Հեղինակի խօսք



Մադլէն Դելբրել

Չպէտք է շփոթել փրկութեան Աւետարանը երջանկութեան դեղատոմսերի հետ, որոնց համար աշխարհը խենթանում է։



Անապատի Հայրերի կեանքից

Եղբայրներից մէկը հարցրեց Հայր Անտոնին. «Ի՞նչ պէտք է անեմ, որպէսզի հաճոյ լինեմ Աստծուն»։ Ծերը նրան պատասխանեց. «Արա՛ այն, ինչ պատուիրում եմ քեզ. Ուր էլ գնաս, միշտ Աստծուն ունեցիր աչքերիդ առաջ. Ինչ էլ անես կամ ասես, հիմնուիր Աստուածաշնչի վկայութեան վրայ. Ուր էլ բնակուես, շուտով մի՛ հեռացիր, կամ մի՛ հեռացիր ընդհանրապէս։ Պահիր այս երեք պատուիրանները եւ կը փրկուես»։



Սբ. Եօզէմարիա Էսքրիվա («Ճանապարհ» գրքից)

Զիջողութիւնը ստոյգ նշանն է այն բանի, որ ճշմարտութեան կողմը չենք։ – Մի մարդ, որ զիջողութիւններ է անում գաղափարականի, պատուի կամ Հաւատքի հարցերում, դա մի մարդ է ... առանց գաղափարականի, առանց պատուի եւ առանց Հաւատքի։



«Նմանութիւն Յիսուս Քրիստոսի» գրքից

Միշտ յիշիր այս փոքրիկ, բայց փորձառութեամբ փաստուած ասացուածքը. «Թո՛ղ ամէն բան եւ կը գտնես ամէն բան»։ Հեռացրու քեզնից ցանկասիրութիւնդ եւ կը գտնես հանգիստ։ Լա՛ւ խորհրդածիր այս խօսքերի շուրջ. երբ սկսես գործադրել, կ\'ըմբռնես՝ թէ արտայայտուած իմաստը որքա՜ն իրական է։



Սբ. Դորոթէոս Գազացի

Որքան աւելի օգտակար ենք մերձաւորին, այնքան աւելի օգտակար ենք Աստծուն։



Միշէլ Էչէվերրի

Վաղ թէ ուշ հասկանում ենք, որ կեանքում հոգեւոր հարցերը դառնում են միակը, որոնք իրօք կարեւոր են։



Ֆրանսուա Վարիյոն

Կարծում եմ, կարող եմ ասել. Աստուած խոնարհ է։ Երբ ես աղօթում եմ, դիմում եմ մէկին, ով ինձնից աւելի խոնարհ է։ Երբ ես խոստովանում եմ իմ մեղքերը, ինձնից աւելի խոնարհ մէկից եմ ես ներում հայցում։ Եթէ Աստուած խոնարհ չլինէր, ես կ\'երկմտէի կոչելու Նրան անսահմանօրէն սիրող։ Խորհրդի այս տեսանկիւնն է, որ ինձ համոզում է յայտնութեան ճշմարտութեանը։



Օլիվիէ Քլեման

Եկեղեցին անդադար հաստատել է, որ մարդկութիւնն իր գերագոյն կատարելութեանը հասել է յանձինս մի կնոջ, Մարիամի, որն «ամենայն ճշմարտութեամբ մայր է բոլոր նրանց՝ ովքեր ապրում են Աւետարանի համաձայն» (Սբ. Նեղոս Անկիւրացի): Միմիայն Մարիամի համաձայնութեամբ հնարաւոր դարձաւ Մարդեղութիւնը: Եւ Նիկոլաս Քաբասիլասը հասնում է մինչեւ իսկ հաստատելու, որ Աստուած ստեղծեց մարդկութիւնը՝ Իրեն մայր գտնելու համար: Մի խորհրդաւոր համապատասխանութիւն գոյութիւն ունի կանացիութեան եւ Սուրբ Հոգու հիմնական պարգեւների միջեւ: «Դուք պէտք է պատուէք սարկաւագուհիներին, որովհետեւ նրանք պահում են Սուրբ Հոգու տեղը», յանձնարարում են Առաքելական Բացատրութիւնները (Առաքելական Սահմանադրութիւն, II, 26, 6): Սուրբ Հոգու նման, որի գործողութիւնները մայրական են տարբեր տեսանկիւններից դիտուած («ruach» բառը եբրայեցերէնում նաեւ իգական է), իր կանացիութիւնն իսկապէս ապրող կինն ընդունակ է կենագործելու:



Անանուն Հեղինակ

Հայր մերը քրիստոնէական ամենահիմնական աղօթքն է։ Ուստի Տէրունական այս աղօթքից մեկնելով է, որ կարող ենք հասկանալ, թէ ի՛նչ է աղօթքը։ Քրիստոնեայի աղօթքը դա Աստծոյ հետ զրուցելն է, Նրան անուանելով Աբբա, Հայր, Հայրիկ։



Անդրէ Ժիդ

Կարծում եմ, որ հիւանդութիւնները բանալիներ են, որ կարող են մեր առաջ որոշ դռներ բացել։ Յամենայն դէպս, կայ առողջութեան մի վիճակ, որ մեզ թոյլ չի տալիս հասկանալ ամէն բան։



Սբ. Բարսեղ Մեծ

Ի՞նչ պատասխան ես տալու Աստծուն, դու, որ զարդարում ես քարեղէն պատերը, բայց չես հագցնում քո նմանին։ Դու, որ սիրում ես քո ձիուն, բայց մի հայեացք անգամ չունես խեղճութեան մէջ յայտնուած եղբօրդ համար։ Դու, որ փտեցնում ես ցորենդ, բայց չես կերակրում սովեալներին։



Մահաթմա Գանդի

Ով չի հսկում իր զգայարանների վրայ, նման է անղեկ առագաստանաւով նաւորդողի, որի վախճանը հազար կտոր լինելով նաւաբեկուելն է, հազիւ կը հանդիպի առաջին իսկ խութին։



Երանելի Շառլ Դը Ֆուքո

Որքան աւելի բան պակասի ինձ աշխարհում, այնքան աւելի կը գտնեմ Միակ հարկաւորը։



Ալ Քաշանի

Ճշմարիտ Գեղեցկութիւնը եւ ճշմարիտ Սէրը Աստուած Ինքն է, եւ այն ամէնը, որ գեղեցիկ եւ սիրելի է աշխարհում, Իր գեղեցկութեան եւ Իր սիրոյ արտայայտութիւններն են։ Ամէն անգամ, որ տեսնում ենք գեղեցիկ կամ սիրահարուած մի էակ, մեր բանականութեան աչքերը պէտք է սեւեռենք Աստծոյ վրայ եւ դէպի Նա վերամբարձենք մեր ներաշխարհը։



Սուրբ Օգոստինոս

Աստուած քեզ ստեղծեց առանց կարծիքդ հարցնելու, բայց քեզ չի փրկի, եթէ չտաս համաձայնութիւնդ։