Հեղինակի խօսք



Ժուբերթ

Մարդիկ միւս մարդկանց նկատմամբ արդար են միայն այն դէպքում, երբ նրանց սիրում են։



Անապատի Հայրերի կեանքից

Եղբայրներից մէկը հարցրեց ծերերից մէկին. «Ի՞նչ բարիք կարող եմ գործել, որպէսզի յաւիտենական կեանքն ունենամ»: Պատասխանեց. «Միայն Աստուած գիտի, թէ ո՛րն է բարի: Բայց ես լսել եմ, որ ինչ որ մէկն այս հարցը տուել է Մեծն Աբբա Նիստերիոսին, Աբբա Անտոնի ընկերոջը, եւ նա այս պատասխանն է տուել. \'\'Բոլոր բարի գործերն իրար նման չեն: Յիրաւի, Աստուածաշունչը պատմում է, որ Աբրահամը գործադրում էր հիւրընկալութիւնը, եւ Աստուած իր հետ էր. որ Եղիան սիրում էր աղօթել միայնակ, եւ Աստուած իր հետ էր. որ Դաւիթը խոնարհ էր, եւ Աստուած իր հետ էր: Ուստի, արա՛ այն ամէնն, ինչը որ հոգիդ կամենում է անել Աստծոյ կամքի համաձայն, եւ պահպանիր սիրտդ\'\'»:



Հայր Էլիգիոս

Աշխարհիկ կեանքն ապրել եմ եւ ճանաչում եմ. ամենախենթ ու ամենադժբախտ կեանքն է, որ կարելի է երեւակայել։ [Աշխարհիկ = աշխարհին տրուած, աշխարհի մտայնութեամբ, առանց հոգեւորի ապրող]



Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բերդեաեւ

Դժոխքի գաղափարը պաշտպանւում է ո՛չ թէ դատաստանի կամ Աստծոյ պատիժի տեսանկիւնից դիտուած, այլ՝ մարդու ազատութեան։ Աստուած չի կարող փրկել մարդուն ընդդէմ նրա կամքի եւ չի կարող ստիպել նրան, որ Արքայութիւն մտնի։ Մարդն ազատ է ընտրութիւն կատարելու Աստծուց դուրս տառապանքների եւ Աստծոյ մէջ երանութեան միջեւ։ Մարդը, որոշակի առումով, դժոխքի իրաւունքն ունի. որովհետեւ ազատ է։



«Նմանութիւն Յիսուս Քրիստոսի» գրքից

Ի՞նչ կարող է տալ քեզ աշխարհն առանց Յիսուսի. ապրելն առանց Յիսուսի՝ անտանելի դժոխք է, իսկ ապրելը Յիսուսի հետ՝ երջանկութիւնն է դրախտի։ Յիսուսին գտնողը անհուն գանձ է գտնում, մի գերազանց բարիք։ Իսկ ով կորցնում է Յիսուսին, կորցնում է ամէն բան, աւելի՝ քան եթէ ամբողջ աշխարհը կորցրած լինէր։ Ապրելն առանց Յիսուսի՝ լրումն է չքաւորութեան։ Յիսուսի հետ ապրելն է ամենամեծ հարստութիւնը։ Մեծ հմտութիւն է Յիսուսի հետ երկխօսել կարողանալը, նաեւ մեծ իմաստութիւն՝ Նրան մեր սրտերում յարատեւ անմեկնելի պահելու ձեւն իմանալը։ Եղիր խոնարհ ու խաղաղասէր, եւ Յիսուսը կը բնակուի հոգուդ մէջ։ Եղիր աստուածապաշտ ու հեզաբարոյ, եւ Յիսուսը քո մօտ կը մնայ։ Առանց ընկերոջ չես կարող երջանիկ ապրել, բայց եթէ ընկերդ Յիսուսն Ինքը չէ, տխուր ես մնալու միշտ եւ յուսախաբ։ Բոլոր սիրելիների մէջ՝ թող Յիսուսը միայն լինի քո ամենասիրելին։ Սիրիր միւսներին յանուն Յիսուսի, իսկ Յիսուսին՝ Ինքն Իր համար։ Իրե՛ն միայն սիրիր ամբողջ սրտով, որովհետեւ Ինքն է միակ բարի ու հաւատարիմ ընկերը։ Յիսուսի մէջ, Յիսուսի համար սիրիր ընկերներիդ ու թշնամիներիդ, եւ աղօթիր բոլորի համար, որպէսզի բոլորն էլ սիրեն ու ճանաչեն Նրան։ Թող Յիսուսը միայն բնակուի քո եւ բարի կամք ունեցող բոլոր անձանց սրտերում։



Թոմաս Մերթոն

Թագաւորները, բռնատէրերն ու աշխարհի հզօրները իրենց գործը կատարում են մեծ աղմուկով, ճառախօսութիւններով, թմբուկներով, բարձրախօսներով, շեփորներով եւ ռումբերի փոթորիկներով։ Աստուած, մինչդեռ, Իր գործերը կատարում է լռութեամբ։



Սբ. Էդիթ Շթայն

Միշտ մտածել եմ, – եւ թերեւս շատ յանդուգն միտք է, – որ Մարդեղութեան խորհուրդն աւելի մեծ է, քան Յարութեան խորհուրդը։ Որովհետեւ երբ Աստուած դառնում է մանուկ, ... ապա՝ պատանի, ... ապա՝ հասուն մարդ, ... երբ մահանում է, ա՛յլ բան չի կարող անել, քան միայն՝ յարութիւն առնել։



Ալֆրէդ Մոննին

Արսի ժողովրդապետ Սբ. Ժան-Մարի Վիաննէն հոգիներին տպաւորում, հոգիները լուսաւորում, յուզում, կերպարանափոխում էր ո՛չ թէ շնորհիւ իր խօսքի հրապուրիչ ձեւի եւ պերճախօսութեան հնարքների, այլ՝ այն կրակի, որ ճառագում է առաքեալի սրտից ու աչքերից։



Անանուն Հեղինակ

Մի՛ ասա Աստծուն, թէ որքա՜ն մեծ է խնդիրդ, այլ ասա՛ քո խնդրին, թէ որքա՜ն մեծ է քո Աստուածը։



Սուրբ Օգոստինոս

Ի՞նչ իմաստ ունի ձայնի գոչիւնը, երբ սիրտը լռում է։



Յովհաննէս Պօղոս Առաջին Պապ

Օրն առանց աղօթքի՝ կորած օր է։



Ֆրանսուա Դը Սալինյաք Դը Լա Մոթ-Ֆենելոն

Կեղծաւորները չեն գոհանում ուրիշ շատերի նման չարագործ լինելով. կամենում են նաեւ բարի երեւալ, եւ իրենց կեղծ առաքինութեամբ այնպէս են անում, որ մարդիկ այլեւս չեն համարձակւում վստահել նաեւ անկեղծ առաքինութեանը։



Կարդինալ Ջանֆրանքո Ռաւազի

Մարիամի երկինք Վերափոխումը յոյսի մի պատգամ է, ուղղուած՝ բարութեանը, որը սահմանուած է գերակշռելու. կեանքին, որը ոչնչացնելու է մահուանը. աղքատութեանը, որը գահընկեց է անելու հպարտներին, հզօրներին ու հարուստներին։ Ճակատամարտի դաշտում ենք եւ պէտք է ընտրենք կռուել բարու, կեանքի, աղքատութեան կողմից, այնպէս՝ ինչպէս վարուեց Մարիամը։



Նովէլլո Պեդերցինի

Քահանան ամենասիրուած եւ միաժամանակ ամենաչհասկացուած անձն է, ամենափնտրուածն ու ամենամերժուածը։ Ամենաքննադատուած անձն է, քանի որ իր անձնական օրինակով պէտք է վկայի իր կողմից տրուող պատգամի ճշմարտացիութեանը։ Նա համընդհանուր եղբայրն է, որի պաշտօնն է միայն ծառայել, առանց ոչինչ պահանջելու։ Եթէ սուրբ է, նրան մոռացութեան ենք մատնում, կարծես գոյութիւն անգամ չունի։ Եթէ միջակ է, արհամարհում ենք։ Եթէ վեհանձն է, շահագործում ենք։ Եթէ \'\'շահախնդիր\'\' է, քննադատում ենք։ Եթէ կարիքի մէջ ենք, խեղճի հոգին հանում ենք։ Եթէ կարիքներն անցնում են, նրան իսկոյն մոռանում ենք։ Եւ միմիայն երբ լիովին զրկւում ենք նրա ներկայութիւնից, հասկանում ենք, թէ որքան անհրաժեշտ էր մեզ ու թանկագին։



Աուգուստ Բերձ

Աստուա՜ծ, անսահման գեղեցկութիւն, Դու գեղեցկութեանդ մեծվայելչութիւնը սփռել ես ծաղիկների, աստղերի, բնութեան գոյների խաղի, մարդկանց դէմքի ու կերպարանքի վրայ։ Դու տուել ես մեզ աչքեր, որպէսզի Քո այս մեծվայելչութիւնն ընկալենք արարչութեան եւ մարդկային արուեստի ու գեղեցկութեան ըմբռնման միջոցով։ Դու մեզ տուել ես նաեւ նրանցից մեկնելով դէպի Քեզ վերամբառնալու կարողութիւնը։ Աստուա՜ծ, անսահման գեղեցկութիւն, պարգեւիր մեզ Սուրբ Հոգու աչքերը, որպէսզի ընդունակ լինենք ճանաչել Քեզ այն ամէն ինչում, ինչը որը գեղեցիկ է աշխարհում։