Հեղինակի խօսք



Սբ. Իսահակ Նինուէացի

Հարց. – Իսկ ե՞րբ մարդը կարող է իմանալ, որ իր սիրտը հասել է մաքրութեանը: Պատասխան. – Երբ նկատում է, որ բոլոր մարդիկ բարի են, եւ մարդկային ոչ մի էակ նրան անմաքուր ու արատաւոր չի թւում, այդ ժամանակ ճշմարտապէս մաքուր է իր սրտում:



Ա. Քարմիշէլ

Կարող ես տալ առանց սիրելու, բայց չես կարող սիրել առանց տալու։



Օլիվիէ Քլեման

Յիսուսը, տաբուներն ու արգելքները խզելով, սեղան էր նստում մաքսաւորների ու պոռնիկների հետ, որպէսզի նրանց լաւագոյնս արտայայտէր Իր սէրը: Սիրել նրան, ով միւսների կողմից արհամարհուած է, նշանակում է յայտնել նրան, թէ նա որքա՜ն սիրուած է Աստծոյ կողմից, եւ թէ ինչպէ՛ս նա աւելի թանկարժէք է, քան աշխարհն ամբողջ: Նշանակում է, թերեւս, թոյլ չտալ, որ նա ատի ինքն իրեն:



Մարիո Մելացցինի

Առաջ ուզում էի բուժել իմ հիւանդներին, այժմ ուզում եմ խնամել նրանց։



Անապատի Հայրերի կեանքից

Աբբա Մակարի մասին ասում էին, որ – ինչպէս գրուած է Աստուածաշնչում – դարձել էր աստուած երկրի վրայ, որովհետեւ ինչպէս Աստուած պաշտպանում է աշխարհը, այդպէս էլ Աբբա Մակարն էր թաքցնում յանցանքները, որ տեսնում էր, կարծես չէր տեսնում, եւ յանցանքները, որոնք լսում էր, կարծես չէր լսում:



Անանուն Հեղինակ

Ճահիճներում էլ են ծաղիկներ աճում։ Գոյութիւն չունի մի վիճակ, ուր Աստուած չկարողանայ լինել Փրկիչ։



Անապատի Հայրերի կեանքից

Պատահեց, որ Սկիտէի եղբայրներից մէկը մի յանցանք գործեց: Տարեցները հաւաքուեցին եւ Աբբա Մովսէսին էլ խնդրեցին միանալ իրենց: Նա, սակայն, մերժեց միանալ հաւաքին: Քահանան նրա մօտ մարդ ուղարկեց, ասելով. «Ե՛կ, եղբայրների հասարակութիւնը քեզ է սպասում»: Յայնժամ նա ոտքի կանգնեց եւ ճանապարհ ընկաւ, իր հետ վերցնելով մի հին, ծակծկուած կողով: Այդ կողովը աւազով լցրեց եւ քարշ էր տալիս իր ետեւից: Տարեցները նրան ընդառաջ ելան եւ հարցրեցին. «Հայր, ի՞նչ է սա նշանակում»: Ծերունին պատասխանեց. «Իմ մեղքերն են, որ ծորում են իմ ետեւից եւ ես դրանք չեմ տեսնում. բայց ահա այսօր եկել եմ դատելու ուրիշի մեղքերը»: Սա լսելով, ոչինչ չասացին եղբօրը եւ ներեցին նրան:



Խալիլ Ժըբրան

Արշալոյսին հասնելու ուրիշ ճանապարհ չկայ, քան՝ գիշերը։



Տերտուղիանոս

Որքա՜ն քաղցր է լուծը, որով երկու քրիստոնեաներ [ամուսնութեամբ] միանում են միեւնոյն յոյսի, միեւնոյն օրէնքի, միեւնոյն ծառայութեան մէջ: Միեւնոյն ընտանիքի զաւակներն են, որ ծառայում են միեւնոյն Տիրոջը: [...] Իսկապէս երկու են մէկ մարմնում: Իսկ այնտեղ, ուր մէկ է մարմինը, մէկ է նաեւ հոգին: Միասին նրանք աղօթում են, [...] փոխադարձաբար միմեանց ուսուցանելով, խրախուսելով, օժանդակելով: Նրանք միմեանց հաւասար են Աստծոյ Եկեղեցում, հաւասար են Աստծոյ խնջոյքում, հաւասարաչափ կիսում են վշտերը, հալածանքներն ու մխիթարութիւնները: Միմեանցից ոչինչ չեն թաքցնում, միմեանցից չեն խուսափում, միմեանց տհաճութիւն չեն պատճառում: [...] Քրիստոսն ուրախանում է այսպիսի զոյգ տեսնելով, եւ նրան առաքում է Իր խաղաղութիւնը: Ուր նրանք են, այնտեղ է նաեւ Ինքը:



Մարկ Թվէյն

Ուրախ լինելու լաւագոյն ձեւը ուրիշներին ուրախացնելն է։



Եւագր Պոնտացի

Աշխարհում ապրող մարդը, եթէ ծառայում է իր հիւանդ եղբօրը, աւելի լաւն է, քան այն միայնակեացը, որ կարեկցանք չունի իր մերձաւորի հանդէպ:



Շարլ Բոդըլէր

Սատանայի ամենամեծ խորամանկութիւնն այն է, երբ ինչ որ մէկին համոզում է՝ թէ ինքը գոյութիւն չունի։



Սբ. Գրիգոր Նիւսացի

Կինն Աստծոյ պատկերով է այնքան, որքան տղամարդը: Սեռերը հաւասար արժէք ունեն: Հաւասար են առաքինութիւնները, հաւասար են պայքարները: [...] Տղամարդն ընդունակ կը լինի՞ մրցակցելու կնոջ հետ, եթէ վերջինս հոգու կորովով է ապրում իր կեանքը:



Որոգինէս

Աստուածային Գրուածքը տղամարդկանց եւ կանանց չի հակադրում ըստ սեռի: Սեռը ոչ մի տարբերութիւն չի ներկայացնում Աստծոյ առաջ:



Ջորջ Բերնանոս

Հրաշալի է, թէ գաղափարներս ինչպէս են փոխւում, երբ աղօթում են դրանց համար։