Հեղինակի խօսք



Աուգուստ Բերձ

Աստուա՜ծ, անսահման գեղեցկութիւն, Դու գեղեցկութեանդ մեծվայելչութիւնը սփռել ես ծաղիկների, աստղերի, բնութեան գոյների խաղի, մարդկանց դէմքի ու կերպարանքի վրայ։ Դու տուել ես մեզ աչքեր, որպէսզի Քո այս մեծվայելչութիւնն ընկալենք արարչութեան եւ մարդկային արուեստի ու գեղեցկութեան ըմբռնման միջոցով։ Դու մեզ տուել ես նաեւ նրանցից մեկնելով դէպի Քեզ վերամբառնալու կարողութիւնը։ Աստուա՜ծ, անսահման գեղեցկութիւն, պարգեւիր մեզ Սուրբ Հոգու աչքերը, որպէսզի ընդունակ լինենք ճանաչել Քեզ այն ամէն ինչում, ինչը որը գեղեցիկ է աշխարհում։



Սբ. Անտոն Պադովացի

Որքան աւելի հեռուից է մեղաւորը վերադառնում իր Հօր մօտ, այնքան աւելի սիրով ու գթութեամբ է ընդունւում Նրա կողմից։



Ալեսանդրո Պրոնցատո

Եղբայրներ եւ քոյրեր, եկել էք այստեղ՝ աղօթելու, որպէսզի անձրեւ գայ։ Մի բան կ\'ուզենայի իմանալ. իսկ ո՞ւր են ձեր անձրեւանոցները։



Մայր Թերեզա Կալկութացի

Սրբութիւնը քչերի համար վերապահուած ճոխութիւն չէ, այլ մի պարզ պարտականութիւն բոլորի համար։



Ֆեօդոր Դոստոեւսկիյ

Գեղեցկութիւնը կը փրկի աշխարհը։ Աշխարհում գոյութիւն ունի միայն մէկ բացարձակապէս գեղեցիկ էակ, Քրիստոսը, բայց անսահմանօրէն, անհունօրէն գեղեցիկ այդ էակի յայտնութիւնն անշուշտ մի անհուն հրաշք է։



Սեւերոս Անտիոքացի

Երբ հայեացքս հառում եմ Աստծոյ Կոյս Մօր վրայ եւ փորձում եմ մի պարզ միտք ուրուագծել նրա մասին, իսկոյն թւում է ինձ, թէ լսում եմ մի ձայն, որն Աստծուց է գալիս եւ գոչում է իմ ականջին. «Կա՛նգ առ։ Հանի՛ր կօշիկներդ, որովհետեւ վայրը, ուր կանգնած ես, սուրբ է»։ Մերձենալ Մարիամին նշանակում է մերձենալ սուրբ երկրի եւ հասնել Երկնքին։



Բլէզ Պասկալ

Բանականութեան վերջին քայլն այն է, երբ ընդունում է, որ անսահմանափակ քանակի իրողութիւններ կան, որոնք գերազանցում են իր կարողութիւններին։



Ջովաննի Պապինի

Մարդկանց ամբողջ պատմութիւնն ա՛յլ բան չէ, քան միայն՝ երկրորդ տեղը գրաւելու սարսափ։



Սբ. Պետրոս Ոսկեխօս

Անառակ որդին պառկած էր գետնին. երբ գիտակցեց իր թշուառութիւնը, երբ անդրադարձաւ, որ անբուժելի կորստեան վիճակում է գտնւում, երբ տեսաւ, թէ որքա՜ն է թաղուել ցանկասիրութեան ցեխի մէջ, բացականչեց. «Ուզում եմ գնալ այստեղից եւ վերադառնալ իմ հօր մօտ»։ Որտեղի՞ց իրեն այդ յոյսը, այդ վստահութիւնը, այդ ապահովութիւնը։ Այն պարզ փաստից, որ խօսքը վերաբերւում էր իր հօրը. «Օտար ինչ-որ մէկը չէ, որ բարեխօսելու է իմ համար իմ հօր առաջ. հօրս իսկ գորովն է միջամտելու եւ նրան յուզելու է իմ համար իր սրտի ամենախորին խորքից»։ Եւ ահա, հայրը, հազիւ տեսաւ իր որդուն, մոռացաւ յանցանքի մասին. նախընտրեց հայր լինել, եւ ուստի՝ չներկայացաւ որպէս դատաւոր, եւ դատավճիռն իսկոյն ներման փոխեց։ Սէրը չի կարողանում տեսնել յանցանքը. այս պատճառով է, որ հայրը մի համբոյրով փրկագնում է որդու մեղքը, այն փակում է իր գրկում։



Թոմաս Մերթոն

Սովորոյթները որեւէ ճշմարիտ աւանդութեան, ինչպէս նաեւ՝ որեւէ ճշմարիտ կեանքի մահն են։ Մակաբոյծներ են, որ յարձակւում են աւանդութեան կենդանի օրգանիզմի վրայ եւ խժռում են նրա աւիշը, վերածելով մի դատարկ ձեւապաշտութեան։



Սբ. Թերեզա Յիսուս Մանկան

Կատարելութիւնն ինձ շատ հեշտ է թւում. բաւական է ճանաչել սեփական ոչնչութիւնը եւ մանկան նման յանձնուել Աստծոյ բազուկներին։



Սբ. Ֆաուստինա Քովալսկա

Մեր միակ գործը Աստծոյ գործին չընդդիմանալն է։



Ռաբինդրանաթ Թագոր

Երբ փակ կը գտնես դուռը իմ սրտի, կոտրի՛ր այն ու ներս մտիր. մի՛ հեռացիր ինձնից, Տէ՜ր։ Երբ լարերն իմ կիթառի մոռանում են Քո Անունը, աղաչում եմ Քեզ, սպասի՛ր. մի՛ հեռացիր ինձնից, Տէ՜ր։ Երբ Քո կանչի ձայնը չի խզում իմ թմրութիւնը, շանթահարի՛ր ինձ Քո վշտով. մի՛ հեռացիր ինձնից, Տէ՜ր։ Երբ ուրիշների եմ նստեցնում փառքի Քո գահին, ո՜վ իմ կեանքի Թագաւոր. մի՛ հեռացիր ինձնից, Տէ՜ր։



Լէոնարդո Դա Վինչի

Ինչպէս լաւ գործածուած օրն է հանգիստ քուն պարգեւում, այնպէս էլ լաւ գործածուած կեանքն է պարգեւում հանգիստ մահ։



Անթուան Դը Սէնթ-Էքզիւպերի

«Բարի օր», ասաց փոքրիկ իշխանը։ «Բարի օր», ասաց վաճառականը։ Դա մի վաճառական էր, որ վաճառում էր կատարելագործուած հաբեր, որոնք յագեցնում էին ծարաւը։ Շաբաթուայ մէջ բաւական էր կուլ տալ մէկ հաբ եւ այլեւս չէր զգացուի ջուր խմելու կարիքը։ «Ինչո՞ւ ես վաճառում այդ հաբերը», հարցրեց փոքրիկ իշխանը։ «Ժամանակի մի մեծ խնայում է սա», ասաց վաճառականը։ «Մասնագէտները հաշուարկներ են կատարել։ Շաբաթուայ ընթացքում խնայւում է յիսուներեք րոպէ»։ «Իսկ ի՞նչ էք անելու այդ յիսուներեք րոպէն»։ «Կարող ես անել ի՛նչ ուզում ես»։ «Ես», ասաց փոքրիկ իշխանը, «եթէ յիսուներեք րոպէ ունենայի, հանդա՜րտ քայլերով կ\'ուղղուէի դէպի մի աղբիւր»։