ԷՐՄԵՍ Մ. ՌՈՆՔԻ. « ՄԻ ԲՈՒՌ ԱՐԱՐԱԾՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՌԱԳԱՍՏՆԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ՇՆՉՈՎ »

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

 

 

Գործք Առաքելոց 4, 32-35

Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերը իրենն են, այլ՝ ամեն ինչ նրանց համար հասարակաց էր։ Եվ առաքյալները մեծ զորությամբ վկայություն էին տալիս Տեր Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Ու նրանց բոլորի վրա մեծամեծ շնորհներ կային։ Եվ նրանց մեջ ոչ ոք մի բանի կարոտ չէր, որովհետև, ովքեր գյուղերի կամ ապարանքների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը բերում ու դնում էին առաքյալների ոտքերի առաջ, և նրանք բաշխում էին յուրաքանչյուրին՝ ում ինչքան պետք էր լինում։

 

Հովհաննես Առաքյալի Ընդհանրական Առաջին Նամակը 5, 1-7

Ամեն ոք, ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված. և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաև նրանից ծնվածին։ Սրանո՛վ ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները. քանզի ա՛յս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Եվ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատքը։ Եվ ո՞վ է, որ հաղթում է աշխարհին, եթե ո՛չ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծո Որդին։ Սա է, որ եկավ ջրով, Հոգով և արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ո՛չ միայն ջրով, այլև արյամբ և ջրով։ Եվ Հոգին է, որ վկայում է, որովհետև հենց Հոգին է ճշմարտությունը։

 

Ավետարան ըստ Հովհաննեսի 20, 19-31

Նույն կիրակի օրվա երեկոյան աշակերտները հավաքված էին մի տան մեջ, որի դռները փակված էին հրեաների վախի պատճառով։ Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Այս ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերը և կողը. և աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը։ Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ Երբ այս ասաց, նրանց վրա փչեց և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»։ Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին, թե՝ Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ։ Հիսուսը եկավ փակ դռների միջով, կանգնեց մեջտեղում ու ասաց՝ Խաղաղությո՜ւն ձեզ։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուսը նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»։ Իր աշակերտների առաջ Հիսուսը բազում ա՛յլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրված չեն։ Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին. նաև՝ որպեսզի հավատաք և նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։

 

 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ութ օր հետո եկավ Հիսուսը, փակ դռների միջով։ Մխիթարվում եմ մտածելով, որ նույնիսկ եթե դռներն Իր առաջ փակ է գտնում, Նա իսկույն չի հեռանում ու գնում, այլ՝ շարունակում է Իր քաղցր ու անողոք պաշարումը։ Ութ օր անց Նա դեռ այնտեղ է. Լքվածը վերադառնում է նրանց մոտ, ովքեր միայն լքել գիտեն, Դավաճանվածը վերադառնում է նրանց մոտ, ովքեր Իրեն թողել էին թշնամիների ձեռքում։

Եկավ և կանգնեց նրանց մեջտեղում։ Հիսուսի հայտնությունները երբեք չեն կատարվել պարտադրման ահեղ գոչյուններով։ Ինքն Իր մասին չի մտահոգվում, Նա՝ Հարուցյալը, այլ՝ Մագդաղենացու լացով, կանանցով, որոնք գնում, մանավանդ թե՝ վազում են դեպի գերեզման, անուշահոտ օծանելիքներով պատելու Իր բզկտված մարմինը, Առաքյալների վախով է մտահոգվում, Թովմասի դժվարություններով, Իր ընկերների դատարկ ցանցերով, երբ վերադառնում են այն լճի ափին, որտեղից ամեն ինչ սկսվել էր։ Դեռ և միշտ կրում է այն գոգնոցը, որ Վերջին Ընթրիքի ժամանակ հագավ, որպեսզի լվանար աշակերտների ոտքերը։ Երբեք չի գալիս ինչ որ մի բան ուզելու, միշտ գալիս է օգնություն բերելու։ Սրա համար է, որ անհնարին է Իրեն ուրիշ ինչ որ մեկի հետ շփոթելը։

«Խաղաղությո՜ւն ձեզ», ասում է։ Խոսքը չի վերաբերվում մի պարզ մաղթանքի, այլ՝ մի հավաստման. կա՛ խաղաղություն ձեր համար, խաղաղություն է ձեր ներսում, աճող խաղաղություն։ «Շալոմ», ասում է, իսկ սա աստվածաշնչյան այն բառն է, որը շա՜տ ավելին է նշանակում, քան սոսկ պատերազմների ու բռնությունների ավարտը, ուղղասիրտների ուժն է բերում հալածանքների ներսում իսկ, արդարների անդորրը՝ անարդարությունների ներսում և անարդարությունների դեմ, կրքոտ կյանք է բերում հանգած կյանքերի մեջ, բերում է լիություն ու ծաղկում։

Փչեց նրանց վրա և ասաց. «Ստացե՛ք Սուրբ Հոգին»։ Այդ մի բուռ արարածների վրա, իրենք իրենց մեջ փակված ու սարսափահար, իջնում է սկզբնածին Քամին, որ շրջում էր ջրերի վիհերի վրա, հազիվ զգալի Քամին, որ Քորեբ լեռան վրա փչում էր Եղիա Մարգարեի վրա, և որը մի քանի շաբաթ հետո դղրդացնելու էր Վերնատան դռները. «Ահա՛, ես առաքում եմ ձեզ»։ Եվ նրանց առաքում է հենց այդպես, ինչպիսին որ են, դյուրաբեկ ու դանդաղ, բայց որպես հավելում ունեն Ի՛ր ուժը, Ի՛ր Հոգին, Կյանքի այդ հուժկու Քամին, որն այդ օրվանից սկսած անդադար փչելու է նրանց վրա և ուռեցնելու է նրանց առագաստները, և դրանք լցնելու է Աստծո Շնչով։

«Թովմա՜ս, դի՛ր մատդ այստեղ՝ գամերի բացած վերքերի մեջ, պարզի՛ր ձեռքդ, հպվի՛ր»։ Հարուցյալ Հիսուսն ուրիշ բան չի կրում Իր վրա, քան միայն՝ Խաչյալի վերքերը, կրում է ոսկին այն վերքերի, որոնցով մենք առողջացանք։ Վերքերի մեջ կա սիրո ոսկին։ Վերքերը սրբազան են, Աստված այնտեղ է, վերքերի մեջ, ոսկու կաթիլի նման։ Հիսուսը չի գայթակղվում, Թովմասի կասկածների պատճառով չի զայրանում, հավատալու հարցում նրա զգացած դժվարությունների համար նրան չի հանդիմանում, այլ՝ կրկին մոտենում է, և դեպի նա պարզում է այն ձեռքերը, որոնց վրա Սերը գրի է առել իր ոսկեղեն պատմությունը։

Թովմասին բավական է այս ժեստը։ Ով դեպի քեզ պարզում է իր ձեռքերը, ով չի դատում քեզ, այլ՝ քաջալերում է, խրախուսում, ոգևորում, և քեզ ընծայում է մի ձեռք, որի գրկում կարող ես հանգստանալ և վերագտնել քաջության շունչը, Հիսուսն է։ Չես կարող սխալվել։

Երանի՜ նրանց, ովքեր չեն տեսել, և սակայն հավատում են։ Սա մի երանություն է, որը զգում եմ որպես իմը, որը հեշտ է, բոլորի համար է, նրանց համար, ովքեր ջանք են գործադրում, ովքեր փնտրում են խարխափելով, ովքեր տակավին չեն տեսնում, ովքեր վերսկսում են։ Մեր համար, որ ութօրեից ութօրե շարունակում ենք հավաքվել Իր Անունով, երկուհազար տարվա հեռավորության վրա։ Երանի՜ մեզ, որ «Նրան սիրում ենք առանց Նրան տեսած լինելու» (1Պտ 1, 8)։

 

 

Հայր Էրմես Մարիա Ռոնքիի համացանցային կայքէջից