ԱՆՐԻ ԴԸ ԼՅՈՒԲԱՔ. «ՄԵՐ ՄԻԱԿ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է»

 

 

 

 

 

 

 

 

 

Հատված կարդինալ Անրի Դը Լյուբաքի (1896-1991) « Խորհրդածություններ Եկեղեցու մասին » (« Meditazioni sulla Chiesa ») գրքից, էջ 265-270.
 
 
 
[...] Երբ չենք կարողանում այլևս Եկեղեցու մեջ տեսնել ուրիշ ոչինչ, այլ միայն՝ իր մարդկային արժանիքները. երբ այլևս նկատում ենք այն սոսկ իբրև գործիք - նույնիսկ եթե ազնիվ կամ ազնվագույն, որքան որ կամենում եք - ինչ որ մի աշխարհային նպատակի հասնելու նկատառմամբ. երբ նրա մեջ այլևս անընդունակ ենք լինում բացահայտելու - ինչ որ մի անորոշ կերպով քրիստոնյա մնալով հանդերձ - հավատքի խորհուրդը. այլևս բացարձակ կերպով անընդունակ ենք դառնում ըմբռնելու նրա իսկությունը։ Այն տեսանկյուններն անգամ, որոնցով հիանում ենք, ապականվում են։ Գովասանքը, որ արտաբերում ենք, ա՛յլ բան չէ այլևս, քան սոսկ ունայնություն, երբ չի դառնում ուղղակի սրբապիղծ աստվածանարգություն։

Հաճախ, օրինակի համար, Եկեղեցին չի նկատվում այլևս ուրիշ որևէ մի բան, քան սոսկ՝ մի տեսակ թանգարան, որից կյանքը հեռացել է կամաց կամաց, և բոլոր գովասանքները, որոնք այն տակավին ստանում է, ուղղվում են նրա անցյալին միայն։ Կամ էլ՝ այն դառնում է պատերազմի դաշտ ընդդիմադիր ուժերի միջև, որոնք ցանկանում են մեկը մյուսից խլել այս բարոյական ուժի օգնությունը։ Կողմերից յուրաքանչյուրը նրան պարտադրում է կողմ արտահայտվել իր սեփական դատին, որն ինքը վերածում է մի տեսակ խաչակրաց արշավանքի. կողմ իր սեփական կուսակցությանը, որը բարձրացնում է միստիկայի մակարդակի։ Ոմանք նրան մեղադրում են որպես «պահպանողական», մյուսները՝ որպես «հեղափոխական»։ Երբ թվում է, թե մի կողմը կարողանում է իր կողմն ունենալ նրա բարեհաճությունը, մյուսները հեռանում են նրանից, և պատճառները, որոնցից մղված՝ առաջինները նրան գովաբանում են, մյուսների համար դառնում են նույնքան վավերական պատճառներ նրան փնովելու ու մեղադրելու համար։

Սրանից երբեմն սերում են պարադոքսային իրավիճակներ, երբ ոմանք համառորեն պաշտպանում են Եկեղեցուն առանց հավատալու նրա աստվածային առաքելությանը, իսկ ուրիշներ սկսում են կասկածանքով դիտել նրան, որովհետև իրենց չի հետևում իրենց երազանքների մեջ։ Այստեղ կամ այնտեղ, երբեմն թվում է, թե նա ինքն իրեն վտանգի է ենթարկում, կամ թույլատրում է, որ իրեն վտանգի ենթարկեն, որովհետև նրան նեցուկ կանգնող Հոգին բոլոր նրանց, որ նրան ներկայացնում են, կամ որ ասում են, թե նրան պատկանում են, չի պարգևում տկարություններից զերծ հայտնատեսություն կամ ուժ, ո՛չ էլ վերապահում է նրանց բոլոր տեսակի սխալ քայլերից։ Եղել են ո՛չ միայն քաղաքական գործիչներ, այլ՝ երբեմն նաև հենց Եկեղեցու այրեր, որոնք առանց վարանելու փորձել են Քրիստոսի Հարսին դարձնել իրենց մարդկային ծրագրերի իրականացմանը ծառայող գործիք։ [...]

Ո՛չ. եթե Հիսուս Քրիստոսը չէ իր հարստությունը, Եկեղեցին թշվառ է։ Եկեղեցին ամուլ է, եթե Հիսուս Քրիստոսի Հոգին չի արգասավորում իրեն։ Եկեղեցու կառույցը փլվում է, եթե Հիսուս Քրիստոսը չէ նրա ճարտարապետը, և եթե Հիսուս Քրիստոսի Հոգին չէ շաղախը, որ միմյանց միացած է պահում կենդանի քարերը, որոնցով այն կառուցված է։ Գեղեցկությունից զուրկ է Եկեղեցին, եթե իր մեջ չի հայելացնում միակ գեղեցկությունը Հիսուս Քրիստոսի դեմքի, և եթե այն ծառը չէ, որի արմատները Հիսուս Քրիստոսի չարչարանքներն ու Խաչն են։ Գիտությունը, որով պարծենում է, կեղծ է. կեղծ է իմաստությունը, որով զարդարված է, եթե երկուսն էլ չեն միահյուսվում ի Քրիստոս Հիսուս. և եթե իր լույսը «լուսավորված լույս» չէ, որ ամբողջովին գալիս է Հիսուս Քրիստոսից, այն խորասուզված պահում է մահվան խավարի մեջ։ Սուտ է իր ողջ վարդապետությունը, եթե չի ավետում ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսն է։ Ունայն է իր ողջ փառքը, եթե այն չի կայացնում Հիսուս Քրիստոսի խոնարհության մեջ։ Եկեղեցու անունն ինքնին արհամարհելի է մեզ, եթե իսկույն չի հղում Հիսուս Քրիստոսի Անվանը, որ տրվել է մարդկանց նրանց փրկության համար։ Եկեղեցին մեր համար ոչինչ չի նշանակում և ոչինչ էլ չի ներկայացնում, եթե մեր համար տեսանելի խորհուրդը, արդյունավետ նշանը չէ Հիսուս Քրիստոսի։ [...]