ՅՈՒՐԳԵՆ ՄՈԼԹՄԱՆՆ. « ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԻ ՄԻՍՏԻԿԱՆ »

 

 

 

 

 

 

 

 

 

Հատված Յուրգեն Մոլթմաննի (ծնվ. 1926թ.) « Աստծո փորձառություններ » (« Esperienze di Dio ») գրքից, էջ 106-108.



[...] Ով, մահանալուց առաջ արդեն, մեռել է ի Քրիստոս, կապրի, նույնիսկ եթե արդեն մեռած է։

Խորհրդազգացի (միստիկ անձնավորության) և մարտիրոսի ինքնահատուկ ճանապարհների նման, վերջնական հաշվով նաև աշխարհում ապրված առօրյա կյանքն ունի իր ծածուկ միստիկան և իր լուռ մարտիրոսությունը։ Հոգին մեռնում է Քրիստոսի հետ և «կերպարանակից է դառնում Խաչին» ո՛չ միայն հոգևոր արարքների գործադրմամբ և ո՛չ էլ միայն հրապարակային մարտիրոսությամբ, այլ՝ կյանքի ցավերի ու վշտակրությունների մեջ արդեն և սիրո տառապանքների մեջ։ Չարչարանքներ կրող, լքված և խաչված Քրիստոսի պատմությունն այնքան բաց է, ընդարձակ ու ընդգրկուն, որ նրանում տեղ են գտնում և ստանձնվում են տառապանքները, լքվածությունները, անձկություններն ու վշտերը յուրաքանչյուր սիրող մարդու։ Բայց տեղ են գտնում և ստանձնվում են ո՛չ որպեսզի դրանք հավերժացվեն, այլ՝ որպեսզի վերափոխվեն և բժշկվեն, ողջացվեն։ Քրիստոսի-հետ-չարչարվելը ներառում է նաև մի զավակի չհասկացված ցավերը և անկարող ծնողների անմխիթար վիշտը։ Ներառում է խոչընդոտներն ու բացահայտ ճնշումները, որոնց ընդառաջ են գնում տկարներն ու փոքրերը։ Եվ ներառում է նաև վախճանաբանական տառապանքը, որը դեռ չենք կրել։ Քանի որ այն ներառում է ամբողջ դատաստանը, չկա ոչինչ, որ կարող է նրանից դուրս մնալ, ոչինչ, որ կարող է մարդուն օտար դարձնել Քրիստոսին։ Ուստի նաև հարուցյալ Քրիստոսի փորձառությունը մեր մեջ չի իրականանում միայն հոգևոր հայեցողության ամենավերասլաց բարձունքներում, ո՛չ էլ միայն մարտիրոսների մահվան խորություններում, այլ՝ տառապանքի փոքրիկ փորձառություններում արդեն, որոնք կրում ենք և կերպարանափոխում։

Ով սիրում է, բազմաթիվ մահերով է մեռնում։ Քրիստոսի-հետ-ապրելը մխիթարում է՝ ապրել շարունակելու և սիրո մեջ հարություն առնելու համար։ Այն զորացնում է տկարների ու փոքրերի դիմադրողականությունը, երբ դեպի վհատության վիհերն են քշվում առավել ուժեղների կողմից։ Ստեղծագործական կորով է պարգևում, երբ ոչ մի ելք չի նշմարվում։ Եվ ով սիրում է, բազմաթիվ հարությունների փորձառությունն է ունենում։ Խորհրդազգացների և մարտիրոսների բացառիկ դեպքերի կողքին, ունենք մի ամենօրյա « Խաչի խորհրդածություն աշխարհի տառապանքի մեջ » (« meditatio crucis in passione mundi »), որ շատերը գործադրում են առանց անդրադառնալու։

Հարության պարզ փորձառությունն ենք ունենում այն ամեն անգամ, երբ սիրո փորձառությունն ենք ունենում։ Մենք Աստծո մեջ ենք և Աստված մեր մեջ է, երբ ներկա ենք ամբողջությամբ, անբաժան կերպով։ Հավանաբար, հենց առօրյա կյանքի այս միստիկան է ամենախորը միստիկան։ Ճշմարիտ խոնարհությունը կայանում է սեփական կյանքի խավարն ընդունելու մեջ։ Պարզ գոյությունն է Աստծո մեջ կյանքը։ Արդարև, «ապրված վայրկյանի խավարի» մեջ (Է. Բլոխ), ներկա են սկիզբն ու վերջը։ Այստեղ ժամանակը հավիտենությունն է և հավիտենությունը ժամանակն է։ Չհուսացված գոյության մեջ ամեն բան, «անակնկալ կերպով», փոխակերպվում է ինչպես «վերջին շեփորի հնչմամբ» (1Կր 15, 52)։ Միստիկ « ժամանակը » (« kairos ») կյանքի աստվածային խորհուրդն է։ Գտնելն այն՝ շա՜տ պարզ է, և հենց այդ պատճառով էլ՝ այսքա՜ն դժվարին է։ Բանալին, որ մեր առաջ բացում է այս խորհուրդը, մանկության հոգին է, զարմանալու, ապշելու կարողությունը, կամ ինչպես ասվում էր բարեպաշտական բառապաշարում. պարզությունը։ [...]