Սբ. Բեռնարդոս, « Հարկավոր է խորհրդածել փրկության խորհուրդների շուրջ »

 

 

 

 

 

 

 

 

 

Սուրբ Բեռնարդոսի (1090-1153թթ.) «Ճառեր»ից
(Disc. «De aquæductu»; Opera omnia, edit. Cisterc. 5 [1968] 282-283)

 


[...] Սուրբը, որ քեզնից ծնվելու է, Աստծո Որդի է կոչվելու (հմմտ. Ղկս 1, 35), իմաստության ակունք, Հոր Բան(*) բարձրագույն երկինքներում։

Բանը, ո՜վ Սուրբ Կույս, մարմնանալու է քո միջոցով, և Նա, ով ասում է. «Ես Հոր մեջ եմ և Հայրն իմ մեջ է» (Հվհ 10, 38), ասելու է նաև. «Ելա Հորից և եկա աշխարհ» (Հվհ 16, 28)։

Հետևաբար, «Սկզբում էր Բանը», այսինքն՝ արդեն իսկ բխում էր իբրև ակունք, բայց տակավին Ինքն Իր մեջ միայն, քանի որ «Բանն Աստծո մոտ էր» (Հվհ 1, 1), բնակվում էր Նրա անմերձենալի լույսի մեջ։ Ապա Տերը սկսեց մի ծրագիր մշակել. «Ես խաղաղության ծրագրեր եմ խորհում և ո՛չ թե ձախորդության» (հմմտ. Երմ 29, 11)։ Բայց Աստծո ծրագիրն Իր մոտ էր մնում և մենք ի վիճակի չէինք այն ճանաչելու։ Արդարև. «Ո՞վ է ճանաչում Տիրոջ միտքը և ո՞վ կարող է Նրան խորհրդատու լինել» (հմմտ. Հռմ 11, 24)։ Եվ հայնժամ խաղաղության միտքն իջավ խաղաղության գործի մեջ. «Բանը մարմին եղավ և եկավ բնակվելու մեր մեջ» (Հվհ 1, 14). եկավ բնակվելու ի մասնավորի մեր սրտերում, հավատքի միջոցով։ Մեր հիշողության, մեր մտքի և մեր պատկերացման իսկ առարկա դարձավ։

Եթե Նա եկած չլիներ մեր մեջ, Աստծո վերաբերյալ ի՞նչ գաղափար կարող էր կազմել մարդը, եթե ոչ միայն՝ երևակայության պտուղը հանդիսացող մի կուռքի։ Անըմբռնելի ու անհասանելի կմնար, անտեսանելի ու ամբողջովին անհնարին պատկերացնելու։ Մինչդեռ, կամեցավ ընկալվել, կամեցավ տեսանելի լինել, կամեցավ պատկերացնելի լինել։ Կասես. Ո՞ւր և ե՞րբ է մեր համար տեսանելի դառնում։ Հենց մսուրում, Կույսի արգանդում, մինչ քարոզում է լեռան վրա, մինչ գիշերն աղոթքով է անցկացնում, մինչ կախված է խաչից և կապտում է մահվան մեջ, կամ էլ՝ մինչ, մեռյալների մեջ ազատ լինելով, հրամայում է դժոխքին, կամ նաև՝ երբ երրորդ օրն հարություն է առնում և Առաքյալներին ցույց է տալիս գամերով բացված վերքերը, հաղթանակի այդ նշանները, և ի վերջո՝ մինչ նրանց հայացքների ներքո համբառնում է երկինք։

Մի՞թե արդար, բարեպաշտ և սուրբ բան չէ այս բոլոր խորհուրդների շուրջ մտորելը։ Երբ միտքս մտածում է դրանց մասին, դրանց մեջ գտնում է Աստծուն, դրանց մեջ զգում է Նրան, ով ամեն ինչում և ամեն ինչով իմ Աստվածն է։ Ճշմարիտ իմաստություն է, ուրեմն, հայեցողությամբ կանգ առնել դրանց վրա։ Լուսավորված հոգիներին է հատուկ կրկին ու կրկին վերադառնալ դրանց՝ սեփական սիրտը Քրիստոսի քաղցր հիշողությամբ լիացնելու համար։ [...]



(*) Գրաբար «Բան» եզրույթը (հունարեն՝ Logos) «բան-ականության», «բան-ավորության», «տրամա-բան-ության» արմատն է և մատնանշում է որևէ մտքի ու իմացության հիմքը, հականշելով անասնական «ան-բան-ությանը»։