Հեղինակի խօսք



Սբ. Էդիթ Շթայն

Ով փնտրում է ճշմարտութիւնը, փնտրում է Աստծուն. կարեւոր չէ, թէ ինքը դրան գիտակից է, թէ ոչ։



Սբ. Իսահակ Նինուէացի

Սա է նշանը, որով ճանաչւում են նրանք, ովքեր հասել են կատարելութեանը. նոյնիսկ եթէ օրեկան տասն անգամ նետուեն կրակի մէջ ի սէր մարդկանց, դա նրանց չի գոհացնի: Այն է, ինչ Մովսէսն ասում է Աստծուն. «Եթէ ներելու ես նրանց մեղքը, ների՛ր: Եթէ ոչ, ուրեմն իմ անունն էլ ջնջիր այն գրքից, որ գրել ես» (Ել 32, 31): Նաեւ այն է, ինչ ասում է երանելի Պօղոս Առաքեալը. « [...] Քրիստոսից հեռացած, երդումով խնդրում էի ինքս իսկ նզովք լինել իմ եղբայրների եւ մարմնով ազգակիցների համար [...] » (Հռմ 9, 3): [...] Եւ մանաւանդ Աստուած Ինքը, Տէրը, այնքա՜ն սիրեց Իր արարածներին, որ Իր սեփական Որդուն յանձնեց խաչի մահուան: «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ նրա համար մահուան յանձնեց Իր Միածին Որդուն» (Յվհ 3, 16): [...] Այսպէս նաեւ Սրբերը, [...] Աստծուն նմանուելով, բոլորի վրայ հեղում են իրենց սիրոյ գերառատութիւնը:



Սբ. Իսահակ Նինուէացի

Եղբայրս, սա եմ պատուիրում քեզ. «Որ քեզնում կարեկցանքի կշիռն այնքան դէպի իր կողմը քաշի կշէռքը, մինչեւ որ դու սրտումդ կը զգաս միեւնոյն կարեկցանքը, որն Աստուած ունի աշխարհի նկատմամբ»:



Հենսբուրգ

Ամենակարեւոր ու ամենաարժէքաւոր բանը, որ մի տղամարդ կարող է անել իր զաւակների համար, դա նրանց մայրիկին սիրելն է։



Անանուն Հեղինակ

Ճշմարիտ նուիրելն այն է, երբ նուիրողը նոյնքան երջանիկ է, որքան ստացողը, եւ երբ վերանում է նուիրելու եւ ստանալու միջեւ սահմանագիծը։



Օլիվիէ Քլեման

Խաչի, այսինքն՝ մեր հանդէպ Աստծոյ անսահման սիրոյ շուրջ ջերմ խորհրդածութիւնը մեր մէջ հալեցնում է ոխի, քինախնդրութեան, ատելութեան զգացումները: Աստծուց ստացուած ներման անհունութեան դիմաց, ասում է Աւետարանը, ինչպէ՞ս կարող ենք չներել մեր հերթին: Եւ ինչպէ՞ս կարող ենք ստանալ Աստծոյ ներումը, եթէ ինքներս չենք ներում ուրիշներին: «Ների՛ր մեզ մեր մեղքերը, ինչպէս եւ մենք ներում ենք մեր հանդէպ մեղանչածներին», աղօթում ենք «Հայր մեր»ի մէջ:



Օգուստէն Քօշի

Սիրեցի կեանքը՝ Աստծուն փնտրելու համար։ Այժմ սիրում եմ մահը՝ Նրան գտնելու համար։



Սուրբ Օգոստինոս

Ով սիրում է, չի յոգնում. իսկ եթէ յոգնում է, սիրում է նաեւ յոգնութիւնը։



Սբ. Յովհան Ոսկեբերան

Տէրը մեզ սովորեցնում է միասին աղօթել մեր բոլոր եղբայրների համար։ Յիրաւի, Նա չի ասում Հայր «իմ», որ երկնքում ես, այլ՝ Հայր «մեր», որպէսզի մեր աղօթքը միայն մէկ սրտից բարձրանայ Եկեղեցու ամբողջ Մարմնի համար։



Նիկոլաս Գ. Դաւիլա

Պէտք է սովորենք թիկունք կանգնել մեզ սիրելի անձանց իրենց սխալների մէջ, սակայն՝ առանց դառնալու մեղսակիցներ։



Սբ. Մաքսիմոս Խոստովանող

Տիրոջ պատուիրանների ամբողջ նպատակը հոգին դուրս քաշելն է քաոսից եւ ատելութիւնից, հասցնելու համար Իր եւ մերձաւորի հանդէպ սիրոյն: Այստեղից է կայծակի նման փայլատակում սուրբ ճանաչողութիւնը:



Սբ. Մաքսիմոս Խոստովանող

Եթէ կամենում ես պահպանել սէրն այնպէս, ինչպէս Աստուած է դա պահանջում, մի՛ թող, որ եղբայրդ քնելու գնայ քո հանդէպ դառնութեան զգացումով, իսկ դու, քո հերթին, սենեակդ մի՛ քաշուիր նրա հանդէպ դառնացած, այլ՝ գնա՛, հաշտուիր եղբօրդ հետ եւ կը գաս մաքուր խղճով ու եռանդուն աղօթքով Քրիստոսին նուիրաբերելու սիրոյ ընծան:



Գուստաւ Թիբոն

Որեւէ երջանկութիւն, որ չի ծնում մի պարտականութիւն, կա՛մ նուազում է, կա՛մ էլ՝ ապականւում։



Սբ. Երանոս Լիոնցի

Եւան, սատանայի խօսքերից մոլորուելով, անհնազանդ գտնուեց աստուածային խօսքին եւ հեռացաւ Աստծուց։ Մարիամը, հրեշտակի աւետիսով առաջնորդուելով, հնազանդուեց աստուածային խօսքին եւ արժանացաւ Աստծուն իր արգանդում կրելու։ Եւան համաձայնուեց գայթակղութեանը եւ անհնազանդ գտնուեց. Մարիամը համաձայնուեց Աստծոյ խօսքին եւ հնազանդուեց։ Այդպիսով կոյս Մարիամը կարողացաւ դառնալ կոյս Եւայի փաստաբանը։



Անանուն Հեղինակ

Կարելի չէ Աստծոյ մասին խօսել սովորութեան ուժով, այլ միմիայն՝ սիրոյ։