Սբ. Օգոստինոս, « Նրա տկարությունը մեր ուժն է »

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Օգոստինոսի (354-430) « Հովհաննեսի Ավետարանի մեկնություն »ից, 15, 6-7.

 


[...] Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց աղբյուրի մոտ։ Մոտ վեցերորդ ժամն էր (հմմտ. Հվհ 4, 6)։ Սկսվում են խորհուրդները։ Հենց այնպես չէ, արդարև, որ Հիսուսը հոգնում է. հենց այնպես չի հոգնում Աստծո զորությունը։ [...] Քո համար է, որ Հիսուսը հոգնեց ճամփորդության ժամանակ։ Տեսնում ենք Հիսուսին ուժով լի, և տեսնում ենք Նրան տկար. ուժեղ է և տկար. ուժեղ, որովհետև «սկզբում էր Բանը (*), և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր»։ [...] Ուզում ես տեսնել, թե որքա՞ն հզոր է Աստծո Որդին։ «Ամեն ինչ նրա միջոցով ստեղծվեց, և առանց նրա չստեղծվեց ոչինչ» (Հվհ 1, 1-2). և ամեն ինչ [Նա ստեղծեց] առանց ջանքի ու հոգնության։ Ո՞վ է, հետևաբար, առավել հզոր Նրանից, ով ամեն ինչ ստեղծեց առանց ջանքի։ Իսկ այժմ ուզում ես Նրա տկարությո՞ւնը տեսնել։ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հվհ 1, 14)։

Քրիստոսի ուժը ստեղծեց քեզ, Քրիստոսի տկարությունը վերստեղծեց քեզ։ Քրիստոսի ուժը գոյության կանչեց այն, ինչը գոյություն չուներ, Քրիստոսի տկարությունը թույլ չտվեց, որ կորեր այն, ինչը գոյություն ուներ։ Իր ուժով մեզ ստեղծեց, Իր տկարությամբ եկավ մեզ փնտրելու։ Իր տկարությամբ է, որ Նա սնուցում է տկարներին, ինչպես որ հավն է սնուցում իր ձագերին. «Քանի՜ քանի՜ անգամ», ասում է Երուսաղեմին, «կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավն իր ձագերին՝ թևերի տակ, բայց դու չկամեցար» (Ղկս 13, 34)։

Այսպիսի վիճակում էր Հիսուսը, քայլելուց տկարացած ու հոգնած։ Նրա քայլելը մարմինն է, որ ստանձնեց մեր համար։ Որովհետև, ինչպե՞ս կարող էր շարժվել Նա, ով ամենուր է և որ ոչ մի տեղ բացակա չէ։ Եթե գնում է, եթե գալիս է, եթե գալիս է մեր մոտ, դա անում է, որովհետև ստանձնել է տեսանելի մարմնի կերպարանքը։ Քանի որ, հետևաբար, հաճեց գալ մեր մոտ՝ ստանձնած մարմնի պատճառով հայտնվելով ծառայի կերպարանքում, այդ ստանձնած մարմինն իսկ Իր քայլքն է։ Ուստի «ճանապարհից հոգնած» ուրիշ ի՞նչ է նշանակում, եթե ոչ միայն՝ մարմնի մեջ ջանք գործադրած ու հոգնած։ Հիսուսը տկար է մարմնի մեջ, բայց դու չպետք է տկար լինես. Նրա տկարությունից պետք է ուժ քաղես, որովհետև «Աստծո տկարությունն առավել հզոր է, քան մարդիկ» (1Կր 1, 25)։ Նրա տկարությունը մեր ուժն է։ [...]

 


(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։