ՌԱՆԻԵՌՈ ԿԱՆՏԱԼԱՄԵՍՍԱ. « ԲԱԲԵԼՈՆ ԵՎ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ »

 

 

 

 

 

 

 

 

 

Հատված Հայր Ռանիեռո Կանտալամեսսայի (ծնվ. 1934թ.) « Հոգու երգը » (« Il canto dello Spirito ») գրքից, էջ 251-252.


[...] Բոլորը հասկանում էին Առաքյալներին, որովհետև նրանք խոսում էին ո՛չ թե իրենք իրենց, այլ՝ Աստծո մասին։ [...] Ասում է քրիստոնյան փիլիսոփային. «Դու՝ մտածիր, ես՝ հիանում եմ»(1)։

 
Եկեղեցու Հայրերը խորաթափանց խորհրդածություններ են կատարել Բաբելոնի մասին, բայց մի կետում նրանք սխալվում էին։ Կարծում էին, թե Բաբելոնի աշտարակը կառուցողներն անաստվածներ էին, տիտաններ, որ ցանկանում էին մարտահրավեր նետել Աստծուն։ Բայց այդպես չէր։ Նրանք բարեպաշտ ու կրոնասեր մարդիկ էին։ Աշտարակը, որ ցանկանում էին կառուցել, ա՛յլ բան չէր, քան մեկն այն հռչակավոր բազմահարկ տաճարներից, որ կոչվում էին «ձիգգուրաթ» և որոնց ավերակները դեռ տեսանելի են Միջագետքում։ Ինչո՞ւմն էր կայանում, ուրեմն, մեղքը։ Նրանք ցանկանում էին տաճար կառուցել հանուն Աստծո, բայց ո՛չ Աստծո համար. իրե՛նց փառքի համար, ո՛չ թե Աստծո։ Կարծում էին, որ եթե մի տաճար կառուցեին, որն ավելի բարձր կլիներ, քան շրջակայքում գտնվող մյուս տաճարները, կկարողանային Աստծո հետ խոսել մի առավել հզոր դիրքից և այդպիսով կկարողանային Նրանից նպաստներ ու հաղթանակներ կորզել։

 
Այս տեսանկյունից դիտված, Բաբելոնի աշտարակաշինության ողջ պատմությունն իր ամբողջ էությամբ հանկարծակի դառնում է մեզ շա՜տ ու շա՜տ մոտիկ։ Բաբելոնն ու Հոգեգալուստը երկու շինհրապարակներ են, որ տակավին գործում են պատմության մեջ։ Օգոստինոսն այս կետի վրա է հիմնել իր «Աստծո քաղաքի մասին» աշխատությունը։ Աշխարհում երկու քաղաքներ են կառուցվում. Բաբելոնը, որի հիմքում ընկած է սեփական եսի հանդեպ սերը, մղված՝ Աստծո հանդեպ արհամարհանքի չափ, և Աստծո քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որի հիմքում դրված է Աստծո հանդեպ սերը, մղված՝ սեփական եսի հանդեպ արհամարհանքի չափ։ Յուրաքանչյուր ոք կանչված է ընտրելու, թե այս շինհրապարակներից ո՞ր մեկում է ցանկանում աշխատել։ Հովվական որևէ նախաձեռնություն, որևէ առաքելություն, կրոնական որևէ ձեռնարկ, նաև ամենասուրբ նկատվածը, կարող է կա՛մ Բաբելոն լինել, կա՛մ Հոգեգալուստ։ Բաբելոն է, եթե այդ գործն անողի նպատակը սեփական ինքնահաստատումն է, սեփական անվան համար համբավ վաստակելը. Հոգեգալուստ է, եթե այդ գործը կատարելով փնտրում է Աստծո փառքը և Նրա Արքայության գալուստը։

 
Սա մի ուղեցույց է մեր համար, այսօր։ Եթե ցանկանում ենք, որ Հոգին մեր շուրթերի վրա դնի խոսքը, պետք է ապրենք այս շարունակական դիրքորոշումը՝ մահանալու սեփական փառքին և փնտրելու Աստծո փառքը։ [...]

 


(1) Սբ. Օգոստինոս, Քարոզներ, 27, 7 (CC 41, p. 366).