Հեղինակի խօսք



Անսելմ Գրիւն

Անշուշտ կարող է պատահել, որ աշխարհում հարուստներն աւելի հիացմունք ու պատիւներ ստանան, քան մենք։ Բայց այն, ինչն իսկապէս կարեւոր է, մարդկանց առաջ երեւալը չէ։ Իմ հոգին ձգտում է հասնելու Տիրոջ բարեհաճութեանը։ Եւ իմ համար Տիրոջ այս բարեհաճութիւնը շա՜տ աւելի կարեւոր է, քան մարդկանց բարեհաճութիւնը։



Անսելմ Գրիւն

Պահապան Հրեշտակն իմ ներանձնական ընկերն է, որ առաջնորդում է ինձ եւ ինձ դուրս է բերում ծուռ ու սխալ ճանապարհներից, որ իմ կողքին է մնում, նաեւ երբ ուրիշներն ինձ տանել չեն կարողանում, նաեւ երբ ես ինքս էլ անտանելի եմ դառնում ինքս իմ համար։ Հայեացքը, որ ուղղում եմ Պահապան Հրեշտակիս, որ թիկունք է կանգնում ինձ, որ միշտ մնում է իմ կողքին, նաեւ երբ ես ինքս լքում եմ իմ սեփական անձը, տրտմութիւնը կամաց կամաց փոխակերպում է վստահութեան։



Խալիլ Ժըբրան

Աստուած թող ազատի ինձ այն իմաստութիւնից, որն անընդունակ է արտասուելու. այն փիլիսոփայութիւնից, որն անընդունակ է ծիծաղելու. հպարտութիւնից, որն անընդունակ է խոնարհուելու մանուկների առաջ։



Անապատի Հայրերի կեանքից

Աբբա Թէոդորոս Ֆերմացին դիմեց Աբբա Պամբոյին. «Մի խօսք ասա ինձ»: Եւ նա մեծ տքնութեամբ ասաց. «Գնա՛, Թէոդորոս, կարեկից եղիր բոլորին: Կարեկցանքը մեզ թոյլ է տալիս ազատօրէն խօսել Աստծոյ հետ»:



Անանուն ֆլամանդացի

Քրիստոսն այլեւս ձեռքեր չունի երկրի վրայ, ունի միայն մեր ձեռքերը՝ իրականացնելու համար Իր գործն այսօր։ Քրիստոսն այլեւս ոտքեր չունի երկրի վրայ, ունի միայն մեր ոտքերը՝ մարդկանց Իր արահետներով առաջնորդելու համար։ Քրիստոսն այլեւս ձայն չունի երկրի վրայ, ունի միայն մեր ձայնը՝ այսօրուայ մարդկանց Իր մասին պատմելու համար։ Քրիստոսն այլեւս ուժեր չունի երկրի վրայ, ունի միայն մեր օգնութիւնը՝ մարդկանց դէպի Ինքը վերադարձնելու համար։ Մե՛նք ենք միակ Աստուածաշունչը, որը ժողովուրդները տակաւին ընթերցում են. Աստծոյ միակ պատգամն ենք, որ գրուած է գործերով ու խօսքերով։



Խորխէ Լուիս Բորգէս

Վիճաբանում ենք ո՛չ թէ մեր իրաւացիութիւնը փաստելու, այլ՝ հասկանալու համար։



Սբ. Դորոթէոս Գազացի

Այսպիսին է սիրոյ բնութիւնը. երբ հեռանում ենք [շրջանի] կենտրոնից եւ չենք սիրում Աստծուն, նոյնքան հեռանում ենք մերձաւորից: Իսկ եթէ սիրում ենք Աստծուն, որքան սիրով մօտենում ենք Նրան, նոյնքան սիրով միանում ենք մերձաւորին:



Արխիմանդրիտ Իօանն

Դու շատ ես կարդացել, բայց չես հասկացել ամենակարեւորը. հոգեւոր կեանքը սկսւում է սեփական անձը եւ սեփական թշուառութիւնները ճանաչելուց, այլ ո՛չ թէ՝ շուրջիններին քննադատելուց։ Ամենակործանարար մեղքերը գայթակղեցնելն ու քննադատելն են։ Ուրեմն սկսիր մեծ ուշադրութեամբ հոգուցդ եւ սրտիցդ վտարել այդ երկու մեծ մեղքերը։



Սբ. Երանոս Լիոնցի

Անհնարին է ապրել առանց կեանքի, եւ չկայ կեանք առանց Աստծոյ հետ մասնակցութեան, իսկ այդ մասնակցութիւնը կայանում է Աստծուն տեսնելու եւ Նրա լիութիւնը վայելելու մէջ:



Սիմէոն Աթէնացի

«Չափազանց խոցելի»՝ հոգեւոր կեանքում նշանակում է «չափազանց փառասէր»։