ԷՐՄԵՍ Մ. ՌՈՆՔԻ. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

 

Գործք Առաքելոց 10, 34.37-43

Պետրոսը բերանը բացեց և ասաց. «Ճշմարտությամբ վերահասու եմ եղել, թե Աստծո կողմից աչառություն չկա, այլ՝ բոլոր ազգերի մեջ ով երկնչում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան։ Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին՝ ավետելով խաղաղություն Հիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տերը։ Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը տարածվեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրեաստանում այն մկրտությունից հետո, որը քարոզեց Հովհաննեսը. գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր, որին Աստված օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով և սատանայից բոլոր բռնվածներին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Եվ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրեաստանում և Երուսաղեմում արեց նա, և որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։ Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց և թույլ տվեց, որ նա երևա՝ ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրված էինք և որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։ Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին և վկայություն տալ, թե ի՛նքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին և մեռածներին։ Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։

 

Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 5, 6-8

Լավ չեն ձեր այդ պարծանքները. չգիտե՞ք, թե մի փոքր թթխմոր ամբողջ զանգվածը խմորում է։ Մաքրեցե՛ք, դե՛ն նետեցեք հին խմորը, որպեսզի նոր զանգված լինեք, առանց թթխմորի. քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց։ Ուրեմն, տոն կատարենք ոչ թե հին խմորով և չարության ու անզգամության խմորով, այլ՝ ստուգության և ճշմարտության անթթխմոր հացով։

 

Ղուկաս 24, 1-12

Բայց կիրակի օրը, առավոտյան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ և ուրիշ կանայք։ Եվ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով՝ Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ։ Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում։ Այստեղ չէ, այլ՝ հարյավ։ Հիշեցե՛ք՝ ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. ասում էր, թե պետք է, որ մարդու Որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ նրանք հիշեցին նրա խոսքերը։ Եվ վերադարձան ու պատմեցին այս ամենը Տասնմեկին և բոլոր մյուսներին։ Եվ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբի մայր Մարիամը և նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին։ Բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին, և չէին հավատում նրանց։ Սակայն Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ կտավները միայն կային։ Եվ գնաց՝ մտքում զարմացած, թե ինչ էր եղել։

 


ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Մի դատարկ գերեզման։ Սա է նշանը։ Զատիկը լի է հրեշտակներով ու արցունքներով, վշտագին հարցադրումներով ու մխիթարական տեսիլքներով։ Բայց առաջին նշանը դատարկ գերեզմանն է։

Մարդկային պատմության մեջ պակասում է մի մարմին, որպեսզի սպանվածների հաշիվը հավասարությամբ փակվի։ Մի մարմին է պակասում մահվան հաշվեկշռում, մահվան հաշիվները կորուստ են արձանագրում, հաղթողը պարտված է։ Քրիստոսի Հարությունը գերեզմանների մեր մոլորակը բարձրացնում է դեպի մի նոր աշխարհ, ուր մարդասպանը հավիտյան չի տիրում իր զոհի վրա. որտեղ բռնության վրա հիմնված կայսրությունները կործանվում են. որտեղ կյանքի վերքերը ծնում են լույս և սեր, որոնք ազատ են արձակվում կյանքը սիրող Աստծո գարնան մեջ։

Շաբաթ օրվան հաջորդող առաջին օրվա արշալույսի մեջ, մթնշաղի այդ ստվերախառն լույսերի մեջ, այդտե՛ղ է, Հարուցյալի երևումներից առաջ, որ ծնվում է հավատքը։ Դեռ մութ է, բայց կանայք արդեն գնում են գերեզմանի մոտ։ Գնում են խնամելու Հիսուսի մարմինը։ Այն բաներով, որ ունեն, ինչպես միայն կանայք գիտեն անել։

Եվ պատմությունը ծայր աստիճան ժուժկալ է. «Ներս մտան և չգտան Հիսուսի մարմինը»։ Հարկավոր են երկու հրեշտակներ՝ պատմությունը կրկին շարժման մեջ դնելու համար, ավետելով, որ անհնարինը դարձել է հնարավոր. «Այստեղ չէ, հարություն է առել»։ Բայց հրեշտակների խոսքերը բավական չեն, գործի չեն գալիս. ա՛յլ է նշանը, որով հավատում են. «Հիշեցե՛ք իր խոսքերը։ Հիշեցե՛ք։ Ասում էր. հարկավոր է, որ ես խաչվեմ ու հարություն առնեմ»։ Եվ նրանք հիշեցին Նրա խոսքերը։

Կանայք հավատացին, որովհետև հիշեցին։ Հավատացին Հիսուսի խոսքերի պատճառով, ո՛չ թե՝ հրեշտակների։ Հրեշտակները չեն, որ հավատալ են տալիս, այլ՝ հիշողության մեջ պահպանված այն խոսքը, որը տառացիորեն բոցավառվում է Նրա ներկայության զորությամբ։ Եվ յուղաբեր կանանց դարձնում է առաքյալների առաքյալներ։ Իրենց հիշողության մեջ պահպանել էին այդ խոսքերը, որովհետև սիրել էին դրանք. մարդու մեջ ապրում է միայն այն, ինչը հարազատ է նրա սրտին։ Միտքը սնուցում է միայն այն, ինչը նրան ուրախացնում է (Սբ. Օգոստինոս)։

Ինչպես կանանց դեպքում Զատկվա արշալույսին, այդպես նաև մեր համար՝ Իր խոսքի սիրալի հիշատակը սկիզբն է Նրա հետ յուրաքանչյուր հանդիպման։

Պետրոսն ու Հովհաննեսը վազում են գերեզմանի մոտ։ Միայն Հովհաննեսի մասին է ասված, որ տեսավ ու հավատաց։ Իսկ ի՞նչ տեսավ։ Մի բացակա մարմին, դատարկ մնացած կտավներ ու վարշամակ։ Հավատաց, որ Հիսուսը ողջ է, Նրան տեսնելուց առաջ անգամ։ Ինչո՞ւ։ Հովհաննեսը «այն աշակերտն էր, որին Հիսուսը սիրում էր»։ Սիրո առարկա է, թույլ է տվել սիրել իրեն, և այդ կրավորական սերը այն փորձառութիւնն է, որն իրեն հայտնել է Քրիստոսի կենսական գաղտնիքը։

Եվ շրջվում է առ Աստված՝ լույսով խենթացած արևածաղկի նման։ Նա՝ սիրված աշակերտը, առաջինն է հավատում հարությանը. նրանն է Աստծո ամենափայլուն սահմանումը. «Աստված սեր է»։ Թույլ տալ սիրել քեզ. կրավորական այս սերը լի է հայտնություններով։

Ուրեմն սիրիր ինձ Դո՛ւ, ո՜վ Տեր։ Ինչպես Հովհաննեսին։

Թեև սիրելի չեմ, թեև սիրում եմ Քեզ շա՜տ քիչ, թեև հաճախ մոռանում եմ Քեզ, բայց Դու սիրի՛ր ինձ, Տե՜ր։ Երբ հոգնած եմ, երբ լի եմ կասկածներով, երբ ինքս ինձ խաբում եմ, կարծելով, թե սիրում եմ Քեզ, մինչ չեմ սիրում ուրիշներին, սիրի՛ր ինձ Դու, ո՜վ Տեր։

Եվ կիմանամ, որ Դու ողջ ես։

 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 64-65.