Հարց. «Ինչո՞ւ ենք մենք՝ քրիստոնյաներս գործածում Հին Կտակարանը»։

 

 

 

 

 

 

 

 

 

Հարց. - Ինչո՞ւ ենք մենք՝ քրիստոնյաներս գործածում Հին Կտակարանը։ Լավ, հասկանալի են առաջին մի քանի գրքերը, իսկ մնացածը ի՞նչ կապ ունեն մեզ հետ։ Դրանք հրեական պատմությանը վերաբերվող գրքեր են։

Պատասխան. - Դրանք նախևառաջ մարդկային պատմության մեջ Աստծո միջամտությունների պատմությունն են։ Մենք դրանք չենք գործածում, որովհետև հրեա ժողովրդի պատմությունն են, այլ՝ նրա համար, որ Աստծո հավատարմության, ողորմության, ճշմարտության հայտնությունների, բերած փրկագործության պատմությունն են։ ... Հարկավոր է տարբեր տեսանկյունից դիտել հարցին։ ... Ինչ վերաբերվում է հրեաներին, այդ գրքերը այնքան հրեաների պատմությունը չեն, որքան հրեաների մեղքերի ու դավաճանությունների ու մարդկային խեղճությունների պատմությունները (որոնք բնորոշ են բոլոր մարդկանց), բայց միաժամանակ՝ այդ խեղճությունների ու մեղքերի մեջ՝ հրեա ու ոչ-հրեա մարգարեների ու իմաստունների խորհրդածությունների, հույսի, զղջման, արդարության ու ճշմարտության փնտրտուքի պատմությունն են, որոնք նույնպես բնորոշ են ամբողջ մարդկությանը։ ... Ապա, - ինչը նվազ կարևոր չէ, - որովհետև չկա ծառ առանց արմատների, և Քրիստոնեությունը բնորոշվում է հենց նրանով, որ պատմական կրոն է, այսինքն՝ հիմնվում է պատմության վրա, ո՛չ թե առասպելների։ ... Կարելի է ա՛յլ պատճառներ ևս թվել, բայց սրանք ամենակարևորներն են։ ... Անշուշտ ավելացնելով ու ընդգծելով ևս մեկ անգամ, որ Հին Կտակարանի գրքերը մեր համար կարևոր են միայն այնքանով, որ կազմում են Նորի նախապատրաստությունը, նախապատմությունը, բայց աստվածաբանական նույն լիությունը չունեն, ինչ Նոր Կտակարանի գրքերը, որոնց մեջ է Հնի լիությունը, կատարելությունը։

Համենայն դեպս, սխալ է նաև ասել, թե սոսկ հրեական գրքեր են. ճիշտ է, մեզ են հասել հրեաների կողմից պահպանվելով, բայց այնտեղ ներկա է ողջ եգիպտա-միջագետքյան մշակույթը, մինչև իսկ ամենահին հայկականը։ ... էլ չեմ ասում այն մասին, որ կարևորագույն սկզբունքներ են պարունակում համամարդկային իրավական համակարգի զարգացման ոլորտում, փիլիսոփայական հիմնական գաղափարների ճշգրտման հարցում, ինչպիսին է, օրինակի համար, անձի գաղափարն ու հասկացողությունը, և այլն, և այլն ... ։

 

Հարց. - Այո՛, բայց օրինակ՝ Հուդիթի, Տովբիթի, Եսթերի ու նման ա՛յլ գրքեր, ինչո՞ւ են ներառնված Սուրբ Գրքի մեջ։ Եվ մի բան էլ. երբ կարդում եմ Հին Կտակարանն ու Նոր Կտակարանը, կարծես լրիվ տարբեր գրքեր լինեն ու ոչ մի կապ չունենան։

Պատասխան. - Ինչ վերաբերվում է Հուդիթի և Տովբիթի գրքերին, հարկավոր է ասել, որ դրանք հրեաներն ընդհանրապես չեն ընդունում իրենց Սուրբ Գրքում, ինչպես նաև բողոքական քրիստոնյաները դրանք համարում են պարականոն։ Միայն Կաթողիկե ու Օրթոդոքս (նաև Հայ) Եկեղեցիներն են դրանք ներառնում Հին Կտակարանի գրքերի մեջ, թեև դրանք անվանվում են Երկրորդականոն, ի տարբերություն Առաջնականոնների։ Դրանք հոգևոր պատգամներ պարունակող գրքեր են, որոնց վերաբերյալ Եկեղեցին ճանաչել է աստվածաշունչ, այսինքն՝ Աստծուց ներշնչված լինելը, որով ուսանելի պատգամներ են պարունակում մեր համար։ Ինչպես նաև, պարունակում են մարգարեական այլաբանություններ (ալլեգորիաներ). օրինակ՝ կին Հուդիթը, որ կտրում է բռնակալի գլուխը և ազատում է իր ժողովրդին, ո՛չ միայն գեղեցիկ հայրենասիրական պատկեր է (այն էլ մի կնոջ, այդ դարաշրջանում), այլ նաև կարող է նկատվել որպես պատկերը Եկեղեցու, որ Մայր է և Հարս, և իր զավակներին ազատում է բռնակալի՝ սատանայի իշխանությունից։ Մի խոսքով, այլաբանություններ են, որոնք ոչ ոքի ոչ մի վնաս չեն տալիս (անշուշտ եթե ընդունվում են պարզ սրտով)։
Տովբիթի գիրքն էլ գեղեցիկ պատմություն է այն մասին, որ Աստված խնամում է ո՛չ միայն ժողովրդին իբրև հավաքական հասկացողություն, այլ՝ յուրաքանչյուր անհատի, առաքելով Իր հրեշտակապետին, առաջնորդելով Իր մտերիմներին, նաև նրանց կյանքի առօրյա կարիքներում և մինչև իսկ ամուսնական որոնումների մեջ։
Այնպես չէ, որ եթե մեկը չկարդա այդ գրքերը, կդադարի քրիստոնյա լինել, բայց գեղեցիկ ուսանելի պատմություններ են։
Նույնը Եսթերի գիրքը. գրեթե ամբողջովին այլաբանություն է (ալլեգորիա), թե ինչպես թագուհի դարձած աղքատ աղջիկը (Եկեղեցին) փրկում է իր ժողովրդին ցեղասպանությունից։ Հին Կտակարանը, կրկնում եմ, հարկավոր է նկատել որպես մարգարեություն, որպես Նորի նախապատրաստություն։ Ա՛յլ կերպ նրա իմաստը մնում է անընկալելի։ Եկեղեցին այս մոտեցումն ունի, այս մոտեցումն է ունեցել միշտ։

Եվ մինչև այժմ ասածներիցս պարզ է դառնում նաև մյուս հարցի պատասխանը։ Անշուշտ, որակական ցատկ կա Հնի ու Նորի միջև, ինչպես որ բնական է, որ այդ տարբերությունը լինի նախապատկերող ստվերի և իր լրմանը հասած իրականության միջև։ Կամ, վերադառնալով ինձ շատ հաճելի պատկերին, անշուշտ թե տարբերություն կա ցեխի մեջ խրված արմատի և ճյուղից կախված անուշահամ ծիրանի միջև, բայց դրանք երկուսն էլ միևնույն իրականության՝ ծառի մաս են կազմում, և միևնույն կյանքի ավիշն է մեկից մյուսին հոսում։

 

( հարցրեց՝ Ավագ Ստեփանյան, պատասխանեց՝ Տեր Մաշտոց Ղազարյան )