Սբ. Հուստինոս, « Նույնիսկ եթե ձեր մեղքերը որդան կարմիրի նման լինեն, կսպիտակեցնեմ ձյան նման »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հատված Սբ. Հուստինոսի (100-162/168) « Առաջին ջատագովություն ի նպաստ քրիստոնյաների » աշխատությունից

 


[...] Հիսուսն ասել է. « Եթե վերստին չծնվեք, երկնքի արքայություն չեք մտնի » (հմմտ. Մտթ 18, 3)։ Ակնհայտ է, որ խոսքը չի վերաբերվում ետ մայրական արգանդը մտնելուն, քանի որ ծնունդը, որի մասին խոսում ենք, հոգևոր է։

Եսայի մարգարեն բացատրել է, թե ինչպես են մեղքերից ազատվում նրանք, ովքեր մեղանչել են և այժմ ապաշխարում են. « Լվացվեցեք, մաքրվեցեք, չարը դուրս հանեցեք ձեր հոգիներից։ Սովորեցեք բարին գործել, արդարություն արեք որբին, պաշտպանեցեք այրիի իրավունքը։ Օ՛ն, եկե՛ք խոսենք, ասում է Տերը։ Նույնիսկ եթե ձեր մեղքերը որդան կարմիրի նման լինեն, կսպիտակեցնեմ ձյան նման։ Իսկ եթե չլսեք ինձ, սուրը կհոշոտի ձեզ, որովհետև Տիրոջ բերանը խոսեց » (հմմտ. Ես 1, 16-20)։

Այս ուսմունքը ստացել ենք Առաքյալներից։ Մեր առաջին ծնունդով աշխարհ ենք եկել մեր ծնողներից՝ բնական բնազդի հետևանքում և [մեր կողմից] անգիտակից կերպով։ Այժմ չենք կամենում պարզ բնության ու անգիտության զավակները մնալ, այլ՝ գիտակից ընտրության զավակները դառնալ։ Կամենում ենք փրկարար ջրի մեջ ստանալ գործված մեղքերի թողությունը։

Այս իսկ պատճառով, նրա վրա, ով ուզում է վերստին ծնվել և մեղքերի համար ապաշխարել է, արտասանվում է տիեզերքի Արարիչ և Տեր Աստծո անունը։ Սա միակ անունն է, որ ոգեկոչում ենք նրա վրա, ով առաջնորդվում է լվացման ավազանի մոտ, Մկրտության համար։

Լվացումը կոչվում է լուսավորություն, որովհետև նրանք, ովքեր սովորում են հիշված ճշմարտությունները, լուսավորվում են իրենց մտքերում։ Նա, ով լուսավորվում է, նաև լվացվում է։ Լուսավորվում ու լվացվում է Պոնտացի Պիղատոսի օրոք խաչված Հիսուս Քրիստոսի անունով և լվացվում է հանուն Սուրբ Հոգու, ով մարգարեների միջոցով կանխավ ավետել էր այն ամենը, ինչ վերաբերվում էր Հիսուսին։ [...]