Հեղինակի խօսք



Անհայտ Հեղինակ

Բոլոր մարդիկ էլ մահանում են, բայց միայն քչերն են իսկապես ապրում։



Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ

Մի պատանի հարցրեց ինձ. «Ի՞նչ կարող եմ ասել իմ անհավատ ընկերոջը, որպեսզի նա կարողանա հավատալ»։ Ես այսպես պատասխանեցի նրան. «Ինչ որ մի բան ասելը դա ամենավերջին բանն է, որ քեզնից պահանջվում է։ Սկսիր ինչ որ մի բան անելուց, և նա քեզ կհարցնի, թե ինչո՞ւ ես դու այդպես վարվում և թե ինչո՞ւ ես դու այդպես ապրում»։



Անհայտ Հեղինակ

Աստված քո մասին մտածում էր դեռ այն ժամանակ, երբ տակավին չէր ստեղծել աշխարհը։ Մանավանդ թե, Նա աշխարհը ստեղծել է հենց քո համար։



Սբ. Հովհան Ոսկեբերան

« Եթե դու Եկեղեցի ես եկել սուրբ մարդիկ գտնելու համար, ուրեմն սխալվել ես։ Իսկ եթե այստեղ ես եկել Աստծուն գտնելու համար, ուրեմն ճիշտ ընտրություն ես կատարել»։



Սբ. Մայր Թերեզա Կալկութացի

Բա՛ց մեր աչքերը, ո՜վ Տեր, որպեսզի կարողանանք Քեզ տեսնել հանձինս մեր եղբայրների ու քույրերի։ Բա՛ց մեր ականջները, ո՜վ Տեր, որպեսզի կարողանանք լսել աղաղակը նրանց, ովքեր քաղցած են, ցրտահարված, վախեցած ու ճնշված։ Բա՛ց մեր սիրտը, ո՜վ Տեր, որպեսզի սովորենք սիրել մեկս մյուսիս, այնպես, ինչպես Դու ես մեզ սիրում։ Մեզ կրկին պարգևիր Քո Սուրբ Հոգին, ո՜վ Տեր, որպեսզի դառնանք միայն մեկ սիրտ և միայն մեկ հոգի, Քո Անվանդ մեջ։ Ամեն։



«Նմանություն Հիսուս Քրիստոսի» գրքից

0րհնյա՜լ ես, Աստված իմ: Թեև անարժան եմ Քո առատազեղ բարիքներին, բայց գիտեմ, որ ըստ վեհ մեծությանդ ու անսահման բարությանդ չես դադարում բարեգործել նաև ապերախտներին և համառ ու պնդագլուխ հակառակորդներիդ, տալով նրանց կյանք և դարձի հնարավորություն: Տուր մեզ, Աստված իմ, վերադարձ դեպի Քեզ, որպեսզի լինենք երախտագետ, խոնարհ ու ջերմեռանդ, քանզի Դու ես մեր փրկությունը, ուժն ու զորությունը:



Սբ. Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագեր («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975), «Ճանապարհ» գրքից

Առաքելանվե՜ր հոգի, քո շրջապատում դու նման ես լիճն ընկնող քարին: – Քո օրինակով և քո խոսքերով դու ալիքի մի առաջին օղակ ես գոյացնում ... , որն էլ իր հերթին առաջացնում է մի երկրորդ օղակ ... , իսկ երկրորդը՝ երրորդին ... , չորրորդին, և այսպես շարունակ ... : Եվ օղակները միշտ ավելի լայն են ստացվում: Հիմա հասկանո՞ւմ ես առաքելությանդ մեծությունը:



Անհայտ Հեղինակ

Անհնարին է սիրել մերձավորին առանց մերձավորի համար և մերձավորի հետ տառապելու։ Անհնարին է սիրել Աստծուն առանց Աստծո համար և Աստծո հետ տառապելու։



Քլոդ Ժեֆֆրե

Երբ տեսնում ենք, որ Հիսուսը Ավետարանում մի ամբողջովին յուրահատուկ սիրով սիրում է մեղավորներին, դրա պատճառն անշուշտ նրանց մեղքը չէ, այլ՝ փաստը, որ նրանք յուրահատուկ կարիքն ունեն ներվելու ու բժշկվելու, որպեսզի տրամադիր դառնան Աստծո սիրույն։



Ջուզեպպե Դե Լուքա

Հնարավոր է հպարտանալ նաև բարու մեջ։ Եվ որքան ավելի է մեկը բարի, այնքան ավելի է ենթարկվում հպարտության փորձությանը։



Սբ. Ժան-Մարի Վիաննե

[Նեղությունների ու հակառակությունների մեջ կրված] Համբերության միայն մի ժամն ավելի արժե, քան պահքի բազմաթիվ օրերը։



Անհայտ Հեղինակ

Ծոմ պահիր ուրիշներին քննադատելուց. փոխարենը՝ բացահայտիր Քրիստոսին, որ բնակվում է նրանցից յուրաքանչյուրի մեջ։ Ծոմ պահիր խոցող ու վիրավորող խոսքեր արտասանելուց. փոխարենը՝ բերանդ լցրու բուժիչ ու կազդուրիչ խոսքերով։ Ծոմ պահիր դժգոհ լինելուց. փոխարենը՝ լցվիր երախտագիտությամբ։ Ծոմ պահիր զայրույթից. փոխարենը՝ լցվիր համբերությամբ։ Ծոմ պահիր հոռետեսությունից. փոխարենը՝ լցվիր քրիստոնեական հույսով։ Ծոմ պահիր անօգուտ մտատանջություններից. փոխարենը՝ լցվիր Աստծո հանդեպ վստահությամբ։ Ծոմ պահիր տրտնջալուց. փոխարենը՝ լցվիր հիացմունքով հանդեպ այն հրաշքի, որ կյանքն է։ Ծոմ պահիր ճնշումներ բանեցնելուց ու համառությունից. փոխարենը՝ լցվիր անդադար աղոթքով։ Ծոմ պահիր քինախնդրության դառնությունից. փոխարենը՝ լցվիր ներողամտությամբ։ Ծոմ պահիր ինքդ քեզ չափազանց կարևորելուց. փոխարենը՝ լցվիր ուրիշների նկատմամբ կարեկցանքով։ Ծոմ պահիր ունեցածիդ համար շարունակ մտահոգվելուց. փոխարենը՝ խաղի դիր ամեն ինչ Արքայության տարածման համար։ Ծոմ պահիր վհատությունից. փոխարենը՝ լցվիր հավատքի խանդավառությամբ։ Ծոմ պահիր այն ամեն ինչից, որ բաժանում է քեզ Հիսուսից. փոխարենը՝ լցվիր այն ամեն ինչով, որ քեզ մոտեցնում է Իրեն։ Ո՜վ Սուրբ Հոգի, որ առաջնորդեցիր Հիսուսին դեպի անապատ, ուր Նա ծոմ պահեց քառասուն օր ու քառասուն գիշեր, Ամենասրբուհի Կույս Մարիամի՝ Հիսուսի Մոր և իմ Մոր բարեխոսությամբ օգնիր մեզ ծոմ պահել այնպես, ինչպես Դու ես կամենում։ Ամեն։



Սբ. Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագեր («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975), «Ճանապարհ» գրքից

Այն, ինչը որ քեզ զարմացնում է, ինձ տրամաբանական է թվում: Այսինքն այն, որ Տերը քեզ հանդիպելու է եկել մասնագիտական աշխատանքիդ կատարման ժամանակ: Նա հենց այդպես հանդիպեց առաջիններին. Պետրոսին, Անդրեասին, Հովհաննեսին ու Հակոբոսին, իրենց ուռկանների կողքին. Մատթեոսին էլ մաքսավորի սեղանի առաջ ... : Եվ – ապշի՛ր – Պողոսին, մինչ նա կատաղորեն սպառնում էր բնաջինջ անել քրիստոնեության սերմը:



«Նմանություն Հիսուս Քրիստոսի» գրքից

[Հիսուսն ասում է.] Որդյակ, եթե իսկապես կամենում ես երջանիկ լինել, որպես կյանքիդ նպատակ ինձ պետք է ունենաս: Այսօրինակ նպատակադրմամբ կմաքրագործվեն իղձերդ ու փափաքներդ, որոնք շատ հաճախ շեղվում են և ձգտում են սիրելու անձդ ու արարածներին: Որովհետև եթե որևիցէ մի բանում փնտրես քո իսկ անձը, կենսաբեր տրամադրությունների նվազում իսկույն կզգաս քեզնում և հոգիդ կցամաքի ու կանապատանա: Հետևաբար, ամեն բան կողմնորոշիր դեպի ինձ՝ իրենց ակունքին, որովհետև ես եմ պարգևել քեզ բոլոր բարիքները: Այսպես դիտիր բոլոր իրողությունները. իբրև սերում գերագույն Բարիքից, և հետևաբար՝ ուղղիր ամեն բան դեպի ինձ, իրենց բնօրրանին: Ինձնից՝ կենարար Աղբյուրիցս են կենդանարար ջրեր քաղում փոքրն ու մեծը, աղքատն ու հարուստը. և նրանք, ովքեր ազատ հոժարությամբ ծառայում են ինձ, կստանան շնորհ շնորհի վրա: Իսկ ով կկամենա փառք գտնել ինձնից դուրս, կամ ուրախություն գտնել իմ կողմից պարգևված բարիքներից բացի ուրիշ ինչ որ մի բանում, չի կարողանա խաղաղվել ընդմեջ իրական հոգեզվարթության, և ո՛չ էլ՝ ընդարձակել իր սիրտը: Այլ՝ քայլ առ քայլ ավելի կսեղմվի ու կվշտանա: Բարիքներն, ուրեմն, քեզ մի՛ վերագրիր, և ո՛չ էլ առաքինությունները՝ մի որևէ մարդու, այլ՝ ամեն բան ուղղիր առ Աստված, առանց որի մարդը չունի ոչինչ: Ես քեզ տվեցի ամեն բան, կամենում եմ վերստանալ ամեն բան: Տվեցի ամեն բան, պահանջում եմ երախտագիտություն դրանց փոխարեն: Սա՛ է ճշմարտությունը, որ մոխրացնելով անէացնում է սնափառության հետքերը: Եվ եթե սրան դեռ ավելանան և միջամտեն երկնային շնորհն ու իրական սերը, անձիցդ ներս այլևս տեղ չեն գտնի նախանձն ու սրտի տառապանքը, և ո՛չ էլ եսասիրությունը կգալարվի քեզնում օձապտույտ: Աստծո Սերը հաղթում է ամեն ինչի և բազմապատկում է հոգու կարողությունները: Եթե միտքդ խոհեմաբար բանեցնես, ուրախությունդ և հույսդ իմ վրա միմիայն կհիմնես, որովհետև «ո՛չ ոք բարի է, այլ միայն Աստված» (Ղկս 18, 19), որ պետք է գովաբանվի գերիվեր ամեն ինչից և օրհնաբանվի ամեն ինչում:



Սբ. Մայր Թերեզա Կալկութացի

Եթե օգնում ենք մեր զավակներին լինելու այնպիսին, ինչպիսին որ պետք է լինեն այսօր, երբ կհասնի վաղվա օրը, երբ այդ վաղը կդառնա արդեն այսօրը, նրանք հարկավոր քաջությունը կունենան դիմագրավելու այդ օրվա պահանջներին առավել սիրով։