Հայրախոսական մի քանի մեջբերում Ամենասուրբ Հաղորդության մասին

 

 

 

 

 

 

 

Մենք հավաքվում ենք յուրաքանչյուր Արևի օրը [Կիրակի], որովհետև դա առաջին օրն է, որում Աստված խավարից նյութը դուրս հանելով՝ ստեղծեց աշխարհը: Ինչպես նաև, որովհետև դա այն օրն է, որում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը հարություն առավ մեռելներից:

Սբ. Հուստինոս (100-168թթ.)


Հասկանա՛նք այս խորհրդի [Սուրբ Պատարագի] սքանչելիությունը, նրա հաստատման նպատակը, արգասիքները, որ արդյունավորում է: Մենք դառնում ենք միայն մեկ մարմին, Աստվածաշնչի համաձայն, անդամներ Իր մարմնի և ոսկորներ Իր ոսկորներից: Սա՛ է այն, ինչ գործում է սնունդը, որը Նա պարգևում է մեզ. Նա խառնվում է մեզ, որպեսզի բոլորս միայն մեկ իրականություն դառնանք, որպես իր գլխին միացած մի մարմին:

Սբ. Հովհան Ոսկեբերան (344-407թթ.)


Քրիստոսն Ինքը [Սուրբ Պատարագի հացի վերաբերյալ] հայտարարել և ասել է. «Սա իմ մարմինն է»: Ուրեմն ո՞վ կհանդգնի տարակուսել: Եվ երբ Նա Ինքը վճռական ձայնով հաստատում է ու ասում. «Սա իմ արյունն է», ո՞վ կկասկածի ու կասի, թե Նրա արյունը չէ:

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-387թթ.)


Բոլորին [Սուրբ Պատարագի շնորհիվ] միավորելով, Քրիստոսը ձևավորում է միայն մեկ մարմին: Այսպիսով նա, ով բնակվում է Հռոմում, հնդիկներին նկատում է որպես իր իսկ մարմնի անդամները: Կա՞ մի միություն, որն հնարավոր լինի համեմատել սրա հետ: Քրիստոսը բոլորի գլուխն է:

Սբ. Հովհան Ոսկեբերան (344-407թթ.)


Մոգերն այս մարմնին երկրպագեցին մսուրի մեջ դրված: [...] Այլևս մսուրի մեջ չէ, որ դու տեսնում ես Նրան, այլ՝ խորանի վրա: [...] Պետք է հավատաք, որ այսօր էլ խոսքը միևնույն ընթրիքի մասին է, որին նախագահում էր Հիսուսը: Ոչ մի տարբերություն չկա այս ընթրիքի [Սուրբ Պատարագի] և այն ընթրիքի [Վերջին Ընթրիքի] միջև: [...] Նույն մարմինն է, որ արյունոտվեց, գեղարդով խոցվեց, որից բխեցին արյան և ջրի փրկարար վտակները, ամբողջ երկրի համար: [...] Քրիստոսը անդունդներից դուրս ելավ շողարձակ լույսով զգեստավորված և, այստեղ թողնելով Իր ճառագայթները, համբարձավ մինչև երկնային գահը: Արդ, սա՛ է մարմինը, որը Նա մեզ տալիս է մեր ձեռքերում պահելու և ուտելու:

Սբ. Հովհան Ոսկեբերան (344-407թթ.)


Մարիամը, հազիվ ընդունեց Հիսուսին, աճապարանքով գնաց Նրան տալու Հովհաննեսին։ Մենք նույնպես, հազիվ ընդունում ենք Հիսուսին ընդմեջ Ամենասուրբ Հաղորդության, աճապարանքով գնում ենք Նրան տալու մեր Քույրերին, մեր աղքատներին, հիվանդներին, մահամերձներին, անտեսվածներին, խտրականությանը զոհ դարձածներին, մերժվածներին։

Մայր Թերեզա Կալկութացի (1910-1997)


Եթե ընդունակ չես նշմարելու Քրիստոսին հանձինս աղքատների, ընդունակ չես լինի նշմարելու Նրան և ո՛չ իսկ Ամենասուրբ Հաղորդության մեջ, քանի որ միևնույն հավատքն է, որ լուսավորում է այդ երկու խորհուրդները։

Մայր Թերեզա Կալկութացի (1910-1997)


Բայց հիշենք, որ ...

Ամենասուրբ Հաղորդության մեջ չէ, որ մեր եղբայրները, որոնք երբեք եկեղեցի չեն հաճախում, կարող են գտնել Տիրոջը։ Մե՛ր անձերում է, որ կարող են հանդիպել Նրան, այն չափով, որքանով որ մեր գործերը, մեր խոսքերն ու մեր վարմունքը կլինեն կենդանի արտահայտությունը մեր ներսում Նրա ներկայության։

Հ. Փերրին