Հեղինակի խօսք



Անրի Դոմինիք Լաքորդեր

«Ուզո՞ւմ եք երջանիկ լինել միայն մի պահ։ Վրեժխնդի՛ր եղեք։ Ուզո՞ւմ եք երջանիկ լինել ընդմիշտ։ Ներեցե՛ք»։



Նամակ Դիոգնետոսին (Ք.հ. 2րդ դար)

«Քրիստոնյաներն անցողիկ իրողությունների մեջ ապրում են որպես պանդուխտներ, անապականությունն ակնկալելով երկնքում»։



Դիդախե (Ք.հ. Առաջին դար)

Ինչպես [Սուրբ Պատարագի] բեկված այս հացը, որ ցրված էր բլուրների վրա, հավաքվել է՝ դառնալու համար մեկ միակ ամբողջություն, նմանապես Եկեղեցիդ երկրի բոլոր ծայրերից հավաքիր Արքայությանդ մեջ:



Ջանլուքա Ատթանազիո

Ո՜վ Քրիստոս, առանց Քո շնորհիդ օգնության՝ և ո՛չ իսկ մի ակնթարթ կկարողանայի ապրել առանց ընկնելու։ Այս պատճառով է, որ լիովին Քեզ եմ ապավինում և Քեզ եմ տեսնում որպես իմ միակ ապաստանը։



Սբ. Հովհան Ոսկեբերան

Բոլորդ, ուստի, մտեք ձեր Տիրոջ ուրախության մեջ: Առաջիններդ և վերջիններդ, ստացեք հատուցումը: [...] Սեղանը պատրաստ է, եկեք բոլորդ անխտիր: [...] Մասնակցեցեք հավատքի խնջույքին, բոլորդ էլ քաղեցեք ողորմության առատ հարստություններից: [...] Թող ոչ ոք չսգա իր մեղքերը. ներումը հարություն է առել գերեզմանից: Թող ոչ ոք չվախենա մահից. Փրկչի մահը ազատել է մեզ: Նա գետին տապալեց մահվանը, երբ Նրան շղթայված էր պահում: Դժոխքը դատարկեց Նա, ով իջավ դժոխք: Նա ավերեց դժոխքը, Իր մարմինը համտեսած լինելու համար: Եսային կանխասել էր դա. դժոխքը զարհուրեց, երբ հանդիպեց Նրան: Զարհուրեց, որովհետև ոտնատակ ճզմվեց: Դառնությամբ պատվեց, որովհետև ծաղրի ենթարկվեց: Մի մարմին էր կլանել, բայց իր առաջ գտավ Աստծուն: Տեսանելին էր բռնել, բայց անտեսանելին նրան խուճապի մատնեց: Ո՞ւր է, մահ, քո խայթոցը: Ո՞ւր է, դժոխք, քո հաղթանակը: Քրիստոսը հարություն առավ և դու ոչնչացվեցիր: Քրիստոսը հարություն առավ և դևերը պարտվեցին: Քրիստոսը հարություն առավ և հրեշտակներն ուրախանում են: Քրիստոսը հարություն առավ և կյանքը թագավորում է: Քրիստոսը հարություն առավ և ննջեցյալներն ազատվեցին գերեզմաններից: Որովհետև մեռյալներից հարություն առած Քրիստոսը դարձել է առաջնեկը նրանց, ովքեր ննջում են: Նրան փառք և կարողություն հավիտյանս հավիտենից: Ամեն:



Լուի Էվելի

Ո՜վ Տեր, անհապաղ կարիքն ունեմ ողորմությանդ, ինքս ինձ կրկին հանդուրժել կարողանալու համար։ Անհապաղ կարիքն ունեմ Քո ներկայությանդ լինելու, ուրիշների և ինքս իմ հետ կրկին հաշտվելու ու խաղաղվելու համար։ Իմ մասին ոչինչ չեմ ճանաչում, քանի դեռ չեմ ճանաչում Քեզ։ Եվ իմ ներաշխարհից ոչինչ ինձ հաճելի չէր, քանի դեռ նրանում չէի բացահայտել Քո շնորհը, Քո բարեհաճությունն ու Քո պատկերը։ Քո դիմաց կյանքն ամբողջովին փոխակերպվում է, ժամանակը չի ապականվում տենդոտ վրդովմունքներով, և չի ճզմվում անիմաստությամբ։ Քո առջև ապրված իմաստի ու արժեքի այս բացարձակ կշռի ներքո ծնկներս երբեմն ծալվում են տկարությամբ, բայց հազիվ թե դադարեցնում եմ աղոթքս, սիրտս մղում է ինձ այն կրկին վերսկսելու։



Մաուրիցիո Միրիլլի

Տղամարդուն և կնոջը նրանց սեռային տարբերակման մեջ ստեղծելուց հետո Աստված նայեց նրանց և գոհ այն գործից, որ արել էր, ասաց. «Շա՜տ բարի բան է»։



Մաուրիցիո Միրիլլի

Երբ որոշում ես սիրել, հաշվի առ ո՛չ միայն այն, ինչը քեզ գոհացնում է, այլ նաև այն, ինչը ծանր է կշռում ուսերիդ։ Եվ այդպես, սիրո ջանքի դիմաց, մի՛ փախչիր, որովհետև սիրելը ջանք է պահանջում ամենուր և որևէ մեկի հետ։



Հայր Անսելմ Գրյուն

Կան անձինք, որոնց նայելով հստակ կերպով հասկանում ենք, որ ներքուստ ազատ են։ Ենթակա չեն ինչ որ մի բան ինչ որ մեկին ապացուցելու ճնշող պահանջին։ Այնպիսին են, ինչպիսին որ են. իսկապես ազատ են։



Որոգինես Ադամանցիուս Աղեքսանդրացի (185-254թթ.)

Ոչ ոք չի համարձակվել Տիրոջ աստվածության մասին տալ նույնքան հստակ հայտնություն, որքան Հովհաննեսը: Պետք է համարձակորեն ասենք. Ավետարանները ամբողջ Աստվածաշնչի լրումն են, Հովհաննեսի Ավետարանը լրումն է Ավետարանների: Ոչ ոք չի կարող ըմբռնել նրա իմաստը, եթե չի հանգչել Հիսուսի կրծքին, եթե Հիսուսից չի ստացել Մարիամին, այնպես՝ որ նա դառնա նաև իր Մայրը:



Դոն Քոլումբա Մարմիոն

«Աստված կամեցավ բավականաչափ մութ կետեր թողնել, որպեսզի Իր հանդեպ հավատքը Իր հանդեպ խորը վստահության արարք լիներ»։



Սբ. Գրիգոր Նազիանզացի

Կարծում եմ, որ եթե Նրան տրվում է Որդի անունը, դրա պատճառն այն է, որ Հոր միևնույն էությունից է, ինչպես նաև՝ որովհետև գալիս է Հորից: [...] Նա անվանվում է Բան [Լոգոս], որովհետև Հոր հետ այն նույն հարաբերության մեջ է, ինչ խոսքը՝ մտքի հետ: [...] Որդին է, որ իսկույն և դյուրավ հայտնում է Հոր բնությունը, որովհետև յուրաքանչյուր ծնված լուռ սահմանումն է նրա, ով իրեն ծնել է: Եթե, մյուս կողմից, կամենանք անվանել Նրան Բան, որովհետև ամեն ինչի մեջ է, չենք սխալվի. մի՞թե Բանը չի ստեղծել ամեն բան: [...] Նրան անվանում ենք Կյանք, [...] որովհետև կյանք է տալիս ամեն գոյության: Արդարև, «մենք Նրա մեջ ունենք կյանքը, շարժումը և գոյությունը» (Գրծ 17, 28): [...] Նրանից ենք մենք բոլորս ստանում կենսական շունչը և Սուրբ Հոգին, որին մեր հոգին պարունակում է ըստ իր բացվածության չափի:



Ֆիլոսենոս Մաբբուգացի (...-523)

«Այն առատաձեռն պարգևողի համար, որ է Աստված, վա՜յն այն է, որ մենք չենք ընդունում Իր պարգևները։ Պարգևելով, Նա մեզ շնորհակալություն է հայտնում, որ ընդունում ենք. երբ օգտվում ենք Իր գանձարանի բարիքներից, Նրա համար դա միևնույնն է, ինչ այդ գանձարանի հարստություններն ավելացնելը»։



Ֆրանչեսկո Սքանցիանի

Այն ենք, ինչ ասում ենք. եթե մեր խոսքը ճշմարտություն է, ուրեմն մենք ազատ էակներ ենք. եթե մեր խոսքը կեղծիք է, ուրեմն մահվան ճիրաններում ենք։



Ֆրանչեսկո Սքանցիանի

Հարատևությունը մեզ մտածել է տալիս հզորության մասին. դա ամենօրյա առաքինություն է ո՛չ թե մեծ գործեր կատարելու, այլ՝ ամենօրյա կյանքը մեծ սրտով ապրելու համար։