ԷՐՄԵՍ Մ. ՌՈՆՔԻ. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

 
Սիրաք 24, 1-5.8-13

Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են. եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը, և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց և խիստ գարշեց նրանց կյանքից։ Դրանք են. հպարտ աղքատը, ստախոս հարուստը և վավաշոտ ու պակասամիտ ծերը։ Եթե պատանեկությանդ ժամանակ չհավաքեցիր, ինչպե՞ս կգտնես ծերությանդ ժամանակ։ [...] Ծերերի պսակը բազմահմտությունն է և նրանց պարծանքը՝ երկյուղը Տիրոջից։ Իննը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կասեմ լեզվով։ Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով և իր կենդանության ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։ Երանի՜ նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզվով չի սխալվում և չի ծառայում մեկին, որ անարժան է իրեն։ Երանի՜ նրան, ով իմաստություն գտավ և այն կպատմի լսողների ականջին։ Որքա՜ն մեծ է նա, ով իմաստություն է գտել, բայց նա ավելի մեծ չէ, քան նա, ով երկյուղ է կրում Տիրոջից։

Եփեսացիս 1, 3-6.15-19

Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգևոր օրհնությամբ, երկնային աշխարհում. նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրով։ Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճության։ Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով։ [...] Ուստի ես էլ, երբ լսեցի ձեր հավատքի մասին, որ ունեք ի Տեր Հիսուս, և սիրո մասին, որ ունեք բոլոր սրբերի հանդեպ, չեմ դադարում գոհություն հայտնել ձեր համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ Հայրը փառքի, ձեզ տա իմաստության և հայտնության հոգի իրեն ճանաչելու համար։ Նա լուսավոր պիտի դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի մենք հասկանանք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ի՛նչ է նրա ժառանգության փառքի մեծությունը սրբերի մեջ և ի՛նչ է նրա զորության գերազանց մեծությունը։

Հովհաննես 1, 1-5.9-13.16.18

Սկզբում էր Բանը(*), և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ. և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է։ Նրանում էր կյանքը և կյանքը լույս էր մարդկանց համար։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, բայց խավարը նրան չընդունեց։ [...] Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց դառնալու Աստծո որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան։ Նրանք ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից և ո՛չ էլ այր մարդու կամքից, այլ՝ Աստծուց ծնվեցին։ [...] Նրա լիությունից մենք բոլորս ստացանք շնորհ շնորհի վրա։ [...] Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա՛ հայտնեց Նրան։

 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 
«Սկզբում էր Բանը և Բանն Աստված էր»։ Վիթխարի ավետարան, որն արգելում է մեզ փոքրիկ մտքեր ունենալ, որը մեր մեջ մի անցում է բացում դեպի հավիտենականը, դեպի այն, ինչ «սկզբում էր», դեպի այն, ինչ «ընդմիշտ է»։

Մեզ վստահեցնելու համար, որ կա մի իմաստ, մի ծրագիր, որ գերազանցում է մեզ, որ մեր օրերը չենք ապրում սոսկ արևի մի կարճատև պտույտի շուրջը, որ մեր կյանքը չենք ապրում սոսկ մեր ցանկությունների նեղ շրջանագծի ներսում։ Այլ որ կա կարծես մի անծայրածիր ալիք, որ գալիս է փշրվելու մեր հրվանդանների վրա և մեզ պատմելու մի Ուրիշի մասին, որ Առաջինն է ու Վերջինը, արարչության Կյանքը և Լույսը։

«Եվ Բանը մարմին եղավ»։ Աստված վերսկսում է Բեթղեհեմից։ Մեծ հրաշքն այն է, որ Աստված այլևս չի կաղապարում մարդուն հողի փոշուց, դրսից, ինչպես սկզբում էր, այլ՝ Ինքն իսկ դառնում է կաղապարված փոշի, Բեթղեհեմի մանուկ և տիեզերական մարմին։ Այդ օրվանից Բանի՝ Լոգոսի մի մասնիկ կա յուրաքանչյուր մարմնում, Աստծուց ինչ որ մի բան՝ յուրաքանչյուր մարդու մեջ։ Կա սրբություն, գոնե սաղմնային վիճակում, և լույս յուրաքանչյուր կյանքում։

Աստված տակավին պատահում է կյանքի մարմնում, որն իմն է։ Պատահում է իմ արարքների կոնկրետության մեջ, բնակվում է իմ աչքերի մեջ, իմ խոսքերի, իմ ձեռքերի, որպեսզի բացվեն խաղաղություն պարգևելու, արցունքներ չորացնելու, անարդարություններ փշրելու։

Եվ եթե դու պետք է արտասվես, Ինքն էլ կսովորի արտասվել։
Եվ եթե դու պետք է մեռնես, Ինքն էլ կճանաչի մահը։
Եվ ոչ ոք չի կարող այլևս ասել. ահա այստեղ վերջանում է երկիրը, իսկ այստեղ սկսվում է երկինքը, որովհետև երկինքն ու երկիրն այլևս գրկախառնված են։
Եվ ոչ ոք չի կարող ասել. ահա այստեղ վերջանում է մարդը, իսկ այստեղ սկսվում է Աստված, որովհետև Արարիչն ու արարածն այլևս գրկախառնված են և, առնվազն այս Նորածնի մեջ, մարդ և Աստված միայն մեկ իրականություն են։ Գոնե Բեթղեհեմում այդպես է։

Եվ այդ աչքերը Աստծո աչքերն են, Աստծո քաղցն է, Աստծո խոնարհությունն է։

«Նրանց, ովքեր ընդունեցին Իրեն, իշխանություն տվեց դառնալու Աստծո որդիներ։ Ահա՛ պատմության վերջնական իմաստը. սրա՛ համար է Քրիստոսը եկել»։

Իր Ծնունդից հետո, արդ իմ ծննդյան ժամանակն է. Քրիստոսը ծնվում է, որպեսզի ես ծնվեմ։ Ծնվեմ նորից և տարբեր։ Իր Ծնունդը կամենում է իմ ծնունդը։ Ի վերուստ։

Աստծո խոսքը մի սերմի նման է, որ ծնում է ըստ իր տեսակի, ծնում է Աստծո որդիներ։ Եթե, միայն թե, ընդունվում է։ Ընդունել. ահա՛ մի բայ, որ ծնում է։ Ընդունել. ահա՛ մեր զուտ մարդկային պարտականությունը։ Մարդը դառնում է այն, ինչն ընդունում է իր մեջ. մարդը դառնում է Խոսքը, որն ունկնդրում է. մարդը դառնում է այն, ինչով որ բնակեցված է։ Ճշմարիտ կյանքը, լույսի կյանքը Աստծով բնակեցված լինելն է։

Մարդկանց բոլոր խոսքերը կարող են մեզ սոսկ հաստատել մեր մարմին լինելու մեջ, ինչը որ անկատար ու անվստահելի իրականություն է։ Բայց ցատկը, ոստումը, անմտածելին ու աներևակայելին պատահում է Խոսքի շնորհիվ, որն Ինքնին Աստծո կյանքն է ծնում մեր մեջ։

Ահա՛ գլխապտույտը. Ինքնին Աստծո կյանքը մեր մեջ։ Սա՛ է Սուրբ Ծննդյան վերջին խորությունը։ Անդին, միայն անկիզելի մորենին է։

 


(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

 


Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 28-29.