Հեղինակի խօսք



Ռաբինդրանաթ Թագոր

Իւրաքանչիւր երեխայ, որ ծնւում է, իր հետ բերում է լուրը, որ Աստուած դեռ չի յոգնել մարդկանցից։



Սբ. Յովհան Ոսկեբերան

Հասկանա՛նք այս խորհրդի [Սուրբ Պատարագի] սքանչելիութիւնը, նրա հաստատման նպատակը, արգասիքները, որ արդիւնաւորում է: Մենք դառնում ենք միայն մէկ մարմին, Աստուածաշնչի համաձայն, անդամներ Իր մարմնի եւ ոսկորներ Իր ոսկորներից: Սա՛ է այն, ինչ գործում է սնունդը, որը Նա պարգեւում է մեզ. Նա խառնւում է մեզ, որպէսզի բոլորս միայն մէկ իրականութիւն դառնանք, որպէս իր գլխին միացած մի մարմին:



Մայր Թերեզա Կալկութացի

Մարիամը, հազիւ ընդունեց Յիսուսին, աճապարանքով գնաց Նրան տալու Յովհաննէսին։ Մենք նոյնպէս, հազիւ ընդունում ենք Յիսուսին ընդմէջ Ամենասուրբ Հաղորդութեան, աճապարանքով գնում ենք Նրան տալու մեր Քոյրերին, մեր աղքատներին, հիւանդներին, մահամերձներին, անտեսուածներին, խտրականութեան զոհը դարձածներին, մերժուածներին։



Սբ. Յովհան Ոսկեբերան

Մոգերն այս մարմնին երկրպագեցին մսուրի մէջ դրուած: [...] Այլեւս մսուրի մէջ չէ, որ դու տեսնում ես Նրան, այլ՝ խորանի վրայ: [...] Պէտք է հաւատաք, որ այսօր էլ խօսքը միեւնոյն ընթրիքի մասին է, որին նախագահում էր Յիսուսը: Ոչ մի տարբերութիւն չկայ այս ընթրիքի [Սուրբ Պատարագի] եւ այն ընթրիքի [Վերջին Ընթրիքի] միջեւ: [...] Նոյն մարմինն է, որ արիւնոտուեց, գեղարդով խոցուեց, որից բխեցին արեան եւ ջրի փրկարար վտակները, ամբողջ երկրի համար: [...] Քրիստոսը անդունդներից դուրս ելաւ շողարձակ լոյսով զգեստաւորուած եւ, այստեղ թողնելով Իր ճառագայթները, համբարձաւ մինչեւ երկնային գահը: Արդ, սա՛ է մարմինը, որը Նա մեզ տալիս է մեր ձեռքերում պահելու եւ ուտելու:



Անանուն Հեղինակ

Էգոիզմը Յիսուսի կողմից դատապարտւում է որպէս ամենամեծ յիմարութիւն եւ, հետեւաբար, Նրա կողմից դատապարտւում են նաեւ դաստիարակչական այն բոլոր ուղղութիւնները, որոնք չեն առաջնորդում ուրիշների նկատմամբ հոգատարութեան, սիրոյ։



Սբ. Կիւրեղ Երուսաղէմացի

Քրիստոսն Ինքը [Սուրբ Պատարագի հացի վերաբերեալ] յայտարարել եւ ասել է. «Սա իմ մարմինն է»: Ուրեմն ո՞վ կը յանդգնի տարակուսել: Եւ երբ Նա Ինքը վճռական ձայնով հաստատում է ու ասում. «Սա իմ արիւնն է», ո՞վ կը կասկածի ու կ\'ասի, թէ Նրա արիւնը չէ:



Լուիջի Ջուսսանի

Ոչ ոքի վարքն այնքան հակաաւետարանական չէ, որքան նրա՝ ով իրեն արդար է համարում, քանի որ այդպիսին Քրիստոսի կարիքը չունի։



Սբ. Ամբրոսիոս Միլանցի

Պաշտպանիր Քո գործը, Տէ՜ր, պահպանիր ինձնում շնորհը, որ պարգեւեցիր ինձ: [...] Ամէն ինչից վեր, տուր ինձ կարեկցանքի շնորհը: Պարգեւիր ինձ ունակութիւնը՝ կարեկցելու մեղաւորներին ի խորոց սրտի: Որովհետեւ սա՛ է գերագոյն առաքինութիւնը: [...] Օգնիր ինձ կարեկցելու ամէն անգամ, երբ ականատես կը լինեմ մեղաւորի անկմանը: Թող որ ես չյանդիմանեմ նրան ամբարտաւանութեամբ, այլ՝ լամ ու վշտանամ նրա հետ միասին: Այնպէս արա՛, որ մերձաւորիս վրայ արտասուելով՝ արտասուեմ ինքս իմ վրայ:



Երանելի Շառլ Դը Ֆուքո

Հարկաւոր է անցնել անապատի միջով եւ բնակուել անապատում, ստանալու համար Աստծոյ շնորհը։ Անապատում է, որ լիովին դատարկւում է մեր հոգու այս փոքրիկ տունը, ամբողջ տարածքը միմիայն Աստծուն թողնելու համար։



Սբ. Յովհան Ոսկեբերան

Բոլորին [Սուրբ Պատարագի շնորհիւ] միաւորելով, Քրիստոսը ձեւաւորում է միայն մէկ մարմին: Այսպիսով նա, ով բնակւում է Հռոմում, հնդիկներին նկատում է որպէս իր իսկ մարմնի անդամները: Կա՞յ մի միութիւն, որն հնարաւոր լինի համեմատել սրա հետ: Քրիստոսը բոլորի գլուխն է:



Ֆրանսուա Դը Լա Ռոշֆուքո

Աւելի հեշտ է իմաստուն լինել ուրիշների, քան սեփական անձի համար։



Սբ. Յուստինոս

Մենք հաւաքւում ենք իւրաքանչիւր Արեւի օրը [Կիրակի], որովհետեւ դա առաջին օրն է, որում Աստուած խաւարից նիւթը դուրս հանելով՝ ստեղծեց աշխարհը: Ինչպէս նաեւ, որովհետեւ դա այն օրն է, որում մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսը յարութիւն առաւ մեռելներից:



Մուրրէյ Ն. Ռոթբարդ

Այն ամէնն, ինչ լաւ ու բարի է արեւմտեան քաղաքակրթութեան մէջ, անհատական ազատութիւնից մինչեւ արուեստները, այդ ամէնի համար պարտական ենք Քրիստոնէութեանը։



Որոգինէս

Աստուած չի ստեղծել մահը, չի ստեղծել չարիքը, այլ՝ ամէն ինչում թողել է մարդուն, ինչպէս հրեշտակին, իր ազատութիւնը: Այսպիսով, ազատութեամբ, ոմանք բարձրանում են մինչեւ բարու գագաթնակէտը, մինչ ուրիշներ գահավիժում են չարի անդունդներն ի վար: Բայց դու, ո՜վ մարդ, ինչո՞ւ ես մերժում քո ազատութիւնը: Ինչո՞ւ ես տհաճութիւն դրսեւորում, իմանալով, որ պէտք է ջանք գործադրես, յոգնես, պայքարես եւ դառնաս քո փրկութեան հեղինակը: Մի՞թէ քեզ աւելի հաճելի կը լինէր հանգչել ծոյլ կեանքի ու մշտնջենաւոր անգործութեան քնի մէջ: «Իմ Հայրը», ասուած է, «միշտ գործում է, եւ ես նոյնպէս գործում եմ» (Յվհ 5, 17): Եւ քեզ տհա՞ճ է գործելը, քեզ, որ ստեղծուել ես դրականօրէն ստեղծելու համար:



Աուգուստո Գուէրրիէրո

Հաւատքի պակասը նման չէ ուրիշ որեւիցէ մի բարոյական կամ նիւթական բարիքի պակասին։ Իմ համար դա մի ողբերգութիւն է, ներքին ու ցաւալի մի ողբերգութիւն, որ հարուածեց ինձ մահուան նախօրէին, երբ հոգին այլեւս ուժ չունի վերականգնուելու կամ նորոգուելու։ Գիտէ՞ք. երբեմն, երբ մտածում եմ այս մասին, յուզւում եմ։ Այո՛, ճիշտ այդպէս, յուզւում եմ, եւ ողբալով արտասւում եմ ինքս իմ վրայ եւ իմ թշուառութեան վրայ։ Բայց Հաւատքը քարոզողներից քանի՞սն են զգում Հաւատքը այնպէս՝ ինչպէս ես զգում եմ Հաւատքի պակասը։