Սբ. Օգոստինոս. « Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան սա. տալ սեփական կյանքը ընկերների համար (Հվհ 15, 13) »

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացու (354-430) « Ճառեր »ից, 305, 4 (Սուրբ Լավրենտիոսի տոնի առթիվ).

 

 

[...] Ձեր հավատքը ճանաչում է, թե Ո՛վ է հողի մեջ ընկած ցորենի Հատիկը, որ մեռնում է՝ բազում արդյունք պտղաբերելուց առաջ. Նա բնակվում է ձեր հոգիներում. չկա մի քրիստոնյա, որ կասկածի, որ Քրիստոսը խոսել է Իր իսկ մասին։ [...] Լսեցե՛ք ինձ, ո՜վ ցորենի սրբազան հատիկներ, որ այստեղ եք, որևէ կասկած չունեմ ես, [...] կամ ավելի ճիշտը՝ իմ միջոցով լսեցե՛ք ցորենի Առաջին Հատիկին, որ ասում է ձեզ. Մի՛ սիրեք ձեր կյանքն այս աշխարհում. մի՛ սիրեք այն, եթե ճշմարտապես սիրում եք այն, որովհետև այն չսիրելով է, որ կփրկեք այն։ [...] « Ով իր կյանքը սիրում է այստեղ՝ ներքևում, կկորցնի այն » (Հվհ 12, 25)։

 

Հողի մեջ ընկած Հատիկն է, որ ասում է այս խոսքերը. Նա, որ մահացավ բազում արդյունք պտղաբերելու համար։ Լսեցե՛ք Նրան, որովհետև այն, ինչ ասաց, կատարեց։ Ճանապարհը մեզ սովորեցնում և մատնանշում է Իր սեփական օրինակով։ Քրիստոսն, արդարև, չխնայեց Իր կյանքն այս աշխարհում, եկավ այն կորցնելու համար, Իր կյանքը մեզ տալու համար, և այն ետ վերցնելու համար այն ժամանակ, երբ կցանկանար. [...] « Ոչ ոք չի խլում ինձնից իմ կյանքը, այլ՝ ես ինքս եմ ինքնակամ նվիրում այն, որովհետև իշխանությունն ունեն ընծայելու այն և իշխանությունն ունեմ կրկին ետ վերցնելու այն » (Հվհ 10, 18)։

 

Ուրեմն ինչպե՞ս է հնարավոր, որ այդպիսի աստվածային կարողություն ունեցողն ասեր. « Այժմ հոգիս խռովված է » (Հվհ 12, 27)։ Ինչպե՞ս է, այդ իշխանությամբ օժտված լինելով հանդերձ, այս Մարդ-Աստվածը խռովվել։ Դրա պատճառը մեկն է. որովհետև Իր վրա կրում էր մեր տկարության պատկերը։ Երբ ասում է. « Իշխանությունն ունեմ ընծայելու իմ կյանքը և իշխանությունն ունեմ այն ետ վերցնելու », Քրիստոսը բացահայտում է, թե Ո՛վ է Ինքը Ինքն Իր մեջ։ Իսկ երբ մահվան մոտիկության պատճառով խռովվում է, Քրիստոսը բացահայտում է, թե ո՛վ ես դու քո մեջ։ [...]