Հեղինակի խօսք



Սբ. Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագեր («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975), «Ճանապարհ» գրքից

Սիրույդ արմատն այս աշխարհի վրա մի՛ հաստատիր: – Դրանից եսամոլ սերեր միայն կծնվեն ... : Իսկ նրանք, ում սիրում ես այդպես, քեզնից վախով ու նողկանքով հեռանալու են սակավ ժամեր անց, երբ Աստված քեզ կանչելու է Իր ներկայության: – Ա՛յլ բնույթ ունեն տևական սերերը:



Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ

Մենք կերտում ենք խաղաղությունը, երբ սովորում ենք քայլել ներման ճանապարհներով։



Փ. Անոն

Հանդարտեցրու իմ սիրտը, Տե՜ր, անդորր հաստատիր մտքիս մտածումներում։ Դանդաղեցրու իմ աճապարող քայլերը ժամանակի ուրախ տեսությամբ, ժամանակի, որն անայլայլ տարածվում է հավիտենականության գրկում։ Իմ օրերիս տվայտանքին պարգևիր հավիտենական հովիտների խաղաղությունը։ Փարատիր հոգու լարվածությունը, հիշեցնելով առվակները, որ քչքչում էին դաշտերում։ Հմայիր իմ անքուն գիշերները երանելի երազների կախարդանքով։ Փաղաքշանք պարգևիր իմ ձեռքերին, իմ բերանին՝ քաղցր խոսքեր, և սիրո թրթիռով պարուրված բաբախյուններ՝ իմ սրտին։ Օգնիր ինձ, Տե՜ր, հավիտենական արժեքներ ցանելու կյանքի ակոսում, որպեսզի հոգիս վստահաքայլ բարձրանա դեպի աստղերը Քո։



Ֆիլ Բոսմանս

Իսկապես ապրելու համար՝ պետք է ապրես այսօր։ Կյանքը կարճատև է և շուտով անցնում է։ Եթե չես ապրում այսօր, կորցնում ես քեզ տրված օրը։ Մի՛ տրտմեցրու հոգիդ վաղվա մասին վախերով ու մտահոգություններով։ Մի՛ ծանրացրու սիրտդ երեկվա թշվառություններով։ Ապրիր այսօր։



«Նմանություն Հիսուս Քրիստոսի» գրքից

Չկա սրբություն, երբ պակասում է քո օգնությունը, Տեր: Ոչնչի չի ծառայում իմաստությունը, երբ Դու դադարում ես առաջնորդել: Ոչինչ չարժե կամքի զորությունը, երբ Դու մերժում ես պահպանել այն հարատև: Խարխուլ են հիմքերը կուսության, եթե Դու չես պաշտպանում այն: Անօգուտ է զգուշությունը մեղքից, եթե բացակայում է հսկողությունը Քո կողմից: Որովհետև Քեզնից լքված, կլանվում ենք ու մեռնում: Մինչդեռ երբ այցելում ես մեզ, վերստին ոտքի ենք կանգնում և ապրում: Մենք իրոք հեղհեղուկ ենք ու դյուրափոփոխ, բայց Քեզնից ստանում ենք հաստատություն: Մենք գաղջ ենք, բայց Դու հրաշունչ ես դարձնում մեր եռանդը: Ա՜հ, քանի՜ցս խոնարհ ու նվաստ կարծիք պետք է կազմեմ անձիս շուրջ, ինչպիսի՜ անարժեքություն պետք է սեպեմ այն սակավ բարին, որ կարծում եմ, թե ունեմ: Ինչպիսի՜ կքմամբ պետք է խոնարհվեմ անըմբռնելի դատաստաններիդ առաջ, Տեր, մինչ տեսնում եմ ինձ ո՛չ այլ ինչ, եթե ոչ միայն՝ ոչինչ ոչնչության մեջ: Ո՜վ վիթխարի մեծություն, ո՜վ ընդարձակություն անանցանելի, ուր անհետանում եմ ինչպես ոչնչությունը ամբողջության մեջ: Ո՞ւր է ուրեմն ապաստանելու փառասիրությունը, ո՞ւր՝ վստահությունը, որ սնում էի առաքինություններիս հանդեպ: Ամեն տեսակ սին պարծանք ընկղմվեց դեպի խոր հատակը Քո ընդդեմ իմ տրված դատավճիռների: Ի՞նչ է արդյոք մարդը Քո գնահատմամբ: Մի՞թե կավեղեն անոթը կարող է պարծենալ բրուտի առաջ: Չի կարող ունայն խոսքերի պատճառով հպարտանալ նա, ում սիրտն իրոք ենթակա է Աստծուն: Աշխարհն ամբողջ բավական չէ դեպի հպարտություն մղելու նրան, ով հպատակ է ճշմարտությանը: Եվ անհնարին է մարդկային գովասանքներով հուզել սիրտը նրա, ով իր հույսն Աստծո վրա է միայն դրել: Եվ նրանք նույնպես, ովքեր խոսում են և գովաբանում մեզ, ոչնչություն են բոլորն էլ և կանէանան իրենց խոսքերի արձագանքի նման, «մինչդեռ Տիրոջ ճշմարտությունը տևում է հավիտյան» (Սղմ 116, 2):



Սբ. Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագեր («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975), «Ճանապարհ» գրքից

Հալածանքների մրրիկն օգտակար է: – Ի՞նչ է կորում ... : Չի կորում այն, ինչն արդեն կորած է: – Եթե ծառն արմատախիլ չի լինում, – իսկ այդպիսի հողմ կամ փոթորիկ չկա, որ կարողանա արմատախիլ անել Եկեղեցու ծառը – , միայն չոր ճյուղերն են թափվում ... : Իսկ դրանք լավ է, որ թափվում են:



Սբ. Հովհան Ոսկեբերան

Քրիստոնյան դա մի մարդ է, ում Աստված վստահել է մյուս բոլոր մարդկանց։



Հանս Ուրս Ֆոն Բալթազար

Եկեղեցու պատմությունը նախևառաջ Սրբերի պատմությունն է. հայտնի Սրբերի և անհայտ Սրբերի։



Հայր Ժաք Բենինյ Բոսսուե

Աստծուն հավատալը ունի մի քանի մութ կետեր, բայց Նրան չհավատալը լի է անհեթեթություններով։



Խալիլ Ժըբրան

Սատանայից վախենալը Աստծո հանդեպ կասկածներ սնուցելու ձևերից մեկն է։



Կարլո Քարրետտո

Աստվածաբանությունը, մշակույթը, փիլիսոփայությունը, գիտությունները ա՛յլ բան չեն, քան մարդկային հասկը, որն հանդա՜րտ հանդա՜րտ կրում է մեր հոգու ցորենի հատիկը Աստվածային Արևի ճառագայթների ներքո։



Որոգինես Ադամանցիուս Աղեքսանդրացի (185-254)

Մենք բոլորս, որ հավատում ենք Քրիստոսին, կոչվում ենք կենդանի քարեր։ Ո՜վ ունկնդրող, այս հոգևոր կառույցի կերտմանը առավել հարմար դառնալու համար, հիմքին որպես քար ավելի մոտիկ գտնվելու համար, իմացիր, որ Քրիստոսն Ինքն է այս կառույցի հիմքը։ Բայց Եկեղեցու շենքի ներսում պետք է գոյություն ունենա նաև խորանը։ Ուստի ես կարծում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, որ հարմար և պատրաստակամ է աղոթքին, պատկանում է նրանց դասին, որոնցով Հիսուսը կերտում է խորանը։



Անհայտ Հեղինակ

Աղոթքի ժամանակ նախընտրելի է ունենալ սիրտ, որը զուրկ է խոսքերից, քան թե խոսքեր, որոնք զուրկ են սրտից։



«Նմանություն Հիսուս Քրիստոսի» գրքից

[Հիսուսն ասում է.] Որդյակ, ահա սրանք թող լինեն քո խոսքերը յուրաքանչյուր դեպքի առիթով. «Տեր, եթե հաճելի է Քեզ, թող այսպես լինի: Տեր, եթե սա կծառայի փառքիդ, թող կատարվի հանուն Քո: Տեր, եթե տեսնում ես, որ սա իմ բարիքի համար է և գտնում ես օգտակար, տուր, որ գործադրեմ սա պատվիդ համար: Բայց եթե համարում ես վնասակար կամ անօգուտ հոգուս փրկությանը, արմատախիլ արա ինձնից այս փափաքը»: Ո՛չ բոլոր փափաքներն են բխում Սուրբ Հոգուց, նույնիսկ երբ թվում են ուղղամիտ ու բարի: Դժվար է ճշգրտելը, թե բարի կամ չար ոգուց մղված ես փափաքում այս իրը և ոչ մյուսը, կամ թե քո իսկ անձնական շահն ես հետապնդում: Շատերն են, որոնց վերջիվերջո տեսնում ենք խաբված, թեև սկզբում առաջնորդված էին թվում բարի դիտավորությամբ: Այո՛, կարող ես Աստծո հանդեպ երկյուղով և սրտի խոնարհությամբ միշտ փափաքել և խնդրել որևէ շնորհ, բայց ամբողջական անջատմամբ, ամեն բան ինձ վստահելով և ասելով. «Տեր, Դու գիտես, թե ո՛րն է լավագույնը: Թող սա լինի կամ հակառակը, ինչպես հաճելի է Քեզ: Տուր ինձ այն, ի՛նչ կամենում ես, ե՛րբ կամենում ես և որքա՛ն կամենում ես: Դարձրու ինձ այնպիսին, ինչպիսին առավել հաճելի է Քեզ, Քո մեծագույն փառքի համար: Առաքիր ինձ այնտեղ, ուր կամենում ես և հանձնարարիր կատարել այն բոլոր գործերը, որոնք համաձայն են կամքիդ: Ես Քո ձեռքերի մեջ եմ. ուղղիր և վերուղղիր ինձ դեպի ա՛յս կամ ա՛յն կողմ, կամքիդ համաձայն: Ահա ես Քո ծառան եմ, պատրաստ ամեն ինչի, որովհետև չեմ կամենում ապրել իմ, այլ՝ Քո համար: Եվ երանի՜ թե կարողանայի ապրել Քո համար արժանավայել և կատարյալ կերպով»:



Վիկտոր Հյուգո

Աստված անտեսանելի ակնհայտն է։