ԷՐՄԵՍ Մ. ՌՈՆՔԻ. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

 

Գործք Առաքելոց 5, 12-16

Եվ առաքյալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մեջ. և բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահի մեջ էին։ Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց հարգում էր։ Եվ ավելի ու ավելի էին շատանում Տիրոջը հավատացողները՝ տղամարդկանց և կանանց բազմությունը. այնքան, որ հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին։ Եվ շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմ. բերում էին հիվանդներ և պիղծ ոգիներից տանջվածներ, որոնք բոլորն էլ բժշկվում էին։

 

Հովհաննու Հայտնություն 1, 9-13.17-19

Ես՝ Հովհաննեսը՝ ձեր եղբայրը և Հիսուս Քրիստոսի միջոցով ձեր վիճակակիցը նեղության, թագավորության և համբերության, եղա այն կղզում, որ կոչվում է Պատմոս՝ Աստծո խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան, Առաջինը և Վերջինը. ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթը եկեղեցիներին, որ գտնվում են Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիվատիրում, Սարդիկեում, Փիղադեղփիայում և Լավոդիկիայում»։ Դարձա այդ ձայնի կողմը՝ տեսնելու համար, թե ո՛վ է ինձ հետ խոսողը։ Եվ իմ դառնալու ժամանակ տեսա յոթը ոսկե ճրագակալներ. և յոթը ճրագակալների մեջտեղում՝ մեկին, նման մարդու Որդուն՝ մինչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկե գոտի կապած. [...] Եվ երբ տեսա նրան, ընկա նրա ոտքերին ինչպես մեռել. և իր աջը դրեց իմ վրա ու ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա. և ահա՛վասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից»։ Ամեն։ «Եվ ունեմ մահվան ու դժոխքի փականքները։ Գրի՛ր, ինչ որ դու տեսնում ես, ինչ որ կա և ինչ որ այսուհետև սահմանված է, որ լինի»։

 

Հովհաննես 20, 19-31

Նույն կիրակի օրվա երեկոյան աշակերտները հավաքված էին մի տան մեջ, որի դռները փակված էին հրեաների վախի պատճառով։ Հիսուս եկավ, կանգնեց նրանց մեջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Այս ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերը և կողը. և աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը։ Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ Երբ այս ասաց, նրանց վրա փչեց և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»։ Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին, թե՝ Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց՝ խաղաղությո՜ւն ձեզ։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»։ Իր աշակերտների առաջ Հիսուս բազում ա՛յլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրված չեն։ Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է՝ Աստծո Որդին. նաև՝ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։

 


ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սերն իր պատմությունը գրեց Հիսուսի մարմնում վերքերի այբուբենով, որոնք այլևս անջնջելի են սիրո նման։ Գամերով բացված ծակեր կան Նրա ձեռքերի վրա, ուր Թովմասի մատը կարող է մտնել. նիզակի հարվածով բացված մի վերք կա Նրա կրծքավանդակի վրա, ուր ամբողջ ձեռքը կարող է տեղավորվել։ Եվ Թովմասի ձեռքի պատկերում ներկա են մեր բոլորիս ձեռքերը։

Հուզվում եմ տեսնելով, թե ինչպես է Հիսուսը ըմբռնումով մոտենում և հասկանում Թովմասի ցանկությունը, հավատալու նրա ցանկությունն ու ջանքը, և Ինքն է ընդառաջ գալիս, ներկայանում, տակավին ձեռք երկարում։ Եվ այսպես է վարվում նաև իմ հետ. կասկածներիս մեջ, տակավին, կրկին ու կրկին, ընդառաջ է գալիս ինձ։

Իր բոլոր վկաների դանդաղությունը հավատալու մեջ, նրանց երկարատև կասկածները մխիթարում են ինձ, որովհետև փրկում են ինձ այն աքցանից, որը կարծես ճզմում է այսօրվա մարդկանց. մի կողմից՝ կրոնական անտարբերությունը, առանց խորքի ու առանց փնտրտուքի. մյուս կողմից՝ ֆանատիզմն ու ֆոնդամենտալիզմը, առանց բանականության դրական նպաստի։

Վերջում Թովմասը հանձնվում է։ Եվ բնավ գրված չէ, թե իրոք հպվեց Հարուցյալի մարմնին։ Հանձնվում է ո՛չ թե հպմանը, այլ՝ Քրիստոսին, որ ընդառաջ է գալիս՝ իրեն հանդիպելու. հանձնվում է ո՛չ թե իր զգայարաններին, այլ՝ խաղաղությանը, այդ առաջին խոսքը, որ ութը օր շարունակ ընկերակցում է Հարուցյալին և որ արդ տարածվում է գերագույն առատությամբ. «Խաղաղությո՜ւն ձեզ»։

Խոսքը չի վերաբերվում մի մաղթանքի, մի պարզ խոստման, այլ՝ ստույգ հավաստման. խաղաղությունն այստեղ է, ձեր մեջ է, սկսվել է։ Խաղաղությունը շշնջացող ձայն է, չի աղաղակում, իրեն չի պարտադրում, այլ՝ առաջարկում է, Հարուցյալի նման. փոքրիկ խոնարհ նշաններով, մի դողով՝ հոգու մեջ, մի ուրախությամբ, որ աճում է, երազներով, որոնց մեջ այսուհետև բացակայում են արցունքները։

Իր այդ խաղաղությունն իջնում է մեր հոգնած ու վախվորած սրտերի վրա, իջնում է կասկածների ու պարտությունների մեր իրավիճակների վրա, մեր պատերազմների վրա։ Իր այդ խաղաղությանն ենք մենք հանձնվում, թեև աննշան ու անկարևոր է թվում նրան, ով սիրում է բեմն ու հանդիսավորությունը, որովհետև «եթե խաղաղություն չկա մեր ներսում, մենք էլ մեր շրջապատում չենք տարածի խաղաղություն. եթե կարգուկանոն չկա մեր ներսում, մեր շրջապատում չենք ստեղծի կարգուկանոն» (Ջ. Վաննուչչի)։

Գեղեցկագույն է Թովմասի հավատքի դավանությունը. «Տեր իմ և Աստված իմ»։ Դրանում համառոտ ամփոփված է զատկական ողջ փորձառությունը. Հիսուսը, ձախորդ ու ստորացուցիչ մահվան միջով անցնելով, այժմ հաղթանակածն է, բայց հաղթանակածն Իր մարմնի վրա տակավին կրում է մահվան դատապարտվածի վերքերը։

Խաչվածը հարություն է առել, բայց Հարուցյալը Խաչվածն է։ Խաչն առանց Զատիկի կույր է, Զատիկն առանց խաչի դատարկ է։ Քրիստոնեական հավատքի պարադոքսն է։ Ինձ, որ փնտրում եմ Աստծուն, միայն մի պատասխան է տրվում. Հիսուս։ Պոնտացի Պիղատոսի օրոք տեղի ունեցած այդ դեպքը թողնում է Պաղեստինը, նավաբեկվում է երկնքի մեջ, հավիտենականության մեջ, գոյությունների «ի սկզբանէ»ի մեջ։ Ես գիտեմ Աստծո մասին միայն այն, ինչ գիտեմ Հիսուս Նազովրեցու մասին։

Երկու անգամ Թովմասը կրկնում է այդ փոքրիկ դերանունը, – «իմ», – որ ամեն բան փոխում է, որ գալիս է Երգ Երգոցից («Սիրելին իմ ինձ, և ես՝ իրեն». 6, 3), որ չի մատնանշում խանդոտ տիրապետություն, այլ՝ այն, ինչը ինձնից գողացել է սիրտս. նկարագրում է այն, ինչն ինձ ապրել է տալիս, իմ լավագույն մասը, սիրելի ու թանկագին բաները, որոնցով կերտվում է իմ ինքնությունն ու իմ բերկրանքը։

«Իմ», ինչպիսին որ է սիրտը։ Եվ, առանց դրա, չէի լինի։ «Իմ», ինչպիսին որ է շնչառությունը։ Եվ, առանց դրա, չէի ապրի։

 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 66-67.