ԷՐՄԵՍ Մ. ՌՈՆՔԻ. « ՄԻ ԱՇԽԱՐՀ, ՈՐ ԼՑՎԵԼ Է ԱՍՏԾՈ ՇՆՉՈՎ »

 

 

 

 

 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

 

Գործք Առաքելոց 2, 1-11

Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն, սաստիկ հողմից եկածի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ա՛յլ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց արտասանել էր տալիս։ Եվ կային Երուսաղեմում բնակվող հրեաներ՝ ավելի երկյուղած մարդիկ, քան երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի մեջ։ Եվ երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ իրենցից յուրաքանչյուրի լեզվով էին նրանք խոսում։ Ամենքը հիանում էին ու զարմանում. ու միմյանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են. բայց ինչպե՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսել ենք։ Պարթևներ, մարեր և իլամացիներ, և նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում և Գամիրքում, Պոնտոսում և Ասիայում, Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում, և հռոմայեցի եկվորներ՝ թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ և արաբներ, – լսում ենք, որ նրանք խոսում են մեր լեզուներով՝ Աստծո մեծագործությունների մասին»։ Բոլորը զարմանում էին և միմյանց ասում. «Ի՞նչ պետք է լինի սա»։ Իսկ ուրիշներ, ծաղրելով, ասում էին. «Քաղցր գինուց հարբած կլինեն»։

 

Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 5, 16-25

Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ գնացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք։ Իսկ եթե Հոգով եք առաջնորդվում, ապա օրենքի տակ չեք. որովհետև մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, սանձարձակություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ, և սրանց նմաններ. սկզբից իսկ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Իսկ Հոգու պտուղն այս է. սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենքը դեմ չէ։ Իսկ նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ։ Եթե ապրում ենք Հոգով, ըստ Հոգու էլ ընթանանք։

 

Հովհաննես 15, 26-27; 16, 12-15

Բայց երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա կվկայի իմ մասին, կվկայեք և դուք, որովհետև սկզբից իմ հետ եք։ [...] Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։ Երբ որ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ. որովհետև ո՛չ թե ինքն իրենից կխոսի, այլ՝ ինչ լսի, այն կխոսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Նա ինձ պիտի փառավորի, որովհետև իմից պիտի առնի և պիտի հայտնի ձեզ։ Ամեն ինչ, որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թե իմից պիտի առնի ու պիտի հայտնի ձեզ։

 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Գալիս է Հոգին, ըստ Հովհաննեսի Ավետարանի, թեթև ու հանդարտ, ինչպես մի շունչ. «Փչեց նրանց վրա և ասաց. ''Առեք Սուրբ Հոգին''» (Հվհ 20, 22)։

Գալիս է Հոգին, Ղուկասի պատմության համաձայն, որպես կորով, քաջություն, առաքելություն, դռները կրնկի վրա բացող քամի, և հրեղեն խոսքեր (Գրծ 2, 2...)։

Գալիս է Հոգին, Պողոս Առաքյալի փորձառության մեջ, որպես պարգև, գեղեցկություն, յուրաքանչյուրի համար տարբեր հանճար (Գղտ 5, 22)։

Երեք տարբեր կերպեր՝ ասելու համար, որ Հոգին ճանաչում ու արգասավորում է կյանքի բոլոր ճանապարհները, կոտրում է կարծրացած սխեմաները, ''անխոհեմ'' էներգիա է, կախում չունի պատմությունից, այլ՝ պատմությունն է, որ կախում ունի Նրա ազատ ու ստեղծագործ քամուց։

Ամբրոզյան Ծեսը գեղեցկագույն խոսքեր ունի Հոգեգալստյան տոնի համար. «Ո՜վ Աստված, որ առաքեցիր Հոգին՝ բոցավառ հեղումը սիրո Քո կյանքի»։ Սիրո հեղում։ Սուրբ Հոգին Աստծո հափշտակությունն է (էքստազիս), հորդելը, ափերից դուրս գալը մի որոնող սիրո, որ ճնշում է, տարածվում, ողողում, իր առջև ճանապարհ է բացում դեպի մարդու սիրտը։

Կյանքի հեղում։ Սուրբ Հոգին այն է, ինչը որ ապրել է տալիս Աստծուն։ Աստված պարգևում է մարդուն այն, ինչը որ ապրել է տալիս Իրեն իսկ. Աստված չի ցանկանում, որ մարդը գոյություն ունենա Իրեն ծառայելու համար, այլ՝ որ ապրի Իրենով։ Չի ստեղծել մարդուն, որպեսզի ետ պահանջի նրան տված կյանքը, այլ՝ վերարթնացնելու համար նրա բոլոր էներգիաների ծածուկ աղբյուրը։

Բոցավառ հեղում. կրակի խորհրդանշանն ասում է, որ Հոգին որպես պարգև բերում է Էմմավուսի աշակերտների սիրտը տոչորող այրուցքը, հոգու բարձր ջերմաստիճանը, որն ընդդիմանում է սրտի անտարբերությանն ու անհոգությանը և հավատքի հիվանդագին ու անդամալույծ վիճակին, որի պատճառով ցամաքել է այսօրվա մարդն ու հավատացյալը։

Առաջին օրվա զարմանքը. « Ինչպե՞ս է, որ մեզնից յուրաքանչյուրը լսում է նրանց խոսքերը իր մայրենի լեզվով »։ Աստծո Հոգին ի սկզբանե և միշտ խոսում է յուրաքանչյուր մարդու, Իր խոսքն ուղղում է այն խորին, բնածին, էական մասին, որ յուրաքանչյուրի մեջ է և որ գալիս է ցեղի, ազգության, հարստության, մշակույթի, տարիքի, կրոնի բոլոր բաժանումներից առաջ։

Խոսքը չի վերաբերվում միայն Բաբելոնի լեզուների բաժանման վիճակի գլխիվայր շրջմանը. այժմ Հոգին խոսում է տոնակատարության ու վշտակրության, հոգնության ու կորովի իմ լեզուն։ «Աստծո խոսքը դառնում է իմ լեզուն, իմ կիրքը, իմ կյանքը, իմ հուրը» (Ա. Քազատի)։ Դառնում է իմ լավագույն մասը, յուրաքանչյուր խոսքի գաղտնի շունչը։

Եվ, ուրեմն, «Քո Հոգիով, ո՜վ Տեր, լի է երկիրը»։ Երկիրն իր անապատներով ու իր մշտադալար անտառներով, լույսով լի իր մանուկներով ու իր տարեցներով, և կանայք, որոնք ամենամոտիկներն են Աստծուն (Կ. Բոբին), երկիրը լի է Աստծո Հոգիով։

Եվ ուստրերն ու դուստրերը մարգարեանալու են, տարեցներն ու երիտասարդները տեսիլքներ են տեսնելու, ստրուկներն ու ստրկուհիները խոսելու են Աստծո մասին, ինչպես ասում է Հովելի մարգարեությունը։ Եվ ուրախությունն ու հարստությունը այս ամենի։

Երկիրը լի է Հոգիով։ Նայի՛ր շուրջբոլորդ, փնտրի՛ր, ակա՛նջ դիր քամուն անդունդների վրա, լսի՛ր սրտի շնչառությունը. երկիրը լի է Աստծով։ Փնտրի՛ր փրկարար գեղեցկությունը, Սերը յուրաքանչյուր սիրո մեջ։ Լի է երկիրը։ Եվ անխոնջ կերպով Աստծո Շունչը գարնան բեղմնափոշի է բերում և ցիրուցան է անում մահվան մոխիրները։

 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Կյանքի այբուբենը » (« L'alfabeto della vita ») գրքից, էջ 80-81.