Սբ. Օգոստինոս և Սբ. Թովմա Աքվինացի, « Ինքնասպանության մասին »

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Օգոստինոսի (354-430) « Աստծո քաղաքի մասին » աշխատությունից, 1, 22


[...] Բոլոր նրանք, ովքեր նման ոճիր են գործել իրենք իրենց նկատմամբ, կարող են թերևս հիացմունքի առարկա դառնալ ոգու ուժի համար, բայց անշուշտ չեն կարող գովասանքի արժանանալ անթերի իմաստության համար։ Թեև, բանական առավել ուշադիր վերլուծմամբ, և ո՛չ իսկ արդարացի է խոսել ոգու ուժի մասին, քանի որ մարդն ինքնասպանություն է գործում որոշ դժվարություններ կամ ուրիշների մեղքերն ընդունելու անկարողությունից մղված։ Ով չի կարողանում կրել սեփական մարմնի ներկա ստրկությունը կամ մարդկանց հիմար մտայնությունները, պետք է նկատվի, ավելի շուտ, թույլ ու տկար ոգու տեր. արդարացիորեն, մինչդեռ, պետք է առավել մեծ ոգու տեր նկատվի նա, ով կարողանում է ավելի կրել, քան թե փախչել տանջանքներով լի կյանքից, և խորապես արհամարհում է, սեփական անմեղ խղճմտանքի լույսի ներքո, մարդկանց դատաստանը, որոնք գրեթե միշտ թավալվում են սխալի թանձր ծխի մեջ։ [...]


Սբ. Թովմա Աքվինացու (1225-1274) « Համառոտություն աստվածաբանության » աշխատությունից, II-II, q. 64, a. 5.


[...] Կյանքը Աստծո ստույգ պարգևն է մարդուն, և այդ պարգևը մնում է իշխանության ներքո Նրա, ով «մահ է տալիս և ապրեցնում է»։ Ուստի, ով ինքն իրեն զրկում է կյանքից, մեղանչում է Աստծո դեմ. ինչպես նա, ով սպանում է մի ստրուկի, մեղանչում է նրա տիրոջ դեմ, և ինչպես որ մեղանչում է նա, ով անպատկառությամբ ինքն իրեն վերագրում է ինչ որ մի դատ վարելու իրավունքը, որը սակայն իրեն չի հանձնվել։ Արդարև, միմիայն Աստծուն է պատկանում դատաստանը կյանքի և մահվան վրա, Աստվածաշնչի խոսքի համաձայն. «Ես Եմ, որ մահ եմ տալիս և ապրեցնում եմ» (2Օր 32, 39)։