Հեղինակի խօսք



Սբ. Յովհաննէս Քսաներեքերորդ Պապ

Դնենք հպարտութիւնը մեր ոտքերի տակ եւ կը լինենք ազատ, խաղաղ ու եղբայրական. կը լինենք մարդիկ, որ ապրում եւ վկայում են Քրիստոսի Յարութիւնը։



Կարդինալ Ջանֆրանկո Ռաւազի

Եկեղեցին պէտք է Խաչեցեալ Քրիստոսի հետ լինի, ուստի՝ բոլոր խաչուածների հետ, նուաստացուածների, տկարների, հարստահարուածների։ Եկեղեցու յաղթանակն աշխարհային չէ, ինչպէս միջնադարեան որոշ որմնանկարներ պատկերում են, այլ՝ Խաչի խոնարհ ու տառապագին յաղթանակը, որն է միակ ազատարար ու փրկարար յաղթանակը։



Սբ. Յովհաննէս Բոսկո

Մարդկանց հետ աշխատելու իմ նշանաբանն է. «Հաց, աշխատանք եւ Երկնային Արքայութիւն»։



Ռոմանո Գուարդինի

Հնարաւոր չէ բաժանել ճշմարտութիւնը սիրուց։ Աստուած միայն ճշմարտութիւն չէ, այլ նաեւ՝ սէր։ Նա բնակւում է միմիայն սիրուց բխող ճշմարտութեան մէջ։



Սբ. Յովհաննէս Կղիմաքոս

Պատահում է, որ մինչ աղօթում ենք, եղբայրներից ինչ որ մէկը գալիս է մեզ այցելութեան: Այդպիսի դէպքում պէտք է ընտրենք. կա՛մ դադարեցնել մեր աղօթքը, կա՛մ վշտացնել մեր եղբօրը, հրաժարուելով պատասխանել նրան: Բայց սէրն աւելի մեծ է, քան աղօթքը. աղօթքը առաքինութիւններից մէկն է, մինչդեռ սէրն իր մէջ բովանդակում է բոլոր առաքինութիւնները միասին:



Ֆրանկո Դէլպիանո

Իրական քրիստոնեան միշտ լաւատես է։ Հակառակ ամէն ինչի եւ ամէն դէպքում։ Դրա պատճառն այն է, որ Քրիստոսը յարութիւն է առել։ Նրա մահուան եւ յարութեան մէջ ընկղմուած, ամէն օր յարութիւն ենք առնում։



Սբ. Թերեզա Յիսուս Մանկան

Ուզում եմ շատ ու շատ ապրել, Տէր, եթէ Քո կամքը դա է. կամ էլ շուտով ճախրել դէպ\'Երկինք, եթէ հաճելի է Քեզ։ Սէրը, հուրն այս երկնային, սպառում է ինձ միշտ։ Ի՞նչ կարեւորութիւն ունեն կեանքն ու մահը. իմ միակ բերկրանքը սէրդ է։



Ֆրանչեսկո Բիզինէլլա

Լինել մարդկանց ընդունող՝ նշանակում է մահանալ ինքներս մեր համար, որպէսզի ապրենք ուրիշների համար։ Մարդիկ մեր՝ մեռածներիս անձերում կը գտնեն կենդանի Յիսուսին։



Անապատի Հայրերի կեանքից

Աբբա Թէոդորոս Ֆերմացին ասաց. «Այսքա՜ն մեծ ուրիշ առաքինութիւն գոյութիւն չունի, որքան չարհամարհելը»:



Ժաք Մարիտէն

Նրանք, ովքեր կարծում են, թէ չեն հաւատում Աստծուն, իրականում ենթագիտակցօրէն հաւատում են Նրան, քանի որ նա, ում գոյութիւնն իրենք ժխտում են, Աստուած չէ, այլ ուրիշ ինչ որ մի բան։



Սբ. Իսահակ Նինուէացի

Հարց. – Իսկ ե՞րբ մարդը կարող է իմանալ, որ իր սիրտը հասել է մաքրութեանը: Պատասխան. – Երբ նկատում է, որ բոլոր մարդիկ բարի են, եւ մարդկային ոչ մի էակ նրան անմաքուր ու արատաւոր չի թւում, այդ ժամանակ ճշմարտապէս մաքուր է իր սրտում:



Ա. Քարմիշէլ

Կարող ես տալ առանց սիրելու, բայց չես կարող սիրել առանց տալու։



Օլիվիէ Քլեման

Յիսուսը, տաբուներն ու արգելքները խզելով, սեղան էր նստում մաքսաւորների ու պոռնիկների հետ, որպէսզի նրանց լաւագոյնս արտայայտէր Իր սէրը: Սիրել նրան, ով միւսների կողմից արհամարհուած է, նշանակում է յայտնել նրան, թէ նա որքա՜ն սիրուած է Աստծոյ կողմից, եւ թէ ինչպէ՛ս նա աւելի թանկարժէք է, քան աշխարհն ամբողջ: Նշանակում է, թերեւս, թոյլ չտալ, որ նա ատի ինքն իրեն:



Մարիո Մելացցինի

Առաջ ուզում էի բուժել իմ հիւանդներին, այժմ ուզում եմ խնամել նրանց։



Անապատի Հայրերի կեանքից

Աբբա Մակարի մասին ասում էին, որ – ինչպէս գրուած է Աստուածաշնչում – դարձել էր աստուած երկրի վրայ, որովհետեւ ինչպէս Աստուած պաշտպանում է աշխարհը, այդպէս էլ Աբբա Մակարն էր թաքցնում յանցանքները, որ տեսնում էր, կարծես չէր տեսնում, եւ յանցանքները, որոնք լսում էր, կարծես չէր լսում: