Հեղինակի խօսք



Անանուն Հեղինակ

Ոչ ոք չի կարող աւելացնել իր հասակը։ Մեր հպարտութիւնների արհեստական կրունկները խաբում են միմիայն մարդկանց։ Աստծոյ առաջ հասնելու ենք բոկոտն։



Սբ. Բարսեղ Կեսարացի

Աստուածաշնչի խօսքերը վաւերական չեն միայն տղամարդկանց համար, քանի որ կանայք եւս հոգու զօրութեամբ պատկանում են Քրիստոսի զօրքին: [...] Բազմաթիւ կանայք ոչնչով չտարբերուեցին տղամարդկանցից եւ նրանցից պակաս չգտնուեցին հոգու պատերազմում, իսկ ոմանք՝ տղամարդկանցից շա՜տ աւելի: [...] Միայն տղամարդիկ չէին հետեւում Յիսուսին, այլ նաեւ կանայք, եւ Նա ընդունում էր հաւասարապէս ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց կողմից ընծայուած օգնութիւնը:



Աւստրիական ասացուածք

Աստուած մեզ տուել է ժամանակը, իսկ աճապարանքի մասին ոչինչ չի ասել։



Մուհամմադ Իքբալ

Աստուած բողոքում է մարդուն. «Ես աշխարհը միեւնոյն կաւից եւ միեւնոյն ջրից ստեղծեցի։ Դու ստեղծեցիր Թաթարներ, Սեւամորթներ, Պարսիկներ։ Ես երկրի ընդերքում մաքրամաքուր պողպատ ստեղծեցի։ Դու ստեղծեցիր թրեր, նիզակներ, հրացաններ։ Դու սառնաշունչ կացիններ ստեղծեցիր ծիլերի ու բողբոջների համար, դու վանդակի մէջ փակեցիր թռչունների մեղեդին»։



ԺԴ. դարի անգլիացի անանուն հեղինակ

Յիսուսի սիրոյ մէջ է, որ կարող ես օգնութիւն գտնել։ Սէրն իր էութեամբ իսկ մասնակցութիւն է։ Սիրի՛ր Յիսուսին, եւ այն ամէնն, ինչ Նա ունի, կը լինի քոնը։



Անապատի Հայրերի կեանքից

Եղբայրներից մէկը եօթը տարի շարունակ աղօթել էր Աստծուն եւ խնդրել էր բժշկութիւններ կատարելու պարգեւաշնորհը։ Ի վերջոյ ստանում է այդ շնորհը, գնում է ծերերից մէկին այցելելու եւ նրան յայտնում է կատարուածը։ Ուրախանալու փոխարէն, ծերը մեծապէս տխրում է ու ասում. «Եթէ կամենում ես ապրել Քրիստոսի համար, գնա՛ եւ եօթը տարի շարունակ աղօթիր Աստծուն, որպէսզի ետ վերցնի քեզնից այդ պարգեւաշնորհը եւ այլեւս չլսի նման աղօթքներդ»։ Եղբայրը վերադառնում է տխուր, որովհետեւ անօգուտ գործով էր զբաղուել եւ այդքան ժամանակ կորցրել։ Հետեւում է ծերունու խորհրդին, աղօթում է՝ մինչեւ որ պարգեւաշնորհը ետ է վերցւում իրենից։ Յայնժամ ճանաչում է խոնարհութեան եւ հռչակաւոր չլինելու շնորհը, եւ փառաւորում է Աստծուն։



«Նմանութիւն Յիսուս Քրիստոսի» գրքից

Յիսուսն ասում է. «Ինչպէս քեզ ոչինչ չի գոհացնում առանց ինձ, այնպէս էլ ինձ հաճելի չեն ընծաներդ, եթէ չես նուիրում անձդ։ Նուիրուի՛ր ինձ եւ նուիրուիր ամբողջովի՛ն։ Միայն այդպիսի դէպքում ընծադ ընդունելի կը լինի»։



Պրիմո Մացցոլարի

Մենք կարող ենք մոռանալ Աստծուն, բայց Աստուած մեզ երբեք չի մոռանում։ Մենք կարող ենք անարգել Աստծուն. միակ բանը, որ Նա կ\'անի, դա մեզ օրհնելն է։



Անանուն Հեղինակ

Աւետարանի ճշմարիտ քարոզչութիւն է, երբ մի մուրացկան մի ուրիշ մուրացկանի ցոյց է տալիս, թէ ուր երկուսով կարող են հաց գտնել։



Ժուբերթ

Մարդիկ միւս մարդկանց նկատմամբ արդար են միայն այն դէպքում, երբ նրանց սիրում են։



Անապատի Հայրերի կեանքից

Եղբայրներից մէկը հարցրեց ծերերից մէկին. «Ի՞նչ բարիք կարող եմ գործել, որպէսզի յաւիտենական կեանքն ունենամ»: Պատասխանեց. «Միայն Աստուած գիտի, թէ ո՛րն է բարի: Բայց ես լսել եմ, որ ինչ որ մէկն այս հարցը տուել է Մեծն Աբբա Նիստերիոսին, Աբբա Անտոնի ընկերոջը, եւ նա այս պատասխանն է տուել. \'\'Բոլոր բարի գործերն իրար նման չեն: Յիրաւի, Աստուածաշունչը պատմում է, որ Աբրահամը գործադրում էր հիւրընկալութիւնը, եւ Աստուած իր հետ էր. որ Եղիան սիրում էր աղօթել միայնակ, եւ Աստուած իր հետ էր. որ Դաւիթը խոնարհ էր, եւ Աստուած իր հետ էր: Ուստի, արա՛ այն ամէնն, ինչը որ հոգիդ կամենում է անել Աստծոյ կամքի համաձայն, եւ պահպանիր սիրտդ\'\'»:



Հայր Էլիգիոս

Աշխարհիկ կեանքն ապրել եմ եւ ճանաչում եմ. ամենախենթ ու ամենադժբախտ կեանքն է, որ կարելի է երեւակայել։ [Աշխարհիկ = աշխարհին տրուած, աշխարհի մտայնութեամբ, առանց հոգեւորի ապրող]



Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բերդեաեւ

Դժոխքի գաղափարը պաշտպանւում է ո՛չ թէ դատաստանի կամ Աստծոյ պատիժի տեսանկիւնից դիտուած, այլ՝ մարդու ազատութեան։ Աստուած չի կարող փրկել մարդուն ընդդէմ նրա կամքի եւ չի կարող ստիպել նրան, որ Արքայութիւն մտնի։ Մարդն ազատ է ընտրութիւն կատարելու Աստծուց դուրս տառապանքների եւ Աստծոյ մէջ երանութեան միջեւ։ Մարդը, որոշակի առումով, դժոխքի իրաւունքն ունի. որովհետեւ ազատ է։



«Նմանութիւն Յիսուս Քրիստոսի» գրքից

Ի՞նչ կարող է տալ քեզ աշխարհն առանց Յիսուսի. ապրելն առանց Յիսուսի՝ անտանելի դժոխք է, իսկ ապրելը Յիսուսի հետ՝ երջանկութիւնն է դրախտի։ Յիսուսին գտնողը անհուն գանձ է գտնում, մի գերազանց բարիք։ Իսկ ով կորցնում է Յիսուսին, կորցնում է ամէն բան, աւելի՝ քան եթէ ամբողջ աշխարհը կորցրած լինէր։ Ապրելն առանց Յիսուսի՝ լրումն է չքաւորութեան։ Յիսուսի հետ ապրելն է ամենամեծ հարստութիւնը։ Մեծ հմտութիւն է Յիսուսի հետ երկխօսել կարողանալը, նաեւ մեծ իմաստութիւն՝ Նրան մեր սրտերում յարատեւ անմեկնելի պահելու ձեւն իմանալը։ Եղիր խոնարհ ու խաղաղասէր, եւ Յիսուսը կը բնակուի հոգուդ մէջ։ Եղիր աստուածապաշտ ու հեզաբարոյ, եւ Յիսուսը քո մօտ կը մնայ։ Առանց ընկերոջ չես կարող երջանիկ ապրել, բայց եթէ ընկերդ Յիսուսն Ինքը չէ, տխուր ես մնալու միշտ եւ յուսախաբ։ Բոլոր սիրելիների մէջ՝ թող Յիսուսը միայն լինի քո ամենասիրելին։ Սիրիր միւսներին յանուն Յիսուսի, իսկ Յիսուսին՝ Ինքն Իր համար։ Իրե՛ն միայն սիրիր ամբողջ սրտով, որովհետեւ Ինքն է միակ բարի ու հաւատարիմ ընկերը։ Յիսուսի մէջ, Յիսուսի համար սիրիր ընկերներիդ ու թշնամիներիդ, եւ աղօթիր բոլորի համար, որպէսզի բոլորն էլ սիրեն ու ճանաչեն Նրան։ Թող Յիսուսը միայն բնակուի քո եւ բարի կամք ունեցող բոլոր անձանց սրտերում։



Թոմաս Մերթոն

Թագաւորները, բռնատէրերն ու աշխարհի հզօրները իրենց գործը կատարում են մեծ աղմուկով, ճառախօսութիւններով, թմբուկներով, բարձրախօսներով, շեփորներով եւ ռումբերի փոթորիկներով։ Աստուած, մինչդեռ, Իր գործերը կատարում է լռութեամբ։