Հեղինակի խօսք



Սբ. Գրիգոր Նիւսացի

Մի՛ արհամարհէք աղքատներին: Հարց տուէք ինքներդ ձեզ, թէ ովքե՞ր են նրանք, եւ կը բացայայտէք նրանց մեծութիւնը. նրանք մեր Փրկչի դէմքն ունեն: [...] Աղքատները տնտեսներն են մեր յոյսի, Արքայութեան դռնապաններն են, որ բացում են դուռը արդարների դիմաց եւ այն փակում են չարագործների ու եսապաշտների առաջ: Սոսկալի ամբաստանողներ են, ուժեղ փաստաբաններ: [...] Կարեկցանքն ու բաժնեկցումը բաներ են, որոնք սիրում է Աստուած: Աստուածացնում են նրան, ում մէջ բնակւում են, [...] նրան դարձնում են պատկերը առաջին, յաւիտենական Էութեան, որը գերազանցում է որեւէ իմացականութեան:



Լուի Բուրդալու

Ժամանակից աւելի թանկարժէք ոչինչ չկայ, քանի որ յաւիտենութեան գինն է։



Սբ. Իսահակ Նինուէացի

Ինչպէս որ աւազահատիկը նոյն ծանրութիւնը չունի, որքան բազում ոսկին, այնպէս էլ Աստծոյ մէջ արդար դատաստանի պահանջը նոյն կշիռը չունի, որքան Նրա կարեկցանքը: Ինչպէս մի բուռ աւազը անծայրածիր ծովում, այդպիսին են բոլոր մարմինների յանցանքները Աստծոյ նախախնամութեան ու ողորմութեան համեմատ: Ինչպէս առատաբուխ աղբիւրը չի կարող փակուել մի բուռ փոշիով, այդպէս էլ Արարչի կարեկցանքը չի կարող յաղթուել արարածի չարագործութիւններով:



Փօլ Բուրժէ

Ամենամեծ դժբախտութիւնը, որ կարող է պատահել սրտին, այն չէ, երբ նրանից կարող է արիւն կաթալ, այլ այն, որ կարող է կաթուածահար լինել։ [խօսքն անշուշտ բարոյական իմաստով է. այսինքն, սրտի համար ամենամեծ դժբախտութիւնը վէրքեր ստանալը չէ, այլ՝ սիրել չկարողանալը]։



Բեռնարդ Բրո

Աղօթքը երկխօսութիւն է, զրոյց Աստծոյ հետ։ Հարկաւոր է, ուրեմն, մեր հոգուն եւ մեր սրտին նախեւառաջ սովորեցնենք խօսել Աստծոյ լեզուով։



Շարլ Փէգի

Մարդիկ չեն փրկւում միայնակ: Անհնարին է միայնակ վերադառնալ Հօր տուն: Պէտք է ձեռք մեկնենք միմեանց: Մեղաւորը բռնում է Սրբի ձեռքը, իսկ Սուրբը՝ Յիսուսի:



Կարդինալ Սալիէժ

Բարութի՛ւն։ Աստծուն նմանուելու ամենահեշտ ձեւն է։



Օլիվիէ Քլեման

Եւ ի՞նչ է հարկաւոր փրկուելու համար, եթէ ոչ միայն՝ գիտակցել սեփական դատապարտութիւնն առանց յուսահատուելու: Դժոխքի ամենախորին խորութիւնների էլ խորքում գտնւում է դժոխքի դէմ յաղթանակած Քրիստոսը:



Քաւուրի կոմս Քամիլլո Բենսո

Ի՞նչ է երջանիկ մարդն առանց Հաւատքի։ Մի ծաղիկ՝ մի բաժակ ջրում. առանց արմատների եւ առանց տեւողութեան։



Սբ. Իսահակ Նինուէացի

Աստուած պատժում է սիրով, ո՛չ թէ վրէժխնդիր լինելու համար, այլ՝ ամբողջովին ընդհակառակը, Նա ակնկալում է Իր պատկերի բժշկումը եւ չի երկարաձգում Իր բարկութիւնը:



Անապատի Հայրերի կեանքից

Եղբայրներից մէկն այցելեց կշռադատութեան պարգեւն ունեցող ծերերից մէկին եւ աղաչեց նրան այս խօսքերով. «Աղօթիր իմ համար, հայր, որովհետեւ տկար եմ»։ Ծերը պատասխանեց. «Հայրերից մէկն ասել է, որ ով իր ձեռքերով ձէթ է վերցնում հիւանդին օծելու համար, նախ ինքն է օգտւում իր ձեռքերով կատարուած օծումից։ Այսպէս նաեւ նա, ով աղօթում է տառապող եղբօր համար, վերջինիս օգտակարութիւնից առաջ՝ նախ ինքն է ունենում օգուտի իր բաժինը, շնորհիւ սիրոյ ու կարեկցանքի իր դիտաւորութեան»։



Սբ. Յովհաննէս Կղիմաքոս

Միմիայն աղօթելով է, որ սովորում ենք աղօթել, եւ Աստուած Ինքն է ուսուցիչը։



Ֆրանսուա Քոլլանժ

Հաւատքը միշտ ծնւում է մի հանդիպումից եւ առաջնորդում է դէպի մի հանդիպում։



Սբ. Յովհան Ոսկեբերան

Գտի՛ր սրտիդ բանալին եւ կը տեսնես, որ բացում է նաեւ Արքայութեան դուռը։



Սբ. Թերեզա Աւիլացի

Գտայ Աստծուն այն նոյն օրը, երբ ուշադրութիւնս հեռացրեցի ինքս ինձնից։