ԹՈՄԱՍ Մ. ԳՐԱՆԱԴՈՍ, « ՍԵՐՆ ԻՐ ԷՈՒԹՅԱՄԲ ԻՍԿ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ »

 

 

 

 

 

 

 

 

 

Հատված Թոմաս Մելենդո Գրանադոսի (ծնվ. 1951թ.) « Ութ դասախոսություն մարդկային սիրո մասին » (« Otto lezioni sull'amore umano ») գրքից, էջ 35-36.



[...] Սիրել առանց սիրված լինել փափաքելու՝ հակասում է մարդու արարածային վիճակին. Աստծուն հավասարվելու հավակնությունն է, բայց մի կեղծված ու խարդախված Աստծո. արդարև, քրիստոնյաների Եռանձն Աստվածը ներկայանում է որպես Սիրո շրջանառություն, ուր Անձերից յուրաքանչյուրը սիրում է մյուս երկուսին և Նրանց կողմից սիրված է ։

Սիրել առանց պատասխան սեր ակնկալելու, հետևաբար, մարդկային չէ, բայց աստվածային էլ չէ. համապատասխանում է այն գռեհիկ ծաղրանկարին, որ մարդը պատկերացնում է Աստծո վերաբերյալ, երբ ցանկանում է գրավել Նրա տեղը։

Այս առումով տեղին են Սբ. Թովմա Աքվինացու խոսքերը, որոնք, թերևս, մատնանշում են մի առավել ապահով ուղու սկիզբը։ Նա կտրուկ կերպով հաստատում է, որ ընտրության սերը, որ կամային իրականություն է, «երկու անձի պատկանող իրականություն է. սերը, որ բխում է կամքի համաձայն, բխում է երկու անձերից, որոնք սիրում են միմյանց փոխադարձաբար» (Սբ. Թովմա Աքվինացի, De potentia [Կարողության մասին], q. 9, a. 9 ad 20):

Պարզ է դառնում այստեղ, որ անպատասխան, չփոխադարձված սերը, «միակողմանի» սերը, դա թերի սեր է. և որ իրական ու անխարդախ սերն իր լիությանը հասնում է միմիայն այն ժամանակ, երբ ներգրավում է սիրելու կարողությունը երկու էակների, որոնք գրավում են մեկը մյուսին, իրենց էությամբ կոչ են անում, հրավեր են ուղղում մեկը մյուսին։

Եվ, փաստացի, սերը ձեռք է բերում իր ամբողջ մեծությունը իբրև սեր միայն այն ժամանակ, երբ փոխադարձվում է. այն աստիճան, որ կարող ենք հաստատել, որ սերն իր էությամբ իսկ պահանջում է փոխադարձություն ։ [...]