Անանուն Հեղինակ, « Քրիստոսի հետ նմանությունը »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայրախոսական շրջանի մի Անանուն Հեղինակի « Մատթեոսի Ավետարանի անավարտ մեկնություն » (« Opus imperfectum in Matthaeum ») աշխատությունից, Ճառ Ի. (PG 56)

 


[...] « Կնմանվի մի իմաստուն մարդու » (Մտթ 7, 24)։ Չի ասում. « Իմաստուն մարդ կլինի », այլ. « Կնմանվի մի իմաստուն մարդու »։ Հետևաբար, ա՛յլ է նա, ով նմանվում է, և ա՛յլ է մարդը, որին նմանվում է։ Տվյալ դեպքում, նա, ով նմանվում է, մարդն է, իսկ նա, որին նմանվում է, Քրիստոսն է։ Քրիստոսն է իմաստուն մարդը, որ Իր տունը՝ Եկեղեցին կառուցեց ժայռի, այսինքն՝ հավատքի ամրության վրա։ Սա կոչվում է վեմ, և սրա համար է, որ Սիմոնը կոչվում է Պետրոս (*), որին Տերն այս խոսքերով դիմեց. « Դու Վեմ ես և այս վեմի վրա եմ կառուցելու իմ Եկեղեցին, և դժոխքի դռները չեն կարողանալու հաղթահարել նրան » (Մտթ 16, 18)։

Իսկ ո՞վ է անմիտ մարդը։ Սատանան է, որի մասին Երեմիան ասում է. « Կաքավի նման ձայն տվեց. հավաքեց զավակներ, որոնց ինքը չէր ծնել. անարդար ճանապարհով հարստություններ դիզեց. իր օրերի կեսին պիտի թողնի դրանք և իր վախճանի ժամին հայտնի է դառնալու իր անմտությունը » (Եր 17, 11)։ Սատանան, անմիտ մարդու նման, իր տունը ավազի վրա կառուցեց։ Իր տունը, Քրիստոսի գալուստից առաջ, բոլոր ժողովուրդներն էին։ Ինչպես որ սրբերը դարձան Քրիստոսի տունը, այնպես էլ ամբարիշտները թշնամու տունն են։ Կառուցվել են ավազի, այսինքն՝ հավատքի բացակայության անկայունության վրա։ Եթե, արդարև, հավատքի կայունությունը սահմանվել է որպես ժայռ, ամենայն իրավացիությամբ՝ անհավատության անկայունությունն անվանվել է ավազ, այսինքն՝ կռապաշտությունը, որը միշտ ցիրուցան է եղել տարբեր կուռքերի պաշտամունքի մեջ։ Կամ, անկասկած, [ասում է] ավազի վրա, հասկանալով մարմնապաշտ ու հավատքից զուրկ մարդկանց։ Այդ պատճառով են այդպիսի մարդիկ անվանվում ավազ, և ո՛չ թե հող, քանի որ հողը պտուղ է հասունացնում, մինչ ավազը մնում է անպտուղ։

Ինչպես նաև, որովհետև հողն ինքն իր մեջ խիտ է, ամրակուռ ու միաձույլ, մինչ ավազի հատիկները չեն կազմում մեկ միակ մի ամբողջություն, ո՛չ էլ փոխադարձաբար կապված են մեկը մյուսին. այսպիսին են հավատքից զուրկ բոլոր մարդիկ, որ ենթակա են սատանային. ո՛չ միացած են միմյանց, ո՛չ էլ իրողություններն ընկալելու ու հասկանալու մեկ միակ կերպ ունեն, այլ ավելի՝ ցրված են տարբեր կարծիքների մեջ և մեկը մի բան է ասում, մյուսը՝ մի ուրիշ բան։ Այսպես են ուսուցանում փիլիսոփաների դոգմաները, որոնք միշտ հակասում են մեկը մյուսին։ Այդպիսին է հերետիկոսների չարությունը, որոնք երբեք չեն մտածում [միակերպ ուսմունքով], այլ՝ այնքան կարծիքներ ունեն, որքան որ իրենք են։ Ուստի այն, ինչը նմանեցվում է ավազին, սատանայի ողջ ժողովուրդն է։ Աստծո ժողովուրդը, մինչդեռ, ո՛չ միայն միավորված է, հողի նման, որը թեև միաձույլ է, այդուամենայնիվ կարող է հալվել և լուծվել, այլ՝ նման է հաստատուն ու անկործանելի ժայռի։ [...]

 


(*) Պետրոս անունը առաջացել է եբրայեցերեն-հունարեն Կեփաս և լատիներենում դրան համապատասխանող Պետրուս բառ-անունից, որ նշանակում է վեմ, ժայռ, ամուր քարաբեկոր։