Հեղինակի խօսք



Սբ. Ամբրոսիոս Միլանցի (339/340-397)

Եկեղեցին ոսկին ունի ո՛չ թե պահելու, այլ՝ բաժանելու համար։



Սբ. Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագեր («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975), «Ճանապարհ» գրքից

Ղեկավարնե՜ր ... : Առնականացրո՛ւ կամքդ, որպեսզի Աստված քեզ ղեկավար դարձնի: Չե՞ս տեսնում, թե ինչպես են գործում անիծյալ գաղտնի կազմակերպությունները: Նրանք երբեք չեն նվաճել մարդկանց զանգվածներին: – Իրենց հավաքատեղիներում նրանք կազմավորում են մի քանի մարդադևերի, որոնք գործի են լծվում և գրգռում են զանգվածներին, նրանց խենթացնելով, իրենց ետևից քաշելու համար դեպի ամեն տեսակ անկարգությունների անդունդը ... և դեպի դժոխք: – Նրանք անիծյալ սերմեր են տարածում: Եթե դու կամենաս ... , կսերմանես Աստծո հազա՜ր ու հազա՜ր անգամ օրհնյալ խոսքը, որը չի կարող նվազել կամ տկարանալ: Եթե վեհանձն լինես ... , եթե համապատասխանես անձիդ սրբությամբ, կկարողանաս ուրիշներին ևս սրբացնել. ահա՛ Քրիստոսի թագավորությունը. ամեն ոք Պետրոսի հետ, դեպի Հիսուսը, Մարիամի միջնորդությամբ:



Գերարդ Հույգե

Հպարտությանը մեռնելու համար հարկավոր է մտովին ապրել ուրիշների ոտքերից վար։ Սա՛ է Եկեղեցում իշխանություն կիրառելու միակ ձևը։



Անհայտ Հեղինակ

Աստված բռնատեր չէ, որ հարկեր է պահանջում, կամ մանավանդ թե՝ զոհեր. Աստված մեր Հայրն է, որ սիրում է մեզ գորովալի սիրով և ուրախանում է բարության յուրաքանչյուր արարքի համար, որով մենք, որպես մարդ, վեհանում ու ազնվանում ենք։



Հրեական ավանդազրույց

Աբրահամը, երբ արդեն շատ ծեր էր, մի օր նստած էր իր վրանի առաջ փռված գորգին, երբ տեսավ, թե ինչպես էր մի հրեշտակ քայլելով դեպի ինքը գալիս անապատի ավազների վրայով։ Բայց երբ հրեշտակը մոտեցավ նրան, դող և սարսուռ անցան Աբրահամի ողջ մարմնով մեկ. կյանքի հրեշտակը չէր դա, այլ՝ մահվան հրեշտակը։ Երբ հրեշտակը կանգ առավ իր դիմաց, Աբրահամը քաջությունն ունեցավ խոսելու և ասաց նրան. «Մահվան հրեշտակ, մի հարց ունեմ քեզ տալու. ես Աստծո մտերիմն եմ, երբևէ տեսե՞լ ես, որ մի ընկեր մահ ցանկանա իր ընկերոջը»։ «Մի հարց էլ ես ունեմ», պատասխանեց հրեշտակը։ «Երբևէ տեսե՞լ ես սիրահարված մեկին, որ մերժի հանդիպել իր սիրեցյալին»։ Աբրահամն իսկույն գոչեց. «Մահվան հրեշտակ, վերցրո՛ւ ինձ»։



Սբ. Մայր Թերեզա Կալկութացի

Ուզում ես իմանալ, թե ինչո՞ւ են իմ աչքերը փայլում երջանկությունից։ Իմ աչքերը փայլում են երջանկությունից, որովհետև իմ ձեռքերը բազմաթիվ արցունքներ են չորացնում մարդկանց աչքերից։



Սբ. Կատերինա Ջենովացի

Աստված դրախտի դռները բացել է բոլորի առաջ։ Մտնում է նա, ով ուզում է։



Հայր Ջորդանո Ֆրոզինի

Առաջին քրիստոնյաները միմյանց «եղբայր» էին անվանում, և Պետրոսը իր առաջ ծունկի եկած Կորնելիոսին ոտքի էր կանգնեցնում ու ասում. «Ոտքի՛ կանգնիր. ես էլ եմ մի մարդ» (Գրծ 10, 26)։ Քրիստոնեական համայնքի բնորոշ ժեստը խոնարհվելը կամ ծնրադրելը չէ, այլ՝ գրկախառնվելը։



Սբ. Հովհան Ոսկեբերան

Շա՜տ ավելի լավ է հաղթել սեփական լեզվին և սանձել այն, քան թե ծոմ պահել լոկ հաց ու ջրով։



Վիտտորիո Մեսսորի

Շատ խոսում է նա, ով ասելու քիչ բան ունի։



Օրիանա Ֆալլաչի

Մեր պարտականությունները չենք կատարում, որպեսզի ինչ որ մեկը մեզ շնորհակալություն հայտնի դրա համար։ Մեր պարտականությունները կատարում ենք սկզբունքի համար, ինքներս մեր, մեր արժանապատվության համար։



Չինական ասացվածք

Հեշտ է սուրբ լինել՝ Թայ-Շանյ լեռան կատարին նստած, շա՜տ ավելի դժվար է սուրբ մնալը, երբ նստած ես քաղաքի շուկայում։



Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ

Բազմաթիվ խավարաշատ օրեր եմ ապրել բռնատիրական դաժան վարչակարգերի ներքո և բավականաչափ փորձառություն ունեմ անսասան կերպով համոզված լինելու համար, որ ոչ մի դժվարություն, ոչ մի վախ այնքան մեծ չէ, որ կարողանա ամբողջովին խեղդել հույսը, որն հավիտյան բխում է երիտասարդների սրտում։ Մի՛ թողեք, որ այդ հույսը մարի։ Ձեր կյանքը գրավի դրեք այդ հույսի վրա։ Մեր մարդկային էությունը հավասար չէ մեր տկարությունների ու մեր ձախողումների համագումարին. ընդհակառակն, համագումարն ենք մեր հանդեպ ունեցած Հոր սիրո և Իր Որդու պատկերը դառնալու մեր իրական կարողության։ Այնտեղ՝ մարդկանց մեջ է Քրիստոսի տունը. Քրիստոսի, ով ձեզնից խնդրում է Իր Անունից չորացնել յուրաքանչյուր արտասուք, և իրեն միայնակ զգացող յուրաքանչյուր մարդու հիշեցնել, որ ոչ ոք երբեք միայնակ չէ, եթե Նրա վրա է հաստատում իր հույսը։



Սբ. Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագեր («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975), «Ճանապարհ» գրքից

«Մեծ» սրբությունը կայանում է ամեն վայրկյանի «փոքրիկ պարտականությունները» կատարելու մեջ: [...] Մեծ հոգիները մեծ կարևորություն են ընծայում փոքր բաներին:



Ադրիանո Չելենտանո

Հավատքը դա ամենասքանչելի պարգևն է, որ Աստված տալիս է մեզ Իրեն տեսնելու համար։