Սբ. Օգոստինոս, « Աստված փրկությունն է բոլոր արարածների »

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Օգոստինոսի (354-430) « Մեկնություն Հովհաննու Ավետարանի » աշխատությունից, 34, 3-4


[...] «Կտաս փրկությունը մարդկանց և անասուններին, Տեր. և այսպես կբազմապատկվի ողորմությունդ, Աստված» (Սղմ 35, 7-8): Սրանք [Աստծուց] ներշնչված սաղմոսի խոսքերն են. ըմբռնեք, թե ինչպես նման լույսի մասին է մեզ խոսում Աստծո սուրբ այրերի հին քարոզը. «Կտաս փրկությունը մարդկանց և անասուններին, Տեր. և այսպես բազմապատկվում է ողորմությունդ, Աստված»։ Քանի որ Աստված ես, և ողորմությունդ բազմակերպ է, այդ Քո ողորմությունը տարածվում է ո՛չ միայն մարդկանց վրա, որոնց ստեղծել ես Քո պատկերով, այլ նաև անասունների վրա, որոնց ենթարկել ես մարդկանց։ Նա, ով փրկում է մարդուն, փրկում է նաև անասունին։ Մի՛ կարմրիր ամաչելով, եթե նման բաներ ես լսում քո Տեր Աստծո մասին. մանավանդ թե, համոզվիր դրան, վստահություն ունեցիր, և խուսափիր ա՛յլ կերպ մտածելուց։ Նա, ով առողջություն է տալիս քեզ, այն տալիս է նաև քո ձիուն, քո ոչխարին, և հասնելով ամենափոքր կենդանիներին՝ նաև քո հավին։ «Տիրոջից է փրկությունը» (Սղմ 3, 9), և Աստված փրկում է սրանց բոլորին։ Սա զարմացնում է քեզ, կասկածներ ես առաջ քաշում. ես, մինչդեռ, զարմանում եմ քո կասկածների վրա։ Չպե՞տք է բարեհաճի փրկել նրան, ում բարեհաճել է ստեղծել։ Տիրոջից է գալիս փրկությունը հրեշտակներին, մարդկանց, անասուններին. Տիրոջից է գալիս փրկությունը։ Ինչպես որ ոչ ոք գոյությունը չի ստանում ինքն իրենից, նմանապես ոչ ոք չի ստանում փրկությունն ինքն իրենից։ Ուստի, խորը ճշմարտությամբ ու մեծ ճշգրտությամբ է, որ սաղմոսն ասում է. «Կտաս փրկությունը մարդկանց և անասուններին, Տեր. և այսպես բազմապատկվում է ողորմությունդ, Աստված»։ Դու, արդարև, Աստված ես. Դու ստեղծեցիր, այժմ տալիս ես ողջությունը. Դու կյանքի կոչեցիր գոյությունը, այժմ տալիս ես առողջ լինելու համար հարկավորը։

Եթե, հետևաբար, այսպես բազմապատկվել է Աստծո ողորմությունը, այն աստիճան, որ Նրանից փրկություն են ստանում ինչպես մարդիկ, այնպես էլ անասունները, թերևս մարդիկ չունե՞ն ինչ որ յուրահատուկ մի բան, որ իրենց տալիս է Աստված Արարիչը, և որ չի տալիս անասուններին։ Ոչ մի տարբերություն չկա՞ Աստծո պատկերով ստեղծված կենդանու և անասունի միջև, որ ենթարկված է նրան, ով Աստծո պատկերն է։

Անշո՛ւշտ թե կա։ Այս ողջությունից անդին, որն ընդհանուր է մեր և անասունների միջև, կա մի բան, որ Աստված տալիս է մեզ և չի տալիս անասուններին։ Ի՞նչ է դա։ Պատասխանում է միևնույն սաղմոսը. «Մարդկանց որդիները կհուսան պաշտպանություն թևերիդ ներքո» (Սղմ 35, 8)։ Արդեն ունենալով հանդերձ, անասունների հետ ընդհանուր կերպով, ողջությունը անասունների հետ միասին, «մարդիկ կհուսան պաշտպանություն թևերիդ ներքո»։ Այն ողջությունը ունեն այժմյան իրականության մեջ, այս պաշտպանությունը՝ հույսի մեջ։ Այն, ինչը որ ներկայում է, ընդհանուր է ինչպես մարդկանց, այնպես էլ անասուններին, բայց մի ա՛յլ փրկություն է այն, որին հույս ունեն հասնելու մարդիկ. և նրանք, ովքեր հույս են տածում ստանալու այն, այն ստանում են, մինչ այն չեն ստանում նրանք, ովքեր այն ստանալու հույս չեն տածում։ «Մարդկանց որդիները», ասում է արդարև սաղմոսը, «կհուսան պաշտպանություն թևերիդ ներքո»։ Նրանք, ովքեր կհարատևեն հույսի մեջ, Քեզնից պաշտպանություն կստանան, սատանայի կողմից չեն խլվի և չեն հեռացվի հույսից. «կհուսան թևերիդ ներքո»։ Բայց ի՞նչ բան կհուսան, եթե ո՛չ այն, ինչը որ չունեն անասունները։ «Կհագենան տանդ առատությամբ և Դու նրանց խմելու կտաս վայելքներիդ հորձանքը» (Սղմ 35, 9)։ [...]