Սբ. Բեռնարդոս, «Ձեր երկնավոր Հայրը կամենում է, որ այս փոքրիկներից ոչ մեկը չկորչի»

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Հինանց շրջանի Ճառեր »ից, 7-8.

 

 

[...] «Ահա՛, հեռվից գալիս է Տիրոջ անունը» (հմմտ. Ես 30, 28)։ Ո՞վ կարող է կասկածել դրան։ Սկզբում հարկավոր էր ինչ որ մի մեծ բան, որպեսզի Աստծո վեհությունը բարեհաճեր իջնել այսքա՜ն հեռու մի վայր, մի բնակավայր, որ անարժան ու անվայել է Իրեն։ Այո՛, իսկապես, կար մեծ մի բան. և խոսքը վերաբերվում է Իր մեծ ողորմությանը, Իր անսահման կարեկցանքին, Իր գերառատ սիրույն։ Արդարև, ի՞նչ նպատակի համար ենք մտածում, որ Քրիստոսը եկել է։ Դա կարող ենք բացահայտել առանց որևէ դժվարության, որովհետև Իր խոսքերն ու Իր գործերը մեր առաջ հստակ կերպով բացահայտում են Իր գալստյան դրդապատճառը։ Աճապարանքով եկել է սարերից, որպեսզի փնտրի ու գտնի հարյուրերորդ ոչխարին, որ մոլորվել էր։

 

Նա եկել է մեր համար, որպեսզի Տիրոջ ողորմությունները հայտնի լինեն առավել ակնհայտությամբ, մարդկանց ի նպաստ գործած Իր սքանչելիքների հետ միասին (հմմտ. Սղմ 106, 8)։ Զարմանահրաշ է Աստծո բարությունը, որ փնտրում է մեզ, և զարմանահրաշ է մարդու արժանապատվությունը, որ այս կերպ փնտրվում է։ Եթե մարդը ցանկանում է պարծենալ սրանով, կարող է անել դա առանց անմտության, ո՛չ թե որովհետև այդ արժանապատվությունը ինքնըստինքյան գոյություն ունեցող բան է, այլ՝ որովհետև Նա, ով իրեն ստեղծել է, իրեն ստեղծել է այսքա՜ն մեծ արժանապատվությամբ։ Իրոք, այս աշխարհի բոլոր հարստությունները, բոլոր պատիվները, և այն ամեն ինչը, որ կարող ենք ցանկանալ այս աշխարհում, այս ամենը չնչին բան է, մանավանդ թե՝ ոչինչ է, այս փառքի համեմատ. «Ի՞նչ է մարդը, ո՜վ Տեր, որ Դու այսքա՜ն մեծարում ես նրան, և որ նրա վրա ես կենտրոնացնում Քո ողջ ուշադրությունը» (հմմտ. Հոբ 7, 17)։ [...]