ԷՐՄԵՍ Մ. ՌՈՆՔԻ. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »

 

 

 

 

 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

 

Ծննդոց 15, 5-12.17-18

Աստված դուրս հանեց Աբրամին ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ Նա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։ Աբրամը հավատաց Աստծուն, և այդ հավատքը իր համար արդարություն համարվեց։ Աստված ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդեացիների երկրից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»։ Աբրամն ասաց. «Տե՛ր ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ժառանգելու եմ այն»։ Աստված ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ և աղավնի»։ Աբրամն առավ այդ ամենը, կտրեց մեջտեղից ու կտորները դրեց իրար դիմաց, իսկ թռչունները չկտրատեց։ Գիշակեր թռչուններ էին իջնում դրանց կտրտված մարմինների վրա, բայց Աբրամը հսկում էր կտրտված մարմինները։ Արևի մայր մտնելու ժամանակ Աբրամը թմբիրի մեջ ընկավ, սարսափելի վախ համակեց նրա սիրտը։ [...] Երբ արևը մայր մտնելու մոտ էր, կրակ բոցավառվեց, երևաց ծխացող մի հնոց, և կրակի լեզուները անցան անասունների կտրտված մարմինների միջով։ Այդ օրը Տերն ուխտ դրեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը»։

 

Պողոս Առաքյալի Նամակը Փիլիպեցիներին 3, 17 - 4, 1

Եղբայրնե՛ր, նմանվեցե՛ք ինձ և լա՛վ նայեցեք այնպիսիներին, որ նույն ձևով են ընթանում, ինչպես մենք, որ օրինակ ենք ձեզ համար. որովհետև շատերը, - որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, - ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստ է. նրանց աստվածը իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը։ Նրանք միայն երկրավոր բաներն են խորհում։ Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից և ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի իր փառավոր մարմնին, այն զորությամբ, որ կարող է հնազանդեցնել ամեն բան իր իշխանությանը։ Ուրեմն, իմ սիրելի՛ և ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք ի Տեր, սիրելինե՛ր։

 

Ղուկաս 9, 28-36

Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, նա լեռ ելավ աղոթքի կանգնելու։ Եվ երբ աղոթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպվեց, նրա զգեստը փոխվեց և փայլուն-սպիտակ դարձավ։ Եվ ահա երկու մարդիկ խոսում էին նրա հետ։ Նրանք Մովսեսն ու Եղիան էին, որոնք փառքով երևալով՝ խոսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում։ Իսկ Պետրոսը և նրա հետ գտնվողները քնի ծանրության տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք նրա մոտ կանգնած էին։ Եվ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Հիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»։ Եվ չէր իմանում, թե ինչ էր խոսում։ Եվ երբ այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի եղավ. և երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան։ Ամպից մի ձայն եկավ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրյալ Որդին, լսեցե՛ք դրան»։ Եվ մինչ խոսքի ձայնը դեռ գալիս էր, Հիսուս միայնակ գտնվեց. և նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից և ոչ մի բան։

 


ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Անապատից՝ տեսիլքի. փորձությունների դեպքից՝ լույսի հեղեղմանը։ Եվ սակայն, սա չէ արարչագործության հերթականությունը, կարգը։ Սկզբում ստվերը չէ, այլ՝ լույսի մի սերմ, որ թաղված է մեր մեջ, մեր գաղտնածածուկ դիմագիծը։ Ողջ արարչությունը հեծեծում է երկունքի ցավերի մեջ։ Այն հղի է լույսով։ Յուրաքանչյուր մարդ կարծես չամբողջացած սրբապատկեր լինի, որ նկարված է, սակայն, ոսկեղեն, լուսավոր ու թանկարժեք հետնապատկերի վրա. նմանությունն Աստծո՝ լույսի սրտի հետ։

Ապրելն ա՛յլ բան չէ, եթե ոչ միայն՝ դժվարին ու բերկրալի ջանքը՝ ազատագրելու այն ամբողջ լուսավորությունն ու գեղեցկությունը, որոնք թաղված են մեր մեջ։

Թաբոր լեռան գագաթին լույսի զորությունն այնպիսին է, որ ապշեցնում է Պետրոսին, որն այլևս «չգիտեր, թե ի՛նչ է ասում»։ Եվ սակայն, լեռան վրա այդ լույսը մնում է որպես մարդու նկատմամբ արտաքին իրողություն։ Որպեսզի այն դառնա ներքին մի ուժ, երկուսն են ճանապարհները, որ մատնանշվում են այս պատմության մեջ. «Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու։ Եվ, մինչ աղոթում էր, նրա դեմքն այլակերպվեց»։ Հիսուսն այլակերպվում է աղոթքի ժամանակ, մինչ աղոթում է։

Հայեցողությունը այլակերպում, պայծառակերպում, փոխակերպում է մարդուն. մարդը դառնում է այն, ինչին նայում է սրտի աչքերով։ Մարդը դառնում է այն, ինչը որ սիրում է. մարդը դառնում է այն, ինչը որ աղոթում է։ Այսպիսով, աղոթքը ստեղծում է պատմություն, որպես մեկնակետ ունենալով հոգու երկիրը. լույսի պատմություն, որն արտացոլվելու է աղոթողի դեմքի վրա։ Թաբոր լեռան լույսը, որպես աննկատելի կայծ կամ հրեղեն գետ, տակավին և միշտ պարգևվում է մեզ. ընդմեջ Խոսքի, ընդմեջ հացի և գինու, ընդմեջ սիրո (Օ. Քլեման)։

Երկրորդ ճանապարհը մատնանշվում է մի բայով, որն այս պատմության գագաթնակետն է. «Նրա՛ն լսեցեք»։ Ով լսում, ունկնդրում է Հիսուսին, դառնում է Նրա նման։ Լսել, ունկնդրել, համաձայնվել, հետևել՝ նշանակում է փոխակերպվել։ Նրա խոսքը գործում է, կանչում է, ստեղծում է, պահում է գոյության մեջ, բժշկում է, փոխում է սիրտը, ծաղկեցնում է կյանքը, պարգևում է գեղեցկություն, լույս է գիշերվա մեջ։

Երբ մարում են Պայծառակերպության կարճատև կրակները, մնում է Հիսուսը միայն, որպես մարդու վերջին դեմք, որպես Աստծո վերջին Խոսք։ Հայրը խոսում է, բայց Իր Որդու խոսքի ետևում ծածկվելու համար. «Նրա՛ն լսեցեք»։ Քրիստոնեական հավատքը տեսնելու կրոն չէ, այլ՝ լսելու։ Բարձրանում ես լեռը՝ տեսնելու համար, բայց քեզ ցույց է տրվում լսելու, ունկնդրության ճանապարհը։ Իջնում ես լեռից, և հիշողությանդ մեջ մնում է վերջին խոսքի արձագանքը. «Նրա՛ն լսեցեք»։ Տեսիլքն իր տեղը զիջում է ունկնդրմանը։

Աստծո խորհուրդն այլևս ամբողջովին Հիսուսի մեջ է։ Այնպես, ինչպես նաև մարդու խորհուրդը։ Լուսեղեն այդ դեմքը ժամանման կետն է, աշխարհի վերջնակետը։

Բայց եթե այժմ տեսնում ենք, թե այդ դեմքից ինչպես է լույս հեղվում, վերջին գիշերվա մեջ, Ձիթենիների պարտեզում տեսնելու ենք, թե ինչպես է արյուն կաթում։ Արյան կաթիլներ և լույսի կաթիլներ, միմյանցից անբաժան. ճշմարտությունը պայծառորեն փայլում է ո՛չ միայն հափշտակության լեռան վրա, այլ նաև՝ ինքնին սրտի մեջ մարդկանց տառապանքների, նրանց դժոխքի, նրանց մահվան։ Խաչն առանց Պայծառակերպության կույր է. Պայծառակերպությունն առանց Խաչի դատարկ է։

Ճշմարիտ հավատքը միասին պահելն է Խաչն ու Զատիկը, խաչակրությունն ու փառքը. մի դեմք, որ իր վրա կրում է ցավի դրոշմը և, միաժամանակ, պայծառակերպ փայլում է լույսով։

 


Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 52-53.