջ, դրանցում կբնակվի իբրև Լույս. կբնակվի թշվառության ու արևի այս հանգույցի մեջ, որ ես եմ, դրանում կբնակվի փոխակերպելու համար։ Մարդու մեծությունը կախում ունի այն բանից, թե ո՛վ է բնակվում նրանում։ Ճշմարիտ մեծությունը Աստծով բնակեցված լինելն է։
Ուրեմն Աստված բանալին է մի աշխարհի, որը տակավին գոյություն չունի։ Եթե հասկանում ենք սա, հասկանում ենք Սուրբ Ծնունդը։
Սուրբ Ծնունդը մարդկային իրողությունների գլխիվայր շրջման սկիզբն է։ Սուրբ Ծնունդը աշխարհի դատաստանն է։
Պատմությունը չի պատկանում նրան, ով իշխանություն կամ փող ունի. դա ընդամենը ձախողակ պատմություն է։ Ճշմարիտ պատմությունը պատկանում է ծառայության համարձակությանը, անաղմուկ բարությանը, պարծենկոտությունից զուրկ սիրույն։
Բարիները տիրելու են երկրին, իսկ ով ապավինում է ուժին, վերադառնում է դատարկ ձեռքերով, դատարկ սրտով։
Աստված գալիս է որպես մի մանուկ։ Մենք պետք է որոշենք և կամենանք օգնել Աստծուն՝ տակավին մարմնանալ այս ճանապարհներում, այս տներում, այս քաղաքում, մե՛նք դառնալով բարի կամքի տեր մարդիկ, մեր մեջ սնուցելով, մշակելով ու պահպանելով բարի բաների՝ սիրո, արդարության, խաղաղության կամքը, իբրև հստակ, բայց չշլացնող լույս մեր քայլքի համար, իբրև բերկրանքի ցածրաձայն երգ՝ ապրելու մեր հոգնության ներսում։

 

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 22-23.