Սբ. Օգոստինոս. « Հովհաննեսը ձայնն է, Քրիստոսը՝ Խոսքը »

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Օգոստինոսի (354-430) « Ճառեր »ից, 293, 3 (PL 1328-1329)



[...] Հովհաննեսը ձայնն է։ Տիրոջ մասին, մինչդեռ, ասվում է. «Սկզբում էր Բանը(*)» (Հվհ 1, 1)։ Հովհաննեսը ձայնն է, որ անցնում է, Քրիստոսը հավիտենական Խոսքն է, որ սկզբում էր։ [...] Ուզո՞ւմ ես հավաստիորեն ստուգել, թե ինչպես է ձայնը անցնում, իսկ Բանի աստվածությունը՝ մնում։ Ո՞ւր է այժմ Հովհաննեսի մկրտությունը։ Այն մատակարարեց և ապա գնաց։ Իսկ Հիսուսի մկրտությունը շարունակում է մատակարարվել։ Բոլորս հավատում ենք Քրիստոսին, Քրիստոսի մեջ փրկություն գտնելու հույսն ունենք. սա էր կամենում իմաստավորել ձայնը։

Եվ քանի որ դժվար է զանազանել խոսքը ձայնից, Հովհաննեսի վերաբերյալ էլ մարդիկ կարծեցին, թե Քրիստոսն էր։ Ձայնը Խոսքի տեղը դրվեց։ Բայց ձայնն ինքը հռչակեց իր ձայն լինելը, որպեսզի վնաս չհասցներ Խոսքին։ «Ես չեմ», ասաց, «ո՛չ Քրիստոսը, ո՛չ Եղիան, ո՛չ էլ մարգարեներից որևէ մեկը»։ Հակադարձեցին նրան. «Ուրեմն ո՞վ ես դու»։ «Ես», պատասխանեց, «ձայնն եմ նրա, ով աղաղակում է անապատում. ''Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը''» (հմմտ. Հվհ 1, 20-21)։ «Ձայնը նրա, ով աղաղակում է անապատում. ձայնը նրա, ով կոտրում է լռությունը»։

«Պատրաստեցեք ճանապարհը» նշանակում է «Ես հնչում եմ, որպեսզի Նա մուտք գործի սրտի մեջ, բայց Նրան հաճելի չէ մուտք գործել այնտեղ, որտեղ Իրեն ուզում եմ բերել, եթե Իր առաջ չեք պատրաստում ճանապարհը»։
Ի՞նչ է նշանակում «Պատրաստեցեք ճանապարհը», եթե ոչ՝ «Խնդրեցեք ինչպես հարկն է»։ Ի՞նչ է նշանակում «Պատրաստեցեք ճանապարհը», եթե ոչ՝ «Եղեք սրտով խոնարհ»։ Օրինակ վերցրեք Մկրտչից, որին երբ Քրիստոսի տեղը դրեցին, ասաց, որ ինքը Նա չէ, ում իրենք կարծում են։ Ուշադիր է և խուսափում է ուրիշների սխալն հօգուտ իր անձնական հաստատման չարաշահելուց։ Եվ սակայն, եթե ասեր, թե ինքը Քրիստոսն է, հեշտորեն կհավատային իրեն, քանի որ իրեն հավատում էին իր խոսելուց առաջ արդեն։ Նման բան չասաց, պարզապես ճանաչելով այն, ինչ որ էր ինքը իրականում։ Ճշտեց պատշաճ տարբերությունները։ Պահպանեց իրեն խոնարհության մեջ։ Ճշգրիտ կերպով տեսավ, թե ո՛ւր կարող է գտնել փրկությունը։ Հասկացավ, որ ինքը սոսկ մի ճրագ է և վախեցավ, որ կարող է հանգել հպարտության քամուց։ [...]



(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։