Հեղինակի խօսք



Պաուլո Կոելյո, «Մաքթուբի պատմվածքները»

«Գնանք մինչև այն լեռը, ուր բնակվում է Աստված», ասաց մի ասպետ իր ընկերոջը։ «Ուզում եմ փաստել, որ Նա միայն մի բան անել գիտի. պահանջել մեզնից դժվարին գործեր, մինչ Ինքը ոչինչ չի անում մեր համար»։ «Կգամ», պատասխանեց ընկերը, «բայց ասածներիդ ճիշտ հակառակը քեզ ապացուցելու համար»։ Շատ ճանապարհ անցան միասին և վերջում այդ լեռան գագաթը հասան գիշերով, երբ ոչինչ չէին տեսնում իրենց չորս կողմը։ Եվ խավարի միջից հանկարծ մի ձայն լսեցին. «Կեցցե՛ք, որ այսքան ճանապարհ անցնելով հասել եք մինչև այստեղ։ Արդ, ձեր պարկերը լցրեք այդ քարերով, որոնք թափված են ձեր չորս կողմը, և ետ վերադարձեք ձեր տները»։ «Տեսա՞ր», բարկացավ առաջին ասպետը, «նման հոգնատանջ ճանապարհից հետո՝ մեզ հրամայում է անիմաստ քարեր կրել, փոխանակ հանգստանալու։ Ես չեմ հնազանդվելու»։ Երկրորդ ասպետը, մինչդեռ, հնազանդվեց Աստծո խոսքին, չնայած ինքն էլ չէր հասկանում քարեր կրելու իմաստը։ Երբ իջան մինչև լեռան ստորոտը, լույսը բացվեց և արևի առաջին ճառագայթները սկսեցին ուրախ զվարթ փայլել այն քարերի վրա, որոնք հավատավոր ասպետը բերել էր Աստծո լեռան գագաթից. դրանք մաքրամաքուր ադամանդներ էին։ Ասում է վարդապետը. «Աստծո խոսքերն ու որոշումները խորհրդավոր են, բայց միշտ ասվում և կայացվում են ի նպաստ մեր»։



Խալիլ Ժըբրան (1883-1931)

Ուրիշ ոչինչ չես տեսնում, քան միայն քո ստվերը, երբ թիկունք ես դարձնում արևին։



Երանելի Լուիջի Մոնձա (1898-1954)

Առանց Աստծո՝ ուրախությունը վիշտ է։ Աստծո հետ՝ վիշտն ուրախություն է։ Երբեք մի՛ վախեցիր տառապելուց, երբ Տիրոջ հետ ես։ Ավելի վախեցիր ուրախությունից, երբ Նա դրանում բացակայում է։ Ավելի նախընտրիր ջանքը, քան թե ուրախությունը, քանի որ ջանքը անսխալ կերպով հասունացնում է իր պտուղները։ Երբ կրում ես քեզնից ավելի մեծ մի վիշտ, իրավունքն ունես ակնկալելու Աստծուց ինչ որ մի մեծ, ինչ որ մի գեղեցիկ բան։ Վարձատրությունները, որ գալիս են վշտից հետո, դրանք են իրական բարիքները։ Մեծ վշտից հետո՝ հատուկ և անձնական շնորհներ սպասիր։



Չինցիա Կորտե

Աստծո սերը մաքրամաքուր է, ինչպես ձյան փաթիլները ձմռանը։ Տաք ու այրող է, ինչպես ծովափի ավազն ամռանը։ Ջերմացնում է քեզ, ինչպես վառված խարույկի կրակը։ Քաղցրացնում է քեզ, ինչպես երեխայի ուրախ ժպիտը։ Գրկում է քեզ, ինչպես ամենագորովալի ծնողը։ Քեզ երբեք միայնակ չի թողնում. դու էլ Իրեն երբեք միայնակ մի՛ թող։



Պաուլո Կոելյո, «Մաքթուբի պատմվածքները»

Ասում է վարդապետը. «Մի կողմից, մենք գիտենք, որ կարևոր է Աստծո փնտրտուքը։ Մյուս կողմից, կյանքը մի հստակ բաժանում ու հեռավորություն է ստեղծում Իր և մեր միջև։ Մեզ թվում է, թե անտեսված ենք Աստվածության կողմից, կամ թե մտահոգված ենք մեր ամենօրյա խնդիրներով։ Սա մեղքի զգացում է ծնում. և՛ երբ ինչ որ կերպ հրաժարվում ենք կյանքից՝ Աստծուն հավատարիմ լինելու համար, և՛ երբ մեզ թվում է, թե չափազանց հեռանում ենք Աստծուց՝ կյանքին հետևելու պատճառով։ Այս թվացյալ ընդհարումը երևակայական է. Աստված կյանքի մեջ է և կյանքն Աստծո մեջ է։ Մարդը պետք է պարզապես ուշադիր լինի այս բանին, որպեսզի կարողանա լավագույնս հասկանալ իր ճակատագիրը։ Եթե ընդունակ լինենք ներթափանցելու մեր ամենօրյա կյանքի սրբազան ներդաշնակության մեջ, միշտ ճիշտ ճանապարհի վրա կգտնվենք և հաջողությամբ կիրականացնենք մեր նպատակները»։



Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ

Աստվածաշնչյան Հայտնությունը քաջալերում է օտարի հյուրընկալությունը, դրան որպես պատճառ ներկայացնելով վստահությունը, որ այդպես վարվելով՝ սեփական դռները բացվում են Աստծո առաջ, իսկ ուրիշի դեմքի վրա բացահայտվում են Հիսուս Քրիստոսի դիմագծերը։



Հայր Անտոնիո Մացցի

Գոյություն ունեն երկու տեսակի բարբարոսություններ. հին բարբարոսությունները, որ բաղկացած էին արյունալի պատերազմներից, ստրկությունից, բռնատիրություններից. և նոր բարբարոսությունները, որ բաղկացած են տեխնոլոգիաներից, շահից, տիրապետությունից, թմրանյութերից, անհյուրընկալ անհանդուրժողականությունից։



Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ

Աստված Իր ամենագեղեցիկ ծաղիկներն աճեցնում է ամենաչոր ու ամենակոշտ քարերի միջև։



Հայր Ժաք Ֆիլիպպ

Պատճառը, որ խոչընդոտում է մեզ առավել առատ շնորհներ ստանալու Աստծուց, արդեն ստացված շնորհները բավական չճանաչելն է և դրանց համար պատշաճ երախտագիտություն չհայտնելը։



Կարդինալ Անջելո Քոմաստրի

Կարիքն ունենք վերադառնալու Սրբերին, կարիքն ունենք վերադառնալու ճշմարտապես արժեքավոր մոդելներին. մոդելներ, որոնք վեհացնում են մարդուն և նրան օգնում են ի հայտ բերելու սեփական էության լավագույն կողմերն ու տարրերը։



Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ

Ի՞նչ է դարձի գալը։ Տիրոջից խնդրելն է շնորհը չչարախոսելու, չքննադատելու, չշատախոսելու, բոլորին սիրելու։ Սա մի շնորհ է, որ Տերը պարգևում է մեզ։ Սա՛ է սրտի դարձը։



Ռոբերտո Լաուրիտա

Մենք այգեպաններ ենք, ո՛չ թե այգու սեփականատերերը։ Եվ մի օր հաշիվ ենք տալու մեր անգործության, մեր գոռոզության համար, այն պտուղների համար, որոնք մեզ տրվել են, որպեսզի բոլորը դրանցից օգուտ քաղեն, այն պտուղների համար, որոնք Դու, Տե՜ր, մեզնից իրավացիորեն ակնկալում ես։



Սբ. Պիո Դա Պիետրելչինա (1887-1968)

Երբ կարծում ես, թե բավական գործ արել ես սիրո գործադրման մեջ, մղիր քեզ է՛լ ավելի առաջ. սիրիր ավելի։ Երբ սիրո գործադրման դժվարությունների դիմաց փորձությունն ես ունենում կանգ առնելու, ջանք գործադրիր՝ հաղթահարելու համար դժվարությունները. սիրիր ավելի։ Երբ քո եսապաշտությունը փորձում է արգելափակել քեզ ինքդ քո ներսում, դուրս եկ սեփական բանտիցդ. սիրիր ավելի։ Երբ հաշտվելու համար սպասում ես, որ մյուսը կատարի առաջին քայլը, դու քո ձեռքը վերցրու նախաձեռնությունը. սիրիր ավելի։ Երբ քեզ մղված ես զգում բողոքելու յուրաքանչյուր անարդարության դեմ, որին զոհ ես գնացել, ջանա լռություն պահպանել. սիրիր ավելի։



Հայր Ադալբերտ Լյուդվիգ Բոլլինգ

Երանի՜ նրան, ով պատրաստակամ է նվիրելու սեփական ժամանակը, նաև այն ժամանակ, երբ ժամանակ չունի։



Ռաբինդրանաթ Թագոր (1861-1941)

Քնած էի և երազումս տեսնում էի, թե կյանքն ուրախություն էր։ Արթնացա և տեսա, որ կյանքը ծառայություն է։ Կամեցա ծառայել և տեսա, որ ծառայությունն ուրախություն է։