Սբ. Անսելմոս Աոստացի, « Իսկապե՛ս քո հետ է Տերը »

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Անսելմոս Աոստացու (1033-1109թթ.) « Ճառեր »ից, 52 (PL 158, 955-956)
 
 
[...] Երկինքը, աստղերը, երկիրը, գետերը, ցերեկը, գիշերը և մարդու իշխանությանը ենթարկված կամ նրա կողմից գործածվելուն սահմանված բոլոր արարածներն ուրախանում են, ո՜վ Տիրուհի, որ քո միջոցով որոշակի կերպով հարություն են առել այն փառքին ու պայծառությանը, որ կորցրել էին, և որովհետև ստացել են մի նոր, անճառելի շնորհ։ [...] Ո՜վ շնորհով լի ու գերառատ Կին, յուրաքանչյուր արարած փարթամանում է՝ լիությանդ հորդառատ հորձանքներով ոռոգվելով։ [...]
 
Աստված Մարիամին տվեց Իր Միածին Որդուն, որին Իր ծոցից ծնել էր Իրեն հավասար և որին սիրում էր ինչպես Ինքն Իրեն, և Մարիամից ձևավորեց Որդուն, ո՛չ թե ուրիշ մեկին, այլ՝ միևնույնին, այնպես՝ որ ըստ բնության լիներ Աստծո և Մարիամի ընդհանուր, միակ և միևնույն Որդին։ Աստված ստեղծեց բոլոր արարածներին, իսկ Մարիամը ծնեց Աստծուն. Աստված, որ ստեղծել էր ամեն բան, Ինքն իսկ դարձավ - ինքնակամ - Մարիամի արարածը, և այդպես վերստեղծեց ամեն բան, որ ստեղծել էր։ Եվ մինչ կարողացել էր ստեղծել ամեն բան ոչնչից, դրանց անկումից հետո չկամեցավ նորոգել դրանք առանց Մարիամի։
 
Աստված, հետևաբար, ստեղծված ամեն ինչի Հայրն է, իսկ Մարիամը Մայրն է վերստին ստեղծվածների։ Աստված Հայրն է աշխարհի հիմնման, Մարիամը Մայրն է աշխարհի նորոգման, քանի որ Աստված ծնեց Նրան, որի միջոցով է ստեղծվել ամեն բան, և Մարիամը ծնեց Նրան, որի միջոցով ամեն բան փրկվել է։ [...] Իսկապե՛ս քո հետ է Տերը, որ կամեցավ, որ բոլոր արարածները, և Ինքն էլ նրանց հետ, այսքա՜ն պարտական լինեին քեզ։ [...]