ԷՐՄԵՍ Մ. ՌՈՆՔԻ. « ՄԻԱԿ ՕՐԵՆՔԸ, ՈՐ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ Է ՍԻՐՏԸ »

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

 

 

Թագավորաց Առաջին 26, 2-3.5-9.12-13.22-25

 

Սավուղը վեր կացավ և իսրայելացի երեք հազար ընտիր մարդկանցով իջավ Դավթին որոնելու Զիփ անապատում։ Սավուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրա, Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրա։ [...] Դավիթը վեր կացավ, գաղտագողի եկավ այն տեղը, ուր մնում էր Սավուղը, և գտավ նրա քնած տեղը։ Այնտեղ էր Ների որդի Աբենները՝ նրա զորապետը։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, իսկ նրա շուրջբոլորը նրա զորքն էր։ Դավիթը խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ ասաց. « Ո՞վ իմ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ »։ Աբեսսան ասաց. « Ե՛ս քո հետ կմտնեմ »։ Եվ Դավիթն ու Աբեսսան գիշերը մտան զորքի մեջ։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, գեղարդը սնարի մոտ գետինն էր ցցված, իսկ Աբեններն ու զինվորները նրա շուրջը ննջել էին։ Աբեսսան ասաց Դավթին. « Տերն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մեկ անգամից գետին գամեմ սրան և էլ հարվածս չկրկնեմ »։ Դավիթն ասաց Աբեսսային. « Մի՛ սպանիր նրան, քանզի ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և թողություն ստանալ »։ [...] Դավիթն առավ նրա սնարի մոտ դրված գեղարդն ու ջրի կուժը, և գնացին։ Ոչ ոք ոչինչ չտեսավ կամ չիմացավ կամ չզարթնեց, քանզի թմրությունը Տիրոջ կողմից իջած լինելով նրանց վրա՝ բոլորը քնի մեջ էին։ Դավիթն այն կողմ անցավ, բարձրացավ լերան գագաթը և կանգնեց հեռվում. իր ու Սավուղի զորքի միջև երկար տարածություն կար։ [...] Պատասխան տվեց Դավիթն՝ ասելով. « Ահավասիկ արքայի գեղարդը։ Թող ծառաներից մեկը գա և վերցնի սա։ Թող Տերն ամեն մեկին ըստ իր արդարության և հավատարմության հատուցի։ Տերն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցա իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։ Եվ ահա, ինչպես քո անձը այսօր իմ աչքին պատվական երևաց, իմ անձն էլ Տիրոջ առջև այնպես պատվական թող երևա, ինձ զորացնի ու փրկի ամեն տեսակ նեղությունից »։ Սավուղն ասաց Դավթին. « Օրհնյալ ես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու հաջողություն ես գտնելու և զորանալով զորանալու ես »։

 

 

Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 15, 45-49

 

« Այսպես էլ գրված է. « Առաջին մարդը՝ Ադամը, եղավ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի »։ Բայց ո՛չ նախ հոգևորը, այլ՝ շնչավորը և ապա՝ հոգևորը։ Առաջին մարդը՝ երկրից, հողեղեն, իսկ երկրորդ մարդը՝ Տերը՝ երկնքից։ Ինչպես հողեղենն է, նույնպես և հողեղեններն են, և ինչպես երկնավորը, նույնպես և՝ երկնավորները։ Եվ ինչպես որ կրեցինք հողեղենի պատկերը, նույնպես և պիտի կրենք երկնավորի պատկերը »։

 

 

Ղուկաս 6, 30-41

 

« Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում եք ինձ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո՛ւն արեք. օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթեցե՛ք։ Ով ապտակում է քո այտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու. և ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ։ Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և ինչ որ մեկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր։ Եվ ինչպես կամենում եք, որ անեն ձեզ մարդիկ, այնպես արե՛ք և դուք նրանց։ Եվ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին։ Եվ եթե ձեր բարերարներին բարություն անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից հետ առնելու ակնկալություն ունեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են փոխ տալիս մեղավորներին, որպեսզի նույն չափով հետ առնեն։ Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։ Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է »։ « Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք, և չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք Աստծուց, տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նո՛ւյն չափով պիտի չափվի ձեր համար »։

 

 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 

Պիտի սիրես քո թշնամիներին։ Պիտի սիրես, առաջինը դո՛ւ, ո՛չ թե մի սիրո պատասխանելու համար, այլ՝ կանխելու համար այդ սիրույն, այդ սերը ծնելու համար։ Պիտի սիրես առանց ուրիշ ոչինչ ակնկալելու, քան ինքնին սերը։

 

Պիտի սիրես մինչև իսկ այն, ինչը սիրելի չէ։ Ինչպես վարվում է Աստված։

 

Միակողմանի կերպով։ Տալու և ունենալու հավասարակշռության մեջ, սիրո հաշվեկշռի խաբեապատիր հավասարման մեջ Հիսուսը ներածում է մի անհավասարակշռություն. « Տվե՛ք. առատորեն, խենթորեն տվե՛ք. աղոթեցե՛ք, տվե՛ք, օրհնեցե՛ք, փո՛խ տվեք, արե՛ք, առաջինը դո՛ւք, առանց փոխարենը շահույթ՝ փոխադարձ սեր կամ ուշադրություն կամ ուրիշ որևէ բան ակնկալելու, ընկերներին ու թշնամիներին »։

 

« Անհնարին է սիրել թշնամիներին », վստահեցնում է արդի հոգեբանության հայրը համարվող Ֆրոյդը։ Երկրային այս իմաստությանը Քրիստոսի աշակերտը պատասխանում է. « Այո՛, անհնարին է, հենց դրա՛ համար էլ անելու եմ։ Որովհետև անհնարին ոչինչ չկա Աստծո մոտ (Ղկս 1, 37) »։ Եթե ամեն ոք սիրեր իր թշնամուն, այլևս թշնամիներ չէին մնա երկրի վրա։ Եթե ամեն ոք մոտեցներ նաև մյուս այտը, ապտակելիք այտեր այլևս չէին լինի։

 

« Մյուս այտդ էլ մոտեցրու » նշանակում է. մի կողմ դիր պաշտպանություններդ, եղիր անզեն, վախ մի՛ ներշնչիր, ցույց տուր, որ ոչինչ չունես պաշտպանելիք, և ո՛չ իսկ ինքդ քեզ, և դիմացինդ կհասկանա քեզ թշնամի լինելու անհեթեթությունը։

 

« Մյուս այտդ էլ մոտեցրու ». խոսքը հիվանդագին կրավորականության (պասսիվության) մասին չէ նրա, ով ընդունակ չէ հակազդելու. խոսքն ավելի շուտ մի նախաձեռնության մասին է. մի՛ փակիր, վերստին կյանք տուր հարաբերությանը, դու առաջինը մի առաջին քայլ արա՝ ներելով, վերսկսելով, սիրելով առանց փոխադարձ սիրվել ակնկալելու։ Գործնական սեր է այն սերը, որի մասին խոսում է Հիսուսը. մի սեր, որ արտահայտվում է ձեռքերով, զգեստներով, փոխատվություններով, կոնկրետ բայերով։ Սեր գոյություն չունի առանց «անել»ու։

 

« Սկզբում Աստված ասաց Կայենին. Ի՞նչ ես արել եղբորդ՝ Աբելին։ Վերջին օրը ասելու է Աբելին. Ի՞նչ ես արել եղբորդ՝ Կայենին » (Ն. Բերդյաև)։ Աբելը հարություն է առնելու ո՛չ թե վրիժառության համար, այլ՝ պահպանելու համար Կայենին։ Երկիրը կնորոգվի, երբ զոհերը կսկսեն հոգ տանել իրենց դահիճների հանդեպ։ Մինչև որ կփոխեն նրանց սրտերը։ Սերը « վերստին արարող » է։ Երբ Աբելը կդառնա իրեն սպանողի մերձավորը, այդ ժամանակ Աստծո Արքայությունն իսկապես մոտիկ կլինի յուրաքանչյուր մարդու սրտին։

 

Հիսուսը հերոսների չի կանչում հավաքվելու Իր Արքայությունում, ո՛չ կրակ ու ապառաժ մարդկանց, այլ՝ յուրաքանչյուր ճշմարիտ մարդու։ Արդարև. « Այն, ինչ ուզում եք ձեր համար, դուք էլ նույնը ուրիշներին արեք »։ Օրենքի հրաշալի պարզեցում է սա. ես կսովորեմ այն, ինչ պետք է անեմ, ունկնդրելով իմ իսկ ցանկությունը։

 

Իսկ այն, ինչ ցանկանում եմ իմ համար, սա է. ուզում եմ սիրված լինել, և որ ինչ որ մեկն օրհնի ինձ, և որ աղոթեն իմ համար. ուզում եմ, որ ինձ բարի փոխհատուցեն չար գործերիս փոխարեն, և որ կարողանամ մի ընկերոջ վերարկուով ծածկվելու հույսն ունենալ. ուզում եմ, որ վստահեն ինձ և ներեն ինձ նաև հազարերորդ անգամ և ավելի. ուզում եմ, որ խրախուսեն ինձ, քաջալերեն, ոգևորեն, գնահատեն այն, ինչը որ բարի ու դրական է ինձնում, և քիչ կարևորություն տան այն բաներին, որոնք իմ մեջ վատ ու բացասական են։

 

Սա՛ եմ ուզում իմ համար, սա՛ պետք է աշխատեմ տալ ուրիշներին։ Սա՛ պետք է լինի իմ կատարելության ճանապարհը։ Սիրտն ընդարձակող այս օրենքը, մարդու ճշմարտությունը և Աստծո ճշմարտությունը։

 

 

 

 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 46-47.