Անանուն Հեղինակ, « Փրկչի չարչարանքները մարդու կյանքն ու փրկությունն են »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայրախոսական հնագույն շրջանի մի Անանուն Հեղինակի « Ճառեր »ից, Ճառ ԼԵ., « Զատկական խորհրդի մասին » (35, 6-9։ PL 17, 696-697)

 


[...] Պողոս Առաքյալը, հիշելով վերագտնված փրկության երջանկությունը, ասում է. « Ինչպես որ Ադամով մահը մտավ այս աշխարհ, այնպես էլ Քրիստոսով փրկությունը կրկին տրվեց աշխարհին » (հմմտ. Հռմ 5, 12)։ Եվ տակավին. « Հողից շինված առաջին մարդը հող էր. երկրորդ մարդը եկավ երկնքից, և հետևաբար՝ երկնային է » (հմմտ. 1Կր 15, 47)։ Ասում է կրկին. « Ինչպես որ կրեցինք երկրային մարդու պատկերը », այսինքն՝ հին մարդու պատկերը մեղքի մեջ, « կրելու ենք նաև երկնային մարդու պատկերը » (հմմտ. 1Կր 15, 49), այսինքն՝ ունենք հանձինս Քրիստոսի ստանձնված, փրկված, նորոգված ու մաքրագործված մարդու փրկությունը։

Նույն Առաքյալի համաձայն, Քրիստոսը գալիս է առաջին հերթին, որովհետև Հեղինակն է Իր հարության ու կյանքի։ Ապա գալիս են նրանք, ովքեր Քրիստոսինն են, այսինքն՝ նրանք, ովքեր ապրում են հետևելով Նրա սրբության օրինակին։ Այսպիսիք ունեն Նրա հարության վրա հիմնված ապահովությունը և Նրա հետ ունենալու են երկնային խոստման փառքը, ինչպես Տերն Ինքն է ասում Ավետարանում. « Ով որ հետևում է ինձ, չի մահանա, այլ՝ կանցնի մահվանից կյանքի » (հմմտ. Հվհ 5, 24)։

Այսպիսով, Փրկչի չարչարանքները մարդու կյանքն ու փրկությունն են։ Այս պատճառով էր, արդարև, որ կամեցավ մեռնել մեր համար, որպեսզի մենք, Իրեն հավատալով, ապրենք ընդմիշտ։ Կամեցավ ժամանակի մեջ դառնալ այն, ինչ որ մենք ենք, որպեսզի մեր մեջ իրականացնելով Իր հավիտենականության խոստումը՝ Իր հետ ապրենք ընդմիշտ։

Սա է, ասում եմ, երկնային խորհուրդների շնորհը, սա է Զատկվա պարգևը, սա է տարվա այն տոնը, որն ամենաշատն ենք փափաքում, սրանք են կենարար իրականությունների սկզբնավորումները։ [...]